Դա գործնական նշանակություն ունի նաեւ ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու համար
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է ծավալվել: Զուգընթաց դրան, ինքնաբերաբար օրակարգ է մտնում ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը: Դրա լուծումն, ինչ խոսք, չափազանց բարդ հարց է: Սակայն, որքան էլ բարդ լինի, այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն կատարվում են: Ցեղասպանության ժառանգներին ապահովագրական վկայականների դիմաց վճարվող փոխհատուցումը դառնում է դրանց առանձնահատկությունը:
Ինչպես հայտնի է, ամերիկյան «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունը համաձայնել էր 20 մլն դոլար փոխհատուցում վճարել ցեղասպանության ժառանգներին: Ամերիկյան ընկերության օրինակին է հետեւել ֆրանսիական «Աքսան», որը պատրաստվում է վճարել 17 մլն դոլար: Այդ ընթացքում ցեղասպանության ժառանգները փոխհատուցման պահանջով դատական հայց են ներկայացնում գերմանական «Դոյչեբանկի» դեմ:
Ակնհայտ է, որ միջազգային ասպարեզում ցեղասպանության ճանաչումը դրա հետեւանքների վերացման գլխավոր նախապայմանն է: Ինչ վերաբերում է ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում վճարելու ապահովագրական միջազգային ընկերությունների պատրաստակամությանը, ապա դա էլ տարբեր երկրների խորհրդարաններում ընդունված ճանաչման որոշումներն ամրագրելիս միաժամանակ դառնում է հետեւանքների վերացման նախապայման:
Այլ կերպ, եթե փոխհատուցումը կարեւոր է ինչպես ցեղասպանության ճանաչման որոշումներն ամրագրելու, այնպես էլ հետեւանքների վերացման համար, ապա փոխհատուցման համար էլ կարեւոր պետք է համարվի հայ ժողովրդի նյութական կորուստները հաստատող փաստաթղթերի հրապարակումը:
Թերեւս այդ առումով լուրջ ներդրում է Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առթիվ «Ես մեղադրում եմ. գործ թիվ 1.500 000» վերնագրով 2005 թ. Երեւանում ռուսերեն հրատարակված փաստաթղթերի ժողովածուն:
Վարուժան եւ Ժուլիեթ Սալաթյանների, նրանց որդիներ Արամի եւ Հայկի մեկենասությամբ «Մուղնի» հրատարակչությունում հրատարակված ժողովածուն կազմել է Սոնյա Միրզոյանը: 543 էջանոց այս ժողովածուն ունի հայերեն եւ ռուսերեն նախաբան, հավելված, ինչպես նաեւ անվանացանկ: Ժողովածուում ընդգրկված են ՀՀ ազգային արխիվում պահպանվող 511 վկայականներ: Դրանց զգալի մասը դեռեւս 1918 թ. Հովհաննես Թումանյանի անմիջական նախաձեռնությամբ Անտանտի տերությունների խաղաղության կոնֆերանսին ներկայացնելու համար հավաքել էր Առաջին աշխարհամարտի ընթացքում մեր ժողովրդի կրած վնասների չափն ուսումնասիրող բյուրոն:
Վկայականները պարունակում են տուժողի բնակության, կոտորածի երբ, որտեղ եւ ում կողմից իրականացման, շարժական եւ անշարժ գույքային ինչպես քանակական, այնպես էլ գումարային առումներով կորուստների եւ ընտանիքի անդամների մասին ճշգրիտ տվյալներ: Հրապարակվող փաստաթղթերի շրջանակը սահմանափակվում է Վանի, Բիթլիսի, Էրզրումի, մասամբ Խարբերդի վիլայեթներով, իսկ իրադարձությունների ժամանակագրությունըՙ հիմնականում 1914-15 թթ.: Վկայականները հրապարակվել են ռուսերեն բնագրով, բոլորն անխտիր ձեռագրից են:
Ժողովածուի փաստաթղթերը կարող են որպես փաստավավերագրական նյութ օգտագործվել Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրելիս: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի հրատարակած փաստաթղթերի վերոհիշյալ ժողովածուն ցեղասպանության ժառանգների համար ունեցած փոխհատուցման գործնական նշանակությունից բացի ունի նաեւ պատմագիտական մեծ նշանակություն:
Հ. ՉԱՔՐՅԱՆ