«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


Ո՞Վ Է ՔԱՐՈԶՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Կամ` ի՞նչ է բերելու մոտեցող կիրակին

Երբ սահմանադրությունը որպես փաստաթուղթ շրջանառության մեջ դրվեց, այսինքն` ԱԺ արտահերթ նստաշրջանից հետո, ընդամենը մեկ ամիս անց պարզ դարձավ, թե որքան քիչ մարդ կա իշխանության մեջ, ով կխոսի սահմանադրությունից, դրա համար անհրաժեշտ գիտելիք եւ հեղինակություն կունենա, ընդունելի կլինի հասարակության համար, եւ կարեւորը` դրա բարոյական իրավունքը կունենա: Ընթացքում արդեն հրապարակից «հավաքվեցին» այն դեմքերը, որոնք մարդկանց զայրույթն էին հարուցում, որոնք սահմանադրությունը համեմատում էին ամենաաբսուրդ բաների հետ, եւ որոնք չգիտեին պարզապեսՙ ինչ է այդ փաստաթուղթը, ինչո՞վ են այն ուտում: Արդյունքում մնացին մի քանի մարդ, որոնք ուժասպառ են լինում այս հանդիպումից այն հանդիպմանը վազելով, այս «բանավեճից» մյուս ասուլիսին գնալով: Ահա իրականությունը: Այն ժամանակ, երբ խորհրդարան էին թափանցում զանազան փողի տոպրակներ, սրա-նրա գրպանային պատգամավորներ` այսպիսի պահերի մասին չէին հիշում. իսկական օրենսդիրների եւ օրենսգետների պակասը երեւան է գալիս միայն պետության համար վճռորոշ պահերին: Գուցե հենց սա էլ դաս լինի իշխանության եւ առհասարակ ապագայում իշխանություն ձեւավորողների համար` հասկանալու, որ զանազան միջինից ցածր ինտելեկտ ունեցողներին իշխանական կառույցներ եւ խորհրդարան խցկելը նշանակում է հենց սկզբից թուլացնել տվյալ իշխանությունը: (Ծանոթություն. «ընտրել» բառն այս առիթով չհիշել): Իսկ ժողովուրդը ծանր ընտրության առաջ է կանգնելու այս կիրակի: Սահմանադրությունը, որը պետք է պաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը, անցյալ ամիսներին վերածվեց զինատեսակի, որով, միմյանց ձեռքից փոխնիփոխ խլելով` ընդդիմությունն ու իշխանությունը փորձում էին միմյանց դեմ կռվել: Զենք` ատրճանակ, կացին, քար, էլ ինչ կուզեք, բայց ոչ փաստաթուղթ, որ իրավահարաբերություններ է ճշտում, սոցիալապես պաշտպանում, բարոյապես աջակցում: Այս ընթացքում մի վատ մտայնություն էլ ձեւավորվեց, թե սահմանադրական որեւէ հանրաքվե (ներկա եւ ապագա) ոչ թե նրա համար է, որ մեր երկրի գլխավոր օրենքը բարեփոխվի, այլ երկրի իշխանությունը փոխելու առիթ է: Այդ մտայնությունը հետո շատ դժվար է լինելու փոխել: Սահմանադրական քարոզչության պատասխանատուներից մեկի այն միտքը, թե «այո»-ի քարոզիչները խոսում են սահմանադրությունից, «ոչ»-ինըՙ ամեն ինչից, բայց ոչ սահմանադրությունից, թեեւ ճիշտ է, սակայն դա չի նշանակում, որ այդ դեպքում «այո» ասողները կրկնապատկվում են: Առանց ընդդիմախոսի խոսքուզրույցն, ընդհակառակը, մարդկանց զրկում է համեմատելու եւ «այո»-ի օգտին վճիռ կայացնելու հնարավորությունից: Ահա մարդիկ էլ, ՀՀ հասարակ քաղաքացիները, երկու կողմերի առաջարկած խաղի կանոններն ընդունելով` անցած շաբաթներին փորձում էին տեղավորվել որպես խաղացողներ. «ոչ» ասելու էր այն հատվածը, որ սոցիալապես վատ է ապրում, որի ձայնը չեն լսում, որի իրավունքները ոտնահարում են տեղականից մինչեւ վերին իշխանության օղակներ` իրեն մարդ զգալու, իր ձայնը լսելի դարձնելու ակնկալիքով: Իսկ «այո» ասելու են նրանք, ովքեր բան ունեն կորցնելու, տարբեր թելերով կապված են իշխանական կառույցներին եւ «բիզնեսներին»: Սահմանադրությունն այստեղ ոչ մի կապ չունի եւ այս խաղից դուրս մնացածի, անհարկի եկած հյուրի կարգավիճակում է հայտնվել, որին փորձում են հնարավորինս չնկատել: Թվում էր, ամեն ինչ պարզ է, բայց ընդդիմությունը ընթացքից փոխեց խաղի կանոնները` «ոչ»-ը բոյկոտ դարձավ: Հիշում եմ, ինչպես 1996-ի ընտրություններին, երբ ողջ զորամասով ընտրության բերված մի զինվորից ուզում էի ճշտել, թե կարո՞ղ է հրամանատարի ասածով չքվեարկել, տեսա հրամանատարի ակնդետ հայացքից ինչպես կարկամեց զինվորը: Այն ժամանակ որոշեցի նրան հետագա բարդություններից ազատելու համար հարցիս պատասխանելու փորձությանը չենթարկել. գյուղական բնակավայրերում ապրող պոտենցիալ «ոչ» ասողները բոյկոտի մարտավարության հայտարարումից հետո հայտնվում են այդ զինվորի կարգավիճակում: Բացի այդ` նրանք հավասար են դառնում այն անտարբերներին, որոնք թքած ունեն «այո»-ի եւ «ոչ»-ի վրա եւ ընտրատեղամաս չեն գնում երբեք:

Այս բոլորի արդյունքում ծանրանում է ե՛ւ իշխանության, ե՛ւ բոյկոտ քարոզողների գործը. առաջինի խնդիրն անշնորհակալ է` քվեարկողների ընդհանուր թվի 30 տոկոս պետք է ապահովեն, երկրորդի խնդիրն էլ ավելի բարդ է` մարդկանց առաջարկելով ընտրության չգնալ, նրանք պետք է ապացուցեն ընտրված գործելակերպի արդարացիությունը կոնկրետ արդյունքով: Բոլոր դեպքերում այս կիրակի երկու կողմն էլ վերջին տարիներին որդեգրած գործելակերպով շարժվելու վերջին շանսն ունիՙ անկախ հանրաքվեի արդյունքից: Փաթեթի անցնել-չանցնելը նրանց ոչինչ չի տալու: «Այո»-ի դեպքում ընդդիմությունն այլեւս այդ ձեւաչափով եւ լիդերներով գործելու ոչ մի տարբերակ չի ունենա, իշխանությունն էլ, իր քաղաքացիների մի ստվար հատվածի հանրահավաքային (հանրաքվեի օրվա) ակտիվության հետ հաշվի նստելով` գուցե վերջապես մտածի մարդկանց վստահությունը չվայելող պաշտոնյաներից ազատվելու եւ սոցիալական խնդիրներն իրապես լուծելու ուղղությամբ: Քվորումի չապահովումն էլ չի նշանակի, որ ընդդիմությունն ավտոմատ գալու է իշխանության. ժողովուրդը, ճիշտ է, վատ է ապրում, բայց առաջվա ոգեւորությամբ չի գալիս հրապարակներ, հիասթափվել է` որքան էլ Արամ Կարապետյանը հեղափոխության կոչ անի: Հենց վերջինս է սիրում կրկնել. առանց «կրիտիկական զանգվածի» հեղափոխություն չի լինում: Այդ դեպքում թուլացած իշխանությանը ներկայացվող կառավարման բարեփոխման պահանջն առավել հրամայական կդառնա ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4