«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


«ԹՈՂ ՕԾՅԱԼ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՆԱ 1700-ԱՄՅԱ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ»

Ահա այսպիսի մաղթանքով կիրակի օրը դիմեց ժողովրդին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այդ օրը Նորին սրբությունը օծեց Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Սբ. Երրորդություն եկեղեցին: Ապա պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Վստահ ենք, որ մեր ժողովրդի զավակունք իրենց հավատքով, սիրով եւ հանապազօրյա աղոթքով պիտի պայծառացնեն այս նվիրական սուրբ եկեղեցին: Մենք հավատում ենք, որ եկեղեցասիրությունը պիտի դառնա հայրենաշինություն»: Վեհափառ հայրապետը օրհնության ու գովասանքի խոսքեր հղեց եկեղեցու բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ, ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի հասցեին, որը զբաղվածության թե չափազանց համեստության պատճառով ներկա չէր իր իսկ միջոցներով կառուցված եկեղեցու տոնին:

Սիլվա Բաղդասարյանը ապրում է Սբ. Երրորդություն եկեղեցուն մոտ շենքում: Քանի որ վատառողջ էր, կիրակի օրը նա եկեղեցի էր եկել ուղղակի անկողնուց վեր կենալով: Չգալ չէր կարող, քանի որ վաղուց է երազել վայելել օրվա արարողությունը: «Եկեղեցին ինձ համար հոգեւոր ներդաշնակության մի վայր է, ուր բարություն ու սեր կա, որ տրվում է նախ եւ առաջ մեր հոգեւոր երաժշտության կենարար ելեւէջների միջոցով: Միաժամանակ եկեղեցին է, որ ժամանակակից անվայելուչ վարքուբարքից հեռու պիտի պահի մեր մատաղ սերնդին», ասում է նա, այդ առումով եւս կարեւորելով նորակառույց Սբ. Երրորդությունը:

«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նույնպես ներկա էր եկեղեցու բացմանը: «Մենք պատմական ժամանակներից հայտնի մի ժողովուրդ ենք, որ մշտապես եկեղեցի ենք կառուցել, բայց շատ քիչ ենք գնացել այնտեղ, դիմել Աստծուն աղոթքով, նկատում է նա: Մինչդեռ եթե նույնիսկ եկեղեցին այսքան գեղեցիկ չլինի, անգամ ավերակ լինի, կարեւոր է, որ մարդիկ աղոթեն», ասաց նա: Հ. Վարդանյանը նշեց նաեւ, որ շուտով Մասիսում տեղի է ունենալու իր աջակցությամբ կառուցված եկեղեցու օծումը:

Հայաստանի «Թեքեյան» մշակութային կենտրոնի նախագահ Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց. «Այս եկեղեցին մի կենդանի հուշարձան-կոթող է: Եկեղեցի ասելով նկատի ունեմ նաեւ այս խիտ բնակեցված համայնքի անդամներին, ովքեր այսօր ներկա են եւ աղոթում են այստեղ: Իսկ սբ. խորանի Փրկչի եւ Մարիամ Աստվածածնի նկարը, որի հեղինակն է Վարուժան Վարդանյանը, արվեստի մի նշանավոր գործ եմ համարում»: Ակնհայտորեն հաջողված աշխատանքի մասին զրուցեցինք նաեւ հեղինակի` նկարիչ Վարուժան Վարդանյանի հետ. «Այս նկարը Գարեգին Բ կաթողիկոսի հորդորով եւ անմիջական ուղղորդումով եմ նկարել: Երբ սկսեցի ընդամենը ուրվագծել Տիրամոր պատկերը, հիվանդ էի, բայց հանկարծակի եւ շատ արագ ապաքինվեցի: Դա խորհրդանշական եմ համարում եւ վստահ եմ, որ Տիրամայրը առողջացնելու է բոլոր նրանց, ովքեր կդիմեն իրեն», ասում է նկարիչը, ում աշխատանքը ներդաշնակորեն զարդարում է հոյակերտի սուրբ խորանը:

Տիկին Անահիտը գտնում է որ եկեղեցին ամբողջացրեց իրենց թաղամասը, որ այլեւս իրենք քաղաքի կենտրոն գնալու կարիք չեն ունենա: «Քանի դեռ չարություն կա մարդկանց սրտում եւ նրանք աստվածավախ ու աստավածահաճո գործերով աչքի չեն ընկնում, եկեղեցիներ պիտի շատ լինեն, որպեսզի անգամ եկեղեցու գմբեթի խաչն ու զանգի ձայնը զգոն պահի նրանց», ասաց նա:

Մի մարդ, որ ներկայացավ որպես ժողովրդական վարպետ Սասուն Գեւորգյան, բերել էր Սբ. Երրորդություն եկեղեցու իր պատրաստած փայտե մանրակերտը: Նա ասում է. «Եթե Թորոս Թորամանյանը մի պահ գլուխը բարձրացնի եւ տեսնի այս եկեղեցին, ուղղակի երջանիկ պիտի լինի, որ իր երազած Զվարթնոցը վերականգնվել է առավել կատարելագործված»:

Տոնական օրվա տրամադրությունը մի պահ խամրեց, քանի որ հավատացյալները ցավով ցույց էին տալիս գրանիտե պատերի լաքաները: Նրանց ասելովՙ մի աղանդավոր կին օրեր առաջ աննկատ պտտվել է ողջ եկեղեցու շուրջբոլորը եւ յուղի նման մի բան շաղ տվել:

Եկեղեցու շինարարական խմբի ղեկավար, «Բազմաշին» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Եղիկյանը վստահեցնում էր, թե այդ ներծծված հետքերը շատ շուտով կվերացվեն:

«Ազգի» հետ զրուցելիս նա պատմեց եկեղեցու շինարարության առաջին օրերից. «Դեռ եկեղեցու լուսահոգի ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը ողջ էր, որ սկսեցինք նրա նախագծած վերջին եկեղեցու շինարարական աշխատանքները: Բախվելով շինարարական մի շարք բարդությունների, պրն Արզումանյանին մի օր հարցրի` Դուք քանոն չունե՞ք: Ունեմ, ի՞նչ կա որ, եղավ պատասխանը: Հապա ինչո՞ւ մի ուղիղ գիծ չեք քաշել այս նախագծի վրա, ամբողջը կոր է ու կլոր, ասացի ես: Ծիծաղեցինք: Համարում եմ, որ այս եկեղեցին ամենագեղեցիկն է մեր կառուցած եւ թերեւս եղած եկեղեցիների մեջ եւ նորամուծություններց էլ զերծ չէ: Դա գեղեցիկ եւ հարմարավետ դահլիճն է եւ դասասենյակները, որ ողջ նկուղային հարկով մեկ տեղաբաշխված են: Այս եկեղեցին ինձ հիշեցնում է մեր Զվարթնոցը եւ, իհարկե, վառ է պահում Բաղդիկ Բաղդասարյանի լույս-հիշատակը», ասում է վաստակաշատ շինարարը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4