Քաղաքապետարանում ներկայացվեցին կանաչ տարածքների ավելացման ծրագրերը
Մայրաքաղաքում ծառատնկման աշխատանքների մասին երեկ լրագրողներին պատմեց Երեւանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը: Նրա ներկայացրածից պարզ դարձավ, որ, օրինակ, տնկված 14 հազար ծառերից 13,5 հազարը մնացել է, ինչը հաստատվել է վարչության աշխատակիցների շրջայցով: Թե ինչպես է հաջողվում նման ճշգրտությամբ հաշվել պահպանված ծառերի թիվըՙ Ռոմիկ Կոսեմյանը պատասխանեց, որ կան նորմատիվներ, ըստ որոնց հաշվարկվում են 1 հա-ի վրա տնկած եւ մնացած ծառերի քանակը եւ դրանք, այնուամենայնիվ, մոտավոր պատկերն են տալիս: Ի պատասխան մեր մյուս հարցին, թե նախորդ ծառատունկի ծառերի ո՞ր մասն է կանաչել եւ ո՞րը չորացել, նա հայտնեց, որ գարնան ծառատունկի ժամանակ տնկված ծառերի կպչողականությունը կազմել է մոտ 70 տոկոս:
Առաջիկա երկու-երեք տարիների ծրագրերի մասին խոսելով, բնապահպանության վարչության պետը խիստ վարդագույն պատկեր նկարագրեց: Համաձայն դրա, այդ ընթացքում կտնկվեն 40 հազար ծառ եւ 80 հազար թուփ: Կկանաչապատվեն «Փարոս» ռեստորանին կից, Եռաբլուրի եւ այլ տարածքներ, կգործարկվեն Կոմիտասի, Ազատության պողոտաների ոռոգման համակարգերը: Լիարժեք կոռոգվի 50-60 հա կանաչ տարածք:
Ընդհանրապես, մայրաքաղաքի վարչության պետի խոսքերից եթե դատենք, ապա Երեւանը պետք է դառնա աշխարհի ամենականաչապատ քաղաքներից մեկը: Սակայն արդյոք դրա համար ավելի նպատակահարմար չէ՞ նախ եղած կանաչ տարածքները պահպանելը, ապա նորերը ստեղծելը: Երեւանցիների գերակշիռ մասի համար դա ավելի տրամաբանական է եւ քիչ ծախսատար: Սակայն քաղաքապետարանի պաշտոնյաների համար կանաչ տարածքները շինարարության նպատակներով հատկացնելը խիստ շահութաբեր «բիզնես» է: Շահութաբեր է նաեւ ծառատունկ կատարելն ու այդ նպատակով գումար դուրս գրելը...
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ