«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ. «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆԸ»

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում լույս տեսնող Azad magazine եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր Գրիգոր Ադամյանն ամեն տարի այցելում է վերանկախացած Հայաստան: Նա մայր հայրենիքում է արդեն 15-րդ անգամ: Այս այցելությունն իրականացվում է «Հայկական միջմասնագիտական խմբավորման»ՙ G2iA-ի գործունեության շրջանակներում: Խմբավորումը, որը մասնաճյուղ ունի Երեւանում, եվրոպական մակարդակի մասնագետներ է պատրաստում շուկայագիտության, կադրերի եւ ֆինանսների կառավարման ասպարեզներում:

Գ. Ադամյանն ազգանպաստ գործունեություն է իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Գրենոբլում, որտեղ նրա հիմնական զբաղմունքը Azad magazine հանդեսի խմբագրումն է: Հրատարակիչը Գրենոբլի հայ ակումբն է: Այդ ակումբի լրատու բնութագրվող հանդեսը հիմնվել է 1977 թ. C.A.G. Informations անունով: Սկզբնական շրջանում հրատարակության նպատակն էր տեղեկատվությամբ ապահովել Գրենոբլում հաստատված հայերին:

Այն ժամանակ պարբերականը բաղկացած էր ընդամենը 8 էջից: Այսօր Azad magazine հանդեսն ունի 56 էջ, ամբողջովին գունավոր է, ընթերցողին տալիս է ընդհանուր բնույթի տեղեկություններ եւ տարածվում է ամբողջ Ֆրանսիայում: Եռամսյա հանդեսի ներկայիս տպաքանակը 22000 օրինակ է: Բաժանորդագրությամբ Հայաստան է առաքվում 100 օրինակ:

Հանդեսն արծարծում է բազմատեսակ թեմաներ, տեղեկացնում Հայաստանի իրադարձությունների մասին, նյութեր տպագրում քաղաքականության, ֆրանսահայերի կյանքի, ընկերակցությունների գործունեության, մշակութային միջոցառումների, արվեստի, գրականության, սպորտի, ճաշատեսակների վերաբերյալ, ունի 2 հայերեն էջ:

Գրենոբլում տարիներ շարունակ գործում է Հայ մշակույթի տունը, որի աշխատակիցները մասնավորապես հայերեն են դասավանդում մանուկ եւ չափահաս օտարախոս հայերին, կազմակերպում զանազան տոնախմբություններ, մշակութային միջոցառումներ, դաշտահանդեսներ, խորհրդաժողովներ: Մշակույթի տան թեյախմություններին երբեմն մասնակցում են Հայաստանից արտագաղթած ընտանիքներ, որոնց անդամները ֆրանսերենի դասընթացներ են անցնում:

Քաղաքի հայ համայնքի անդամների թիվը մոտ 1500 է: Ստույգ թիվը դժվար է նշել, քանզի շատ են խառնամուսնություններ, որոնք 2-րդ կամ 3-րդ սերնդի օրոք մթագնում են ազգային ինքնագիտակցությունը: Այս առումով կորուստներն զգալի են: Իսկ ընդհանուր առմամբ հայերը շատ հարգված են Գրենոբլում եւ ամբողջ Ֆրանսիայում: Երկրի իշխանություններն իրենց ելույթներում, խոսելով կատարյալ ինտեգրման մասին, մշտապես օրինակ են բերում հայերին:

Գրենոբլի հայ համայնքը շատ լավ հարաբերություններ ունի տեղական եւ մարզային իշխանությունների հետ, ընդգծում է Գրիգոր Ադամյանը: 2004 թ. հոկտեմբերին քաղաքապետ Միշել Դեստոն եւ մարզային ընդհանուր խորհրդի փոխնախագահ Քրիստին Կրիֆոն ապակենտրոնացված համագործակցություն ծավալեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Սեւան քաղաքի հետ:

Ընդունված երկարաժամկետ ծրագրի շրջանակներում մեր ֆրանսիացի եւ ֆրանսահայ բարեկամները սարքավորումներ եւ հանդերձանք են բերել Սեւանի եւ Գավառի հիվանդանոցներ եւ պատրաստում են կադրեր, որոնք կաշխատեն նորագույն բուժսարքավորումներով: Մասնավորապես նախատեսվում է 2006-2007 թթ. մատակարարել շտապ օգնության մեքենաներ, սքաներներ եւ այլն:

Գրենոբլի քաղաքապետարանի առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտների մասնագետները կանոնավորապես Հայաստան կայցելեն Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ քաղաքներին օգնելու, ինչպես նաեւ Սեւանա լճում փրկարարական աշխատանքի հանդերձանք բերելու նպատակով:

Մեծ կարեւորություն է տրվում գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Ֆրանսիական կողմը կօժանդակի Սեւանա լճի շուրջըՙ տներում, ագարակներում հյուրընկալման, սննդի, գիշերակացի համար անհրաժեշտ սանիտարական պայմանների ստեղծմանը: Կհրապարակվեն գյուղական զբոսաշրջությանը նվիրված գրքույկներ: Ֆրանսիացիներից շատերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նման պայմաններում: «Փոխանակման եւ զարգացման հայկական ընկերակցություն» ֆրանսիական կազմակերպությունը Գավառում հատուկ դպրոց է բացել ֆրանսերեն դասավանդելու նպատակով:

Անցյալ տարի առաջին անգամ Հայաստան ժամանած Գրենոբլի քաղաքապետը գիշերով օդանավակայանից մեկնել էր Երեւան: Ճանապարհին սնկերի պես աճած խաղատները եւ բազմաթիվ շքեղ ավտոմեքենաները տեսնելովՙ նա տարակուսած հարցրել էր ուղեկիցներին. «Մի՞թե այս երկիրն իրոք կարոտ է մեր օգնությանը»: Բայց Սեւանը եւ Գավառը տեսնելուց հետո նա հասկացել էր Հայաստանի իրական վիճակը. թվացյալ բարեկեցիկ մայրաքաղաք եւ խորհրդային ժամանակների համեմատ հետադիմած, աղքատացած գավառներ:

Այս տարվա այցելության օրերին ֆրանսահայ բարեգործները հանդիպեցին Ֆրանսիայում եւ Հայաստանում կատարելագործման դասընթացներ անցած ձեռնարկատերերի հետ: Գրիգոր Ադամյանի բնորոշմամբ, արդյունքները բացառիկ են: Երիտասարդ եւ ավագ սերնդի գործարարները հիանալի յուրացրել են եվրոպական ձեռնարկությունների զարգացման փորձը, ինչպես նաեւ դրանց տերերի վարքագիծը: Ուսյալ հայ ձեռնարկատերերը հարգում են իրենց աշխատակիցներին եւ ստեղծում լավ աշխատապայմաններ:

Հայ երիտասարդ ձեռնարկատերերից շատերը տիրապետում են մի շարք լեզուների, կողմ են տնտեսության համաշխարհայնացմանը, ձգտում են Հայաստանը դուրս բերել մեկուսացումից: Հայաստանի ֆրանսիական համալսարանում եւս կան բարձրակարգ երիտասարդ մասնագետներ: Հայաստանում զբոսաշրջության զարգացումը եւ բարձրակարգ մասնագետների գոյությունը երկրի ապագա բարօրության կարեւոր նախադրյալներ են:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4