Նոյեմբերի 18-ին Սանահինում տեղի ունեցավ հռչակավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի 100-ամյակին նվիրված հանդիսություն:
Հանդիսությանը մասնակցելու համար մեծ ավիակոնստրուկտորի ծննդավայր էին ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, «ՄԻԳ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Կարասեւը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, Ազգային ժողովի պատգամավորներ, գիտնականներ: Հանդիսությանը մասնակցելու էին եկել Արտեմ Միկոյանի որդինՙ «ՄԻԳ» կորպորացիայի փոխտնօրենի խորհրդական, ավիակոնստրուկտոր Հովհաննես Միկոյանը, դուստրըՙ Սվետլանան, Հովհաննեսի դուստրըՙ Կարինեն եւ Անաստաս Միկոյանի որդինՙ գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը:
Արտեմ Միկոյանի գործունեությունը ներկայացրեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Սամսոն Քառյանը:
Խոսք տրվեց Անդրեյ Կարասեւին:
- ՄԻԳ-21 ինքնաթիռն ինժեներական բացառիկ տաղանդի արգասիք էր, որը բավականին ժամանակ մնաց անգերազանցելի, ասաց: Նրա ՄԻԳ-երը մեր բանակի հզորությունը հասցրին մի նոր մակարդակի, որին նախանձում էին հզոր տերությունները: Ես երախտապարտ եմ հայ ազգին, այս հրաշալի գյուղին, այս հողին, որ ծնել է համաշխարհային մեծության զավակ, որով կհպարտանան ապագա սերունդները նույնպես:
Հուզիչ էր Ստեփան Միկոյանի խոսքը.
- Ես այսօր եկել եմ հորս եւ հորեղբորս ծննդավայր Սանահին, որը համարում եմ իմ հայրենի գյուղը եւ որը նույնքան հարազատ է ինձ համար: Արտեմ Միկոյանի ղեկավարած կոնստրուկտորական բյուրոն այժմ էլ կրում է իր անունը, քանզի ինքնաթիռաշինության պատմության մեջ ՄԻԳ-երը բեկումնային փուլ նշանավորեցին: Շնորհակալությունս եմ հայտնում այն մեծարանքի համար, որին արժանացավ հորեղբայրս Հայաստանում:
Զինվորական օդաչու Սերգեյ Հակոբյանն իր ելույթում ասաց, որ թռել է 12 տիպի ինքնաթիռներով, այդ թվումՙ ՄԻԳ-երով: Նա պատմեց այն կարողությունների մասին, որ ունի կործանիչը եւ որն օգտագործվում էր ռազմական գործողությունների ժամանակ:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հյուրերն այցելեցին 1971 թ. հիմնադրված Անաստաս եւ Արտեմ Միկոյան եղբայրների թանգարան, ծանոթացան ցուցանմուշներին: Իսկ Անդրեյ Կարասեւը թանգարանին նվիրեց ՄԻԳ կործանիչների վերջին թողարկման մակետը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ