«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ՓՈՔՐԻԿ ԻՄԱՍՏՈՒՆԸ

«Ես կուզենայի անկիրթ խոսելաձեւը եւ վթարները վերանայեն: Գիտե՞ք ինչու են մեքենաները բախվում, որովհետեւ վարորդները կարմիր լույսին չեն ենթարկվում եւ իրար չեն հարգում... Կուզենայի, որ բոլոր մարդիկ զիջեն իրար: Ես կուզենայի իմ աշխատանքային անկյունը ունենալ եւ իմ վերանորոգած խաղալիքները դնեի իմ պահարանի մեջ: Դա կլիներ իմ ամենասիրած անկյունը: Աշխարհում ամենաշատը լավ կլիներ, եթե բոլոր երեխաները ապրեին ընտանիքներում, ոչ թե մանկատներում»: Այս մտքերի հեղինակը փոքրիկ մի տղա է` Արտակը:

Երբ ծանոթացանք, նա ամուր-ամուր սեղմեց իմ ձեռքը եւ ուշադիր նայեց աչքերիս մեջ: Քիչ անց ընկերանալով, բացեց սիրտն իմ առաջ: Զարմացա` որքան իմաստնություն եւ ներքին պատրաստվածություն կարող է ունենալ ութամյա տղան:

’IMAGE/200521307.jpg>

Պարզվեց, որ Արտակը շատ է սիրում վերանորոգել ջարդված ավտոմեքենաներ: Նախընտրելի զբաղմունք է մաթեմատիկան, ինչպես նաեւ ասմունքը: Ժամանակ անց նա սահուն առոգանությամբ արտասանում է «Սասունցի Դավիթ» էպոսից հատված: «Դավիթը ամենահզոր մարդն է եղել, ես էլ եմ հզոր: Կարելի է ասել, որ ես ու Դավիթը կարող էինք ընկերներ լինել: Մեր տարբերությունն այն կլիներ, որ ես իսկական թուր եւ ձի չունեմ, չնայած ձի քշել գիտեմ, նաեւ լողի եմ գնում եւ կարող եմ ջրի տակ երկու մետր տարածություն լողալ: Իմ շրջապատում էլ կան հզոր մարդիկ, օրինակՙ իմ եղբայրներ Գոռը եւ Շանթը», ասում է Արտակը եւ ծանոթացնում իր զարմիկների հետ: (Հետագայում նա պիտի դիտողություն աներ ինձ` ինչո՞ւ եղբայրներիս քիչ հարցեր տվեցիք, ինձ` շատ, չէ՞ որ նրանք էլ կարող են պատասխանել):

Ճակատագրին հեգնողը

Ամեն առավոտ Արտակը բազմաթիվ երեխաների նման դպրոց է գնում: Ուսուցիչներն ասում են` մարդամոտ է, ուշիմ, լավ է սովորում, աչքի է ընկնում ավելին իմանալու եւ կատարելու ձգտումով: Ու մինչ իր դասընկերներից շատերը մտածում են միայն խաղերի մասին, Արտակն արդեն ապագայի կոնկրետ ծրագրեր ունի: Ամառային յոթնօրյա հանգստի ժամանակ նա հասցրել է պայմանագիր կնքել իրեն Սեւան տարած «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության ղեկավարի հետ: Ըստ պայմանագրի, մի քանի տարի հետո ինքն է լինելու այդ կազմակերպության մեքենայի վարորդը: Կնքված եւ ստորագրված պայմանագիրը պարոն Սամվել Ռոստոմյանի մոտ է: «Դեռ պետք է վարորդական իրավունք ստանամ` դա էլ փողի հետ կապված խնդիր է», բարձրաձայն մտորում է Արտակը:

Լրատվության, դաստիարակության, խելքի թե՞ սիրո պակաս

Սակայն կյանքը միայն հարատեւ երջանկություն չէ որեւէ մեկի համար: Արտակն էլ բացառություն չէ: Վկա` այս պատմությունը, որ Արտակը շատերին է պատմում: Մի անգամ ինքն ու Գոռը սովորականի պես իջան բակ: Երբ Արտակը ողջունեց իրենց բակի Դավոյին, պատասխանը եղավ այսպիսին` բարեւ, այ ինվալիդ... «Ես էլ ասացիՙ իսկական ինվալիդը դու ես, էն էլ` խելքից», առանց նկատելի հուզմունքի պատմում է Արտակը եւ շարունակում. «Ես իր ասածից չեմ, ես ուղղակի քայլակով եմ քայլում»: Դավոն միակը չէ, որ այդպիսի վարք է ցուցադրում, նրա քույրն ու ներքեւի շենքի Նարեկն էլ պակասը չեն: Մինչդեռ, բացի նրանցից, բոլորը շատ սիրում են Արտակին եւ հաճույքով են լսում նրա իմաստուն դատողությունները: «Ես մարդկանց շատ եմ սիրում, բայց երբ ինձ անտեղի նեղացնում են, ուզում եմ տապալեմ նրանց», բացատրում է խելացի աչքերով մանչուկը: Միջադեպի առիթով իր մեկնաբանությունն ունի Գոռը. «Արտակն իմ եղբայրն է: Ինքը վատ է քայլում, բայց լավն է եւ ուժեղ: Եթե Դավոն նրան սիրերՙ չէր նկատի, որ նա այդպես է քայլում: Իր արածի համար Արտակն ու ես Դավոյին պատժել ենք բակի մյուս երեխաների հետ: Ես Արտակին շատ եմ սիրում եւ երբեք չէի ուզենա, որ մենք առանձին բնակարաններում ապրեինք, չնայած մեր պապիկ-տատիկի տունը փոքր է, իսկ մենք տասնմեկ հոգի ենք: Ես Արտակի կարիքը շատ ունեմ», ասում է նա:

«Ես ու Արտակը սկզբունքորեն վատին ուշք չենք դարձնում ու չենք մտապահում, ասում է Արտակի մայրիկը` Վարդուհին: Չէ՞ որ դա ընդամենը դժվարություն է, ոչ` խոչընդոտ, այլ անպայման հաղթահարելի այնպիսի դժվարություն, որպիսին կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը: Եթե մարդ նույնիսկ ֆիզիկական խնդիրներ չունի, միեւնույն է, կունենա դժվարություններ մեր հասարակությունում իր տեղը գրավելու համար: Երբ Աստված է քո մեջ ապրում, միշտ գիտակցում ես քո առաքելությունը, որ քո փոխարեն ոչ ոք չի տանի քո խաչը` քո իսկ փրկության համար: Դա է, որ միշտ օգնում է հասնել նպատակին», ավելացնում է մայրիկը: Այնուամենայնիվ, իմ խնդրանքով Վարդուհին խոսում է Արտակի նկատմամբ շրջապատի վերաբերմունքի մասին: «Մինչեւ վերջերս հասարակությունը քիչ էր տեսնում ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց, քիչ գիտեր նրանց պրոբլեմների մասին: Շատ դեպքերում անգամ չգիտեն ինչպես վերաբերվեն նրանց: Կարող են ակամա վիրավորել իրենց սխալ պահվածքով. «Վայ բալա ջան, քոռանամ ես, ինչո՞ւ ես էս մեղք վիճակում»: Շատերն էլ հարցնում են, թե ի՞նչ է քայլակը, որտեղի՞ց եմ ձեռք բերել, քանի որ իրենց երեխան էլ դրա կարիքն ունի: Այդ պատճառով շատ երեխաներ փողոց դուրս չեն գալիս»:

«Մեղք» բառը խղճահարությունից է ծնվել, ասում է Արտակի մորաքույր Մարիամը: Բայց չե՞ք կարծում, որ Արտակին խղճալը սխալ է: Մեղքը անհոգի ու անհասկացող մարդիկ են, լքվածներն ու սովից աղբարկղ քանդողները: Վաղն Արտակը նրանց օգնելու է, հիմա մեղքն ո՞վ եղավ», հարցնում է Մարիամը:

Երբ հաղթանակում է կյանքը

Ասում են, Արտակի կյանքի առաջին օրերը մղձավանջի էին նման, ու նրա համար քիչ հույսեր կային արեւի ջերմությունը վայելելու եւ կյանքը որպես պարգեւ ընկալելու համար: Բայց Արտակը մայրիկի եւ հարազատների օգնությամբ դիմագրավեց մարտահրավերներին... Այսօր նա երկրորդ դասարանում է, մինչդեռ ամեն հարցում ցուցաբերվող իմաստնությունը եւ արտահայտած մտքերը անհասանելի կլինեն շատ երիտասարդների երեւակայության համար: Նրան ճանաչողները ասում են, որ Արտակը լուրջ ու իմաստուն տղա է, ում հարուստ բառապաշարով համեմված խոսքը հաճախ են մեջբերում: Դրան գումարած` հարցերին արագ ու դիպուկ պատասխանելու ճարպկությունը:

Տանեցիները ոգեւորությամբ ցույց են տալիս իրենց բազմաթիվ լուսանկարները, որտեղ արձանագրված է միայն ոգեւորություն ու ժպիտ, անհեթեթ ճակատագրին հաղթանակած մարդկանց ժպիտ...

Ժպտալո՛վ տար քո խաչը

«Բժիշկներն ասում են, որ մանկական ուղեղային կաթվածը բուժելի չէ, սակայն օր-օրի նոր մեթոդներ եւ հայտնագործություններ են մշակվում, որոնց շնորհիվ հնարավոր է վերականգնել երեխայի ֆիզիկական հնարավորությունները առավելագույն չափով, օրինակ ջրաբուժության ու ձիաբուժության միջոցով: Եթե կամք ու դրամական միջոցներ ունենաս, համընթաց քայլես գիտության զարգացմանը, անպայման կհաղթես ճակատագրին, ասում է Վարդուհին: Չէ՞ որ այն, ինչի մասին ես կարող էի միայն երազել, այսօր արդեն կատարված է, շատ բարի մարդկանց ու բարեգործական մի կազմակերպության ջանքերի շնորհիվ` Արտակն իր ձեւով, բայց քայլո՛ւմ է: Պետք է գնալ առաջ, եզրակացնում է մայրը, որ նաեւ խոստովանում է. ճիշտ է, պահ է գալիս որ ձգվում ես մաքսիմալ քո հնարավորությունների չափով ու չես հանձնվում հուսախաբությանը, բայց զգում ես, որ կարող է կտրվես բարակած թելի նման: Տա՛ աստված, որ երբեք չկտրվես, որովհետեւ դա միշտ չէ, որ քեզանից է կախված, այլ հաճախ` մեզ շրջապատող հանգամանքներից եւ հասարակությունից ... Այս իմաստով շատ երեխաներ հնարավորություն ունեն վերականգնվելու, ինչը նրանց ծնողները չեն պատկերացնում, կամ չեն հավատում: Թերեւս կտրվել են...», ասում է Արտակի մայրիկը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4