«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ. «ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՄԻ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ընթացիկ մրցաշրջանը եւս հաջող էր Աշտարակի «Միկայի» համար, որը դարձավ ՀՀ գավաթակիր ու 2 տարի անընդմեջ նվաճեց արծաթե մեդալներ: Այս անգամ թիմը հաջողության հասավ նոր գլխավոր մարզչիՙ Արմեն Ադամյանի գլխավորությամբ:

- Պրն Ադամյան, Ձեր նորամուտը «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնում բավական հաջող էր: Գարնանը թիմը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր, իսկ այժմ էլ նվաճեց արծաթե մեդալ, որի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Նախ կխնդրեի կիսեիք տպավորություններն «Էսթեղլալ-Կոտայքի» հետ առաջնության ավարտական խաղից:

- Վճռորոշ մրցախաղ էր մրցակիցների համար, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծել: Սակայն ի պատիվ տղաների, առանց ավելորդ իրարանցումի կարողացան հստակ կատարել առաջադրանքը, խաղի «թելն» էլ իրենց ձեռքում էին պահում: Ես էլ հանգիստ էի հանդիպման ելքի համար: Գոլային շատ պահեր ստեղծեցինք, մրցակիցն էլ խաղասկզբում կարող էր հասնել հաջողության: Խաղը շատ լարված բնույթ կրեց, փաստորեն մինչեւ վերջ լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին: Ճիշտ է, երբ հաշիվն արդեն 2-0 էր, պարզ էր, որ խաղի ելքը վճռված է: Խաղն ինձ շատ դուր եկավ, տղաներն ամեն ինչ արեցին հաղթելու համար: Մրցաշրջանը մեզ համար բավական դժվար էր: Եղան խաղեր, որոնց ելքն անկանխատեսելի էր: 2-րդ տարին անընդմեջ նույն բարձր արդյունքների հասնելն արդեն վկայում է թիմի կայունության, բարձր կարգի, ֆուտբոլիստների վարպետության մասին: Տղաները հաղթեցինՙ ապացուցելով, որ իրոք ուժեղ են եւ հաջողությունն էլ օրինաչափ է: Շնորհակալ եմ բոլորից:

Հաղթանակի առթիվ «Էսթեղլալ-Կոտայքի» ղեկավարությունը շնորհավորեց մեզ: Մեր մրցակիցը բավական կազմակերպված թիմ էր, ֆուտբոլիստներն աչքի են ընկնում իրենց կամային հատկանիշներով, անընդհատ պայքարի բովում են, կան արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնց լավ ապագա է սպասում:

- Ինչպիսի՞ն է Ձեր ընդհանուր տպավորությունն ավարտված առաջնությունից:

- Եթե առաջնությունում շատ լինեին այնպիսի լարված հանդիպումները, ինչպիսին անցկացրինք ավարտական տուրերում, միանշանակ ընդհանուր խաղամակարդակը բարձր կլիներ: Մրցաշարային իրավիճակը մեզ ստիպել էր այդ հանդիպումներում խաղալ միմիայն հաղթանակի համար, ամբողջովին կենտրոնացնել ուժերը: Եթե բոլոր թիմերն էլ նման ձեւով խաղային, լարված մրցախաղերի թիվը գերակշռեր, ապա կփաստեինք, որ առաջնության խաղամակարդակն աճել է: Իսկ այսպես, չգիտեմ, թե որ երկրի առաջնության հետ կարելի է համեմատել: Անշուշտ, Ռուսաստանի պրեմիեր լիգայի հետ չես համեմատի: ՌԴ առաջնության 1-ին խմբի հետ եթե համեմատենք, կարող եմ ասել, որ առաջին 5 թիմերը տարբեր հաջողությամբ կխաղային այդ մրցաշարում: Իսկ 2-րդ խմբում եթե հանդես գային, ապա առաջատարների թվում կլինեին: Այնպես որ, ինքներդ կարող եք եզրակացություններ անել:

- Դուք բազմիցս նշել եք, որ «Միկայում» տարիքով ֆուտբոլիստները մեծ թիվ են կազմում, եւ թիմը երիտասարդացման կարիք է զգում: Ինչպիսի՞ն են այս հարցում ձեր ծրագրերը:

- Իհարկե, դա չի նշանակում, թե տարիքով ֆուտբոլիստներին պետք է երիտասարդներով փոխարինել: Եթե ֆուտբոլիստն օգուտ է տալիս թիմին, կատարում է մարզիչների ցուցումները, պետք չէ նայել նրա անձնագիրը: Ցանկացած մարզիչ էլ թիմի համար վճռորոշ պահերին նախընտրում է փորձառու ֆուտբոլիստներին: Սովորաբար երբ թիմում ֆուտբոլիստները հասնում են 25 եւ ավելի տարիքի, ակումբի ղեկավարությունն սկսում է մտածել կազմի երիտասարդացման մասին: Սա սխալ մոտեցում է, ինչի պատճառով էլ, իմ կարծիքով, ֆուտբոլը Հայաստանում դանդաղ է զարգանում: Ընդհանրապես, ֆուտբոլիստն իր վարպետությունն ու խաղային ունակությունները լիովին բացահայտում ու դրսեւորում է 28-32 տարեկանում: Եթե այդ տարիքի ֆուտբոլիստներ թիմում չկան, ապա դժվար է հաջողության հասնել: Խաղային յուրաքանչյուր օղակում նման ֆուտբոլիստների առկայությունն անհրաժեշտություն է: Իմ համոզմամբ, «Միկայի» հաջողության գրավականներից մեկն էլ թիմի ֆուտբոլիստների փորձն էր, ինչը հնարավորություն տվեց հստակ գործել նաեւ այս խաղում: Իսկ ահա «Էսթեղլալ-Կոտայքում» հիմնականում երիտասարդներ են: Ճիշտ է, Կարեն Բարսեղյանը լավ է ղեկավարում խաղընկերների գործողությունները, սակայն նրա նման փորձառու ֆուտբոլիստներ են անհրաժեշտ նաեւ միջին օղակում ու հարձակման գծում:

Ճիշտ է, դժվար է դիմանալ մրցաշրջանի լարվածությանը, ուստի թիմում անհրաժեշտ են նաեւ երիտասարդ ֆուտբոլիստներ: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն ամեն ինչ այնպես պետք է կատարվի, որպեսզի կոլեկտիվում փորձի ու երիտասարդության համամասնությունը չխախտվի:

- Կո՞ղմ եք հաջորդ մրցաշրջանում թիմերի քանակի ավելացմանը:

- Մի կողմից, իհարկե, դա լավ է: Մրցաշրջանի ընթացքում հաշվի առնելով նաեւ գավաթի ու ընկերական մրցախաղերը, հարկ է լինում միեւնույն թիմի հետ 6-8 խաղ անցկացնել: Նման պայմաններում շատ դժվար է ֆուտբոլիստներին պայքարի տրամադրելը: Օրինակ, եթե մի թիմի հետ առաջին հանդիպումը լավ է դասավորվել, հեշտ հաղթանակ ենք տոնել, ապա նույն թիմի հետ հաջորդ հանդիպմանն արդեն դժվար է ֆուտբոլիստներին լուրջ պայքարի տրամադրելը: Սակայն պետք է հիշել, որ ամեն խաղ յուրովի է ընթանում: Եվ այս աշխատանքը պետք է կատարել ողջ մրցաշրջանում: Դա, իրոք, հոգնեցուցիչ ու դժվար է: Իսկ եթե թիմերի քանակը մեծ լինի, 2 շրջանով խաղանք, նման խնդիրներ չեն ծագի: Այս տեսակետից լավ կլինի, որ թիմերի քանակն ավելացվի: Սակայն մյուս կողմից դա կհանգեցնի առաջնության ընդհանուր խաղամակարդակի իջեցման, քանի որ մրցակցությունը կթուլանա, թիմերի խաղամակարդակի տարբերությունը զգալի կլինի: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե որ տարբերակն է գերադասելի: Եթե ցանկանում ենք հայկական թիմերի միջին մակարդակը բարձրացնել, ապա պետք է քանակն ավելացվի: Իսկ եթե հարկ է մի քանի թիմի խաղամակարդակը բարձրացնել, ապա մասնակից թիմերի քանակը պետք է քիչ լինի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4