«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՄՆ

Ինչպես տեղեկացնում է Allboxing ինտերնետային կայքը, IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ: Վերջին տարիներին Ավստրալիայում բնակվող նախկին վանաձորցի բռնցքամարտիկի համար այնքան էլ հաջող չի դասավորվում մարզական գործունեությունը: Նա դժգոհ է, որ նախապես նախատեսված մենամարտերը չեն կայանում: Հերթական անգամ չեղյալ է համարվել իռլանդացի Դեմյեն Կելիի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մենամարտը: Սկզբում այն նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 25-ին, հետո տեղափոխվեց 2 օր ուշ, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ ընդհանրապես չի կայանա, քանի որ մրցակիցներն այդպես էլ համաձայնության չեկան պարգեւավճարի հարցում:

Դարչինյանը ցանկանում էր այդ օրը գոնե մեկ այլ բռնցքամարտիկի հետ մրցել, սակայն արգելեցին, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդը հենց Կելին է: Այժմ այդ մենամարտի անցկացման համար մրցույթ է հայտարարվել եւ առայժմ հայտնի չէ, թե որտեղ եւ երբ կկայանա:

Ինչպես հայտարարել է Վախթանգ Դարչինյանի մենեջեր Ռոբերտ Ջոսկեն, մենամարտերի նման հետաձգումները բացասաբար են անդրադառնում հայ բռնցքամարտիկի ինքնազգացողության վրա: Չէ՞ որ մենամարտերին նախապատրաստվելիս Դարչինյանը ստիպված է լինում բավական «քաշ գցել»ՙ 58 կգ-ից անձնական քաշը հասցնելով նորմայի (51,5 կգ): Իսկ դա օրգանիզմի վրա բացասաբար է ազդում: Վերջին շրջանում Դարչինյանի մասնակցությամբ չորս մենամարտերից երեքը տարբեր պատճառներով հետաձգվել են: Ուստի Դարչինյանն իր մենեջերի հետ մտածում է ԱՄՆ տեղափոխվելու եւ այնտեղ մենամարտեր կազմակերպելու մասին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4