«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2005-11-22 | #213, 2005-11-23 | #214, 2005-11-24


ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Իսկ Իսրայելի գլխավոր ռաբբի Մեցգերի այցելությունը Մեծ եղեռնի հուշարձանՙ ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունների համար

Նոյեմբերի 22-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում իր գործընկերոջՙ Յանեզ Դռնովշեկի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք հանդես չի եկել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության դեմՙ ընդգծելով անդամակցության ձգտող երկրների համար հարեւանների հետ լավ հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ սեփական պատմության հետ հաշտվելու անհրաժեշտությունը:

Նույն օրը Ծիծեռնակաբերդ են այցելել Իսրայելի գլխավոր ռաբբի Ռոնա Մեցգերի գլխավորած հոգեւոր պատվիրակությունը, ինչպես նաեւ Կնեսեթի պատգամավոր, հայ-իսրայելական խորհրդարանական խմբի նախագահ Յուրի Շտեռնը: Նրանք գլխավոր ռաբբիի, Իսրայելի խորհրդարանի եւ Համաուկրաինական հրեական կոնգրեսի անունից երեկ ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին:

Թեեւ Ռոբերտ Քոչարյանի Սլովենիա այցը չի առնչվում Իսրայելի գլխավոր ռաբբի Մեցգերի Ծիծեռնակաբերդ կատարած այցելությանը, սակայն ՀՀ նախագահի հայտարարությունը եւ Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու եւ այդ մասին հրապարակավ արտահայտվելու գլխավոր ռաբիի դիրքորոշումն ուղղակիորեն առնչվում էին Թուրքիայի շահերին: Հետեւաբար միանգամայն ենթադրելի էր, որ թուրքական լրատվամիջոցները, թերթերի գլխավորությամբ, անդրադառնային ինչպես նախագահ Քոչարյանի հայտարարությանը, այնպես էլ գլխավոր ռաբբի Մեցգերի այցելությանը Մեծ եղեռնի հուշահամալիր:

Թուրքական թերթերի լռությունը գերազանցում է ենթադրությունները: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա դրանցից միայն NTV-ն է անդրադարձել Քոչարյանի հայտարարությանը, իսկ CNN-Turk-ըՙ գլխավոր ռաբբի Մեցգերի այցելությանը, նշելով, որ նա Հայաստան կատարած այցելության ընթացքում ասաց. «Հրեական համայնքը իբրեւ ցեղասպանություն է բնութագրում 1915 թ. հայերի կոտորածը»:

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին Իսրայելի պաշտոնական շրջանակների մոտեցումը խիստ բացասական է: Ամերիկյան հրեական կառույցներն էլ նույնքան բացասական վերաբերմունք են դրսեւորում ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ, որ Թուրքիան հենց նրանց միջոցով է չեզոքացնում փաստի ճանաչմանն ուղղված նախաձեռնություններն ԱՄՆ-ում:

Ելնելով այս ամենից, Իսրայելի գլխավոր ռաբբի Մեցգերի այցելությունը Ծիծեռնակաբերդ, առավել եւս իրերն իրենց անուններով անվանելու եւ Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու մասին հայտարարությունը կարելի է իրադարձություն համարել, ընդ որումՙ ոչ միայն Հայաստանի համար: Թուրքիայի համար էլ, եթե ոչ իրադարձություն, ապա կարեւոր պետք է համարվի ՀՀ նախագահի Լյուբլյանայում արած հայտարարությունը:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Ֆրանսիայում ծայր առած անկարգություններն ու դրանց եվրոպական մյուս երկրներում տարածման սպառնալիքն առիթ է ծառայել, որ եվրոպական որոշ շրջանակներ վերստին արծարծեն ԵՄ-ին Թուրքիայի անդամաւկցության նպատակահարմարության հարցը: Թերեւս այդ առումով պատահական չէր հունական «Կատիմերինի» թերթի նոյեմբերի 14-ին հրապարակած հոդվածը, որտեղ հեղինակը նշում է. «Ֆրանսիայի դեպքերը ստվեր են գցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա: Եթե նույնիսկ Թուրքիան բավարարի Եվրոհանձնաժողովի ամենախիստ պայմանները, դարձյալ չի կարող ինտեգրվել Եվրոպային, ինչպես չեն կարողացել տասնամյակներ շարունակ եվրոպական երկրներում բնակվող թուրք գաղթականները»:

Հատկանշական է, որ եթե եվրոպական շրջանակներում կասկածի տակ է դրվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը, ապա ԵՄ-ի ընդարձակման գծով Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլի Ռենն էլ կասկածի տակ է դրել թուրքական պետության հետ անդամակցության բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը: Ինչպես այդ մասին ինտերնետային էջում նշել է CNN-Turk-ը, հանձնակատար Ռենը, նկատի ունենալով հայտնի գրող Օրհան Փամուքի, հրատարակիչ Ֆաթիհ Թաշի, «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի, այդ թվում նաեւ «Թրքիշ դեյլի նյուսի» հեղինակ Բուրաք Բեքդիլի գործով դատավարությունները, ընդգծել է խոսքի ազատության ոլորտում Թուրքիայում առկա սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ նախազգուշացրել է Անկարային, որ այլապես կարող են սառեցվել անդամակցության բանակցությունները:

Խոսքի ազատության սահմանափակումները Թուրքիայում կվերացվեն, թե ոչ, դժվար է ասել: Բայց որ ԵՄ-ի համար կարեւորը ոչ այնքան Թուրքիայի ինտեգրացումն է, որքան վերջինի աշխարհաքաղաքական դերակատարումը, ակնհայտ է: Հատկապես այն դեպքում, երբ ԵՄ-ը հայտնվել է առանց ազդեցության գոտիներն ընդլայնելու ընդարձակման հարկադրանքի տակ, նրա առաջխաղացմանը դեպի Արեւելք խոչընդոտում են Արեւելյան Եվրոպայի միության անդամ երկրները, որոնք բացարձակապես ամերիկյան կողմնորոշում ունեն, այդ կողմնորոշումը հատուկ է նաեւ անդամակցության թեկնածուներից Ռումինիային եւ Բուլղարիային:

Ի տարբերություն Արեւելյան Եվրոպայի երկրների, Թուրքիան ԵՄ-ի առջեւ բացում է Մերձավոր եւ Միջին Արեւելք դուրս գալու հեռանկարներ, ապահովում միության ներթափանցումն Անդրկովկաս: ԵՄ-ի «Նոր հարեւանություն» ծրագիրն ըստ ամենայնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հաշվարկով էր մշակվել, իսկ Հայաստանը միացել է շրջանառության մեջ դրված այդ ծրագրին: Ուստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը հակադրվելու դեպքում նա ինքնաբերաբար հակադրվելու է «Նոր հարեւանություն» ծրագրին:

Եթե ավելացնենք այն փաստը, որ ԵՄ-ի հետ Հայաստանի կապն այդ ծրագիրն է ապահովում, եւ մեր երկիրը միջնաժամկետ հեռանկարում հազիվ թե ընդգրկվի անդամակցության թեկնածու երկրների ցուցակում, պատկերն ավելի պարզորոշ կդառնա: Սա նշանակում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ արտահայտվելով նախագահ Քոչարյանը թեեւ չէր ազդի իրերի դրության վրա, սակայն կընդառաջեր թուրքական պետության անդամակցության նպատակահարմարությունը կասկածի տակ դնող եվրոպական շրջանակներին, այսպիսով հավելյալ տհաճություն կպատճառեր պաշտոնական Անկարային: Թերեւս դրանում է կայանում ՀՀ նախագահի վերոհիշյալ հայտարարությունը Թուրքիայի համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4