«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2005-11-22 | #213, 2005-11-23 | #214, 2005-11-24


ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ «ԱՅՈ», ԻՍԿ ԹԵՐԹԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԲԵՎԵՌԱՑՎԱԾ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, սահմանադրական բարեփոխումները լրատվամիջոցներում առավելապես ներկայացվում են դրական, գերիշխում է «այո»-ի քարոզը: «Լրատվական դաշտի մասին խոսելիս պետք է ընդգծենք, որ ոչ «այո»-ն, ոչ էլ «ոչ»-ը չեն հիմնավորվում այնպես, որպեսզի ընտրազանգվածը կարողանա գիտակցված ընտրություն կատարել: Իրականում տեղի է ունենում իշխանություն-ընդդիմություն հակամարտություն. իշխանությունը պահանջում է «այո» քարոզել, ընդդիմությունըՙ «ոչ», իսկ հիմա արդեն բոյկոտի մասին է խոսում: Կարծում եմ, որ մեր ընտրազանգվածը կողմնորոշված չէ», ասաց նա Ժուռնալիստների միությունում Երեւանի մամուլի անցկացրած դիտարկումների երկրորդ փուլը երեկ ամփոփելուց հետո:

Առաջին փուլիՙ նոյեմբերի 5-25-ի արդյունքները ներկայացվել էին անցած շաբաթ, որը եւ թույլ տվեց երկրորդի փուլըՙ նոյեմբերի 13-19, ամփոփել համեմատություններ անցկացնելով: Ընդհանուր պատկերն այն է, որ հեռարձակող լրատվամիջոցներին առ այսօր չի հաջողվել սահմանադրական բարեփոխումները հավասարակշիռ լուսաբանել, այս առումով թերթերն ավելի առաջ են անցել, քանի որ դրանցում չեզոքությունը գերակշռող է, եւ եզրահանգումներ անելու իրավունքը տրված է ընթերցողին:

Այս փուլում եւս ուսումնասիրվել են Հայաստանում մեծ ծածկույթ ունեցող Հ1, ԱԼՄ, Հ2, «Արմենիա» հեռուստաընկերությունները, իսկ տպագիր մամուլիցՙ «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Ազգ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» օրաթերթերը:

Առաջին փուլի համեմատ Հ1-ում առանձին փոփոխություններ չեն կատարվել, օրինակ, «Հայլուր» լրատվական ծրագրում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 34 նյութերից 14-ը դրական են, 2-ըՙ բացասական, 18-ըՙ չեզոք:

«360 աստիճան» հաղորդաշարի 2 նյութերից մեկը դրական է եղել, մյուսըՙ չեզոք: Առաջին փուլում չեզոք մեկնաբանություններով աչքի ընկած Արթուր Բախտամյանի «5-րդ անիվ» հաղորդումն այս փուլում բարեփոխումները ներկայացրել է դրական լույսի տակ, իսկ Արամ Հարությունյանի «Խաչմերուկ» հաղորդաշարի 3 նյութերից 1-ը դրական է եղել, 2-ըՙ բացասական:

Հ2 հեռուստատեսության սահմանադրական բարեփոխումներին անդրադարձող նյութերը դրական մեկնաբանություններով գերազանցել են Հ1-ին: «Լրաբեր» ծրագրի 40 նյութերից 26-ը դրական են եղել, 2-ը բացասական, 12-ըՙ չեզոք: Դիտարկվող թեմայի վերաբերյալ «Կիրակնօրյա լրաբերի» 2 նյութերից մեկը դրական է եղել, մյուսըՙ չեզոք, իսկ Արամ Սաֆարյանի «Խոսքի իրավունք» հաղորդումը, որտեղ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը, ամբողջությամբ դրական է եղել: «Չորրորդ ստուդիայի» հեռարձակած 4 հաղորդումներում նույնպես միմիայն դրական կարծիքներ են հնչել:

ԱԼՄ հեռուստատեսության «Օրեցօր» լրատվական ծրագրի սահմանադրական բարեփոխումներին անդրադարձող 16 նյութերից 5-ը դրական են եղել, 11- ըՙ չեզոք: Տիգրան Կարապետյանի «Դիրքորոշում» հաղորդումն այս անգամ մասամբ է անդրադարձել դիտարկվող թեմայինՙ պահպանելով չեզոքություն, իսկ «Հարցի արժեքում» եղել է դրական մասնակի անդրադարձ:

«Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվական ծրագրի դիտարկվող 17 նյութերից 12-ը դրական են եղել, 5-ըՙ չեզոք: Գագիկ Մկրտչյանի «Իրականում» հաղորդաշարի 5 թողարկումներն էլ աչքի են ընկել միմիայն դրական մեկնաբանություններով:

Տպագիր մամուլի հրապարակումների մասին խոսելիս փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ընդգծեց, որ թեման դրական կամ բացասական լուսաբանող հրապարակումների գերակշիռ մասը զուրկ է եղել համոզիչ հիմնավորումներից, ինչը թույլ է տալիս ասել, որ մի քանի օրից հանրաքվեի մասնակցող հասարակությունը լիարժեք իրազեկված չէ:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում դիտարկվող թեմայի վերաբերյալ հրապարակված 46 նյութերից 19-ը դրական են եղել, 27-ըՙ չեզոք: «Հայկական ժամանակ» օրաթերթում դարձյալ գերակշռել են բացասական նյութերըՙ 47-ից դրական են եղել միայն 2-ը, բացասականՙ 25-ը, չեզոքՙ 20-ը: «Առավոտն» այս փուլում աչքի է ընկել համեմատաբար չեզոք հրապարակումներովՙ 61 նյութերից 2-ը դրական են եղել, 15-ըՙ բացասական, 44-ըՙ չեզոք:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նյութերն «Ազգում» դարձյալ սակավաթիվ են եղել ՙ 12 նյութերից դրական են եղել 2-ը, բացասականՙ 1-ը, չեզոքՙ 9-ը: «Հայոց աշխարհ» օրաթերթի 51 հրապարակումներից 25-ը դրական են եղել, 24-ըՙ չեզոք, 2-ըՙ բացասական: «Գոլոս Արմենիի» օրաթերթի 15 նյութերից 7-ը դրական են եղել, 8-ըՙ չեզոք, իսկ «Ռեսպուբլիկա Արմենիայի» 11 նյութերից 6-ը դրական են եղել, 5-ըՙ չեզոք:

«Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանի իրավաբանական վերլուծությամբ, սահմանադրության առանձին հոդվածներն ու դրանց մեկնաբանությունները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրված են խիստ դրական, իսկ «Հայկական ժամանակում»ՙ ընդգծված բացասական երանգներով, ինչը ընթերցողին զրկում է ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորությունից: Նրան առավելապես գոհացրել է «Առավոտ» օրաթերթին Լեւոն Զուրաբյանի տված հարցազրույցը:

Սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեի վերաբերյալ լուսաբանումների վերջնական վերլուծությունն ու ամփոփումը կարվեն նոյեմբերի 30-ին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4