Այսօրվանից մինչեւ հանրաքվեի օրըՙ նոյեմբերի 27-ը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաքներ, ապացուցելու, որ «սահմանադրական բարեփոխումները կարեւոր փորձաքար են ինքներս մեզ, նաեւ մեր ընդդիմախոսներին համոզելու, որ մենք իրավատեր ժողովուրդ ենք, ազգ ենք, քաղաքացի ենք»: «Որպեսզի մեր մտավոր կարողությունները չփոշիանան, ժամանակն է համախմբվելու եւ տարբեր ուղղություններով աշխատելու նախՙ վերանայելով Ա1+ եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների փակման հարցը, քանի որ դրա բուն պատճառը հասարակությանը ճշմարիտ տեղեկատվությունից զրկելն էր: Ազատության հրապարակում գոնե 3 օր մասնագետների առանձին խմբեր պետք է զբաղվեն վերջին շրջանում տեղի ունեցած անարդարություններովՙ Բուզանդի եւ մյուս փողոցների բնակիչների սեփականության իրավունքի խախտումներ, փաստաբանների ձերբակալություններ, զինվորների խոշտանգումներ եւ այլն: 1988 թվականին մենք հասանք այն բանին, որ ամբոխից դարձանք հասարակություն, բայց դրանից հետո մեզ նորից փորձեցին դարձնել ամբոխ: Այսօր եկել է ժամանակը օպերայի հրապարակը նորից ազատության ասպարեզ դարձնելու եւ մեր պետությանն ու իրավունքներին տեր կանգնելու», Քաղաքացիական ազգային նախաձեռնության երեկ կազմակերպած «Իրավական կամայականությունները Հայաստանում» թեմայով հանրային լսումների ավարտին ասաց կինոբեմադրիչ Տիգրան Խզմալյանը:
Փաստաբան Վահե Գրիգորյանի ձերբակալություն, «Ռեկո-ռեկորդս» ընկերության գույքի առգրավում, «Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրենի ձերբակալություն, իրացման գոտիների բնակիչների սեփականության իրավունքի ոտնահարում, մեկուսարանում 102 օր հացադուլ հայտարարած եւ մահվան շեմին հասած նախկին շարքային զինվոր Ռազմիկ Սարգսյանի կյանքի հանդեպ բացարձակ անտարբերություն եւ այլն:
Վերջինիս հանդեպ Հայաստանի զինվորական դատախազության ապօրինությունների մասին խոսեց փաստաբան Զարուհի Բոստանջյանը, նշելով, որ ներկա պահին 20-ամյա կալանավորը տառապում է երիկամների սուր ցավից, նրա դեմքն այտուցված է, տեսողությունը թուլացած, հաճախակի խեղդվում եւ ուշագնաց է լինում, առայժմ գոյատեւում է միմիայն գլյուկոզայի ներարկումներով: Նոյեմբերի 4-ին նրան վերաքննիչ դատարան են տարել կիսակենդան վիճակում, նրան անհապաղ բժշկական օգնություն ցույց տալու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել է: Առ այսօր նրան պահում են մեկուսարանային պայմաններում եւ նրա առողջության մասին ոչ մի տեղեկություն չեն տրամադրում: Նախկին շարքային զինծառայողը պահանջում է քրեական գործի վարույթից հեռացնել զինդատախազությանը, որն իրենից ցուցմունքներ է կորզել բռնությամբ, խոշտանգումներով ու հարուցել շինծու մեղադրանք: Փաստաբանի ասելով, իրենց ներկա պահանջը Ռազմիկ Սարգսյանին մեկուսարանից հիվանդանոց տեղափոխելն ու նրա բժշկական փաստաթղթերը իրենց հանձնելն է, ինչն առ այսօր մերժվում է:
Վերոնշյալ դեպքերի մասին խոսեցին փաստաբաններ Արթուր Գրիգորյանը (Վահե Գրիգորյան), Հայկ Ալումյանը («Ռեկո-ռեկորդս»), Գեւորգ Մինասյանը («Ռոյալ-Արմենիա»):
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ