«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ եւ Ժան Էքիյանի ջանքերով ստեղծվել եւ նոյեմբերի սկզբներից ինտերնետում գործում է www.InHomage.com կայքէջը, որը նոր երեւույթ է հայ սփյուռքի պատմության մեջ: Կայքէջը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Կայքէջը բացվում է Փոքր Ասիայի 1920 թ. քարտեզով (ըստ Սեւրի պայմանագրի), որտեղ երեւում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ուրվագծած Հայաստանի սահմանները:
Նոր կայքէջը սփյուռքի մոտ 6,1 մլն եւ Հայաստանի 3,2 մլն հայերին հնարավորություն է տալիս քարտեզի վրա գտնել ցեղասպանության զոհ դարձած իրենց պապերի ծննդավայրերը եւ նրանց անունները գրանցել տվյալների զետեղարանում (base): Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ երկրորդ ինտերակտիվ գործողությունը թույլ է տալիս ըստ շրջանների տեսնել զոհերի գրանցված անունները եւ կապ հաստատել նույն վայրից սերող, բայց աշխարհի մյուս ծայրին ապրող որեւէ ընտանիքի հետ: Չի բացառվում այս ձեւով ընտանիքի վերամիավորման հնարավորությունը:
www.InHomage.com կայքէջը պարունակում է նաեւ պատմական անձանց վկայություններ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ու քաղաքների ցանկը, քաղվածքներ Սեւրի պայմանագրից եւ այլ օգտակար տեղեկություններ: Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ծավալման ներկա պայմաններում նոր կայքէջն աշխարհից արդարություն պահանջելու հավելյալ հնարավորություն է ընձեռում:
Պ. Ք.