Հայտնի կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանի հովանավորությամբ այսօր հանդիսավոր պայմաններում տեղի կունենա Փարիզի շրջանի ֆրանսահայ մշակութային միության «Ռուբեն Մամուլյան» կինոակումբի բացումը: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ հայազգի դերասանների եւ կինոգործիչների ներկայությամբ ակումբի բացումն ուղեկցվելու է Ռուբեն Մամուլյանի «Քրիստինա թագուհին» ֆիլմի ցուցադրությամբ: 1933 թ. նկարահանված հանրահայտ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Գրետա Գարբոն եւ Ջոն Գիլբերը:
Պատմական այս ֆիլմի բեմադրությունն աչքի է ընկնում երկրաչափական պատկերների սառն ընդգծվածությամբ: Կտրուկ լուսավորությունը որոշ տեսարաններում խոժոռ տեսք է հաղորդում մասնավորապես Գրետա Գարբոյի դեմքին:
Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Ռուբեն Մամուլյանը (1898-1987) կրթություն է ստացել Մոսկվայում, թատերախումբ ղեկավարել Թիֆլիսում, կիրառելով Ստանիսլավսկու սկզբունքները:
Կրթությունը շարունակել է Լոնդոնում, ապա հաստատվել ԱՄՆ-ում: Հոլիվուդում ստեղծել է մի շարք գլուխգործոցներՙ գանգստերական, կովբոյական, սարսափի ֆիլմեր, երաժշտական կատակերգություններ եւ այլն: Միեւնույն տարում նկարահանել է Մառլեն Դիտրիխին եւ Գրետա Գարբոյին:
Մամուլյանի նրբակերտ բեմադրությունները գեղագիտական առումով ամբողջական են: Իր անզիջողականության պատճառով նա անավարտ թողեց «Պորգի եւ Բեսի» եւ «Կլեոպատրայի» նկարահանումները: Անկախ կինոբեմադրիչը հաճախ քննադատվում էր Հոլիվուդում, բայց կուռք էր դարձել Բրոդվեյում: Մամուլյանի առավել հայտնի գործերից են «Ծափահարություն» (1929), «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» (1931), «Զորոյի նշանը» (1940), «Երգ երգոցը» (1933), «Քրիստինա Թագուհին» (1933), «Արյունոտ ասպարեզներ» (1941), «Մոսկվայի գեղուհին» (1957) ֆիլմերը, որոնք նրա բազմաբնույթ արվեստի վկայություններն են:
Պ. Ք.