«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ԼՂՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Հայկական եւ ադրբեջանական հասարակական կազմակերպություններին հղված Վլադիմիր Կազիմիրովի նամակը «Ազգի» խնդրանքով մեկնաբանելովՙ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մասնավորապես ասել է. «Կազիմիրովը որպես ռուսական միջնորդական առաքելության ղեկավար, բուն պատերազմական գործողությունների ընթացքում, անշուշտ, մեծ առաքելություն է կատարել: Սակայն հրադադարին հաջորդած առաջին իսկ տարում դրսեւորվեցին ակնհայտ տարբերություններ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Չկարգավորվածության էությունը պետք է փնտրել ամենից առաջ այդ շարունակվող իրողության մեջ: Երախտագիտություն հայտնելով 1994 թ. գարնանը արյունահեղությունը դադարեցնելու միջնորդության համար, միաժամանակ պետք է արձանագրել, որ հրադադարը պահպանվում է ոչ այնքան նրանց, որքան հակամարտող կողմերի, հատկապես ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հանդուրժողականությամբ»:

Արցախցի խորհրդարանականի տեսակետովՙ Ադրբեջանը փաստացի գիտակցելով ստատուս-քվոնՙ իր հրապարակային կեցվածքում դրսեւորում է զոհի բարդույթ եւ իրողությունը մեկնաբանում է երրորդ կամ չորրորդ երկրների կողմից իր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ իբր ագրեսիայի արդյունք, եւ հենց այդ հանգամանքն է սահմանափակում Ադրբեջանի քաղաքական ու հանրային շրջանակների գործողությունները: Փոխանակ շփվելու ԼՂՀ իրենց գործընկերների հետ, նրանք փորձում են իրավիճակը շտկել միջազգային կառույցների միջոցով:

Հրադադարի համաձայնագիրը, Վ. Աթանեսյանի համոզմամբ, արդեն իսկ մեծ զիջում էր ԼՂՀ-ի կողմից, քանզի Ղարաբաղն ի վիճակի էր պատերազմի ընթացքում իր համար ապահովել անվտանգության ավելի բնական գոտի: «Ինչ խոսք, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, լրագրողների մակարդակով շփումներն անհրաժեշտ են: Հայերն ու ադրբեջանցիները հետայսու էլ ապրելու են հարեւանությամբ, ուստի ցանկալի է, որ լինեն որպես բարի դրացիներ: Չեմ կարծում, թե այս ճշմարտությունը պետք է նախ քաղաքականապես ձեւակերպվի եւ հետո միայն դառնա ժողովրդական դիվանագիտության խնդիր: Ցանկալի կլիներ, որ, իրոք, ժողովրդական դիվանագիտությունը քաղաքական գործիչներին հուշեր դա», ավելացրել է Արցախի խորհրդարանի անդամը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4