Թուրքիան սկսել է իր բանակի M-60 ամերիկյան հին տանկերի արդիականացման լայնածավալ գործողություն: Նախատեսվում է դրանք մի շարք բնութագրերով համապատասխանեցնել վերջին սերնդի իսրայելական տանկերին: Արդիականացման ծրագրի արժեքը 688 մլն դոլար է: «Դիֆենս նյուզ» հանդեսի տվյալներով, արդիականացվելու է 170 տանկ: Տանկերի արդիականացման վերաբերյալ իսրայելական ընկերություններից մեկի հետ պայմանագիր էր կնքվել դեռ 2002 թ., սակայն տեխնիկական պատճառներով դրա կատարումը հետաձգվել էր: Ապագա տանկերի որոշ բաղադրամասերի արտադրությունը սկսվելու է 2006 թ. վերջերին, իսկ նոր մեքենաների թողարկումըՙ 2007 թ. սկզբին: Թուրքական բանակը բոլոր 170 նորացված տանկերը կստանա մինչեւ 2009 թ.: Նույն ծրագրի շրջանակներում M-60 տանկերը հանդերձավորվել են մի շարք համակարգերով, որոնք օգտագործվում են իսրայելական «Մերկավա-IV» տանկերում: Մասնավորապես դրանք ենՙ կրակի կառավարման համակարգը, աշտարակի պտտման մեխանիզմը, կախովի զրահի համալիրները, ուժային կայանքը եւ 120 մմ-անոց թնդանոթը:
Պ. Ք.