Հայտարարում է թուրք իրավապաշտպան Զարաքոլուն
Նոյեմբերի 11-ին Նյու Յորքի Ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը «Այրվող Տիգրիսը» վեպի համար Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակով է պարգեւատրել ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանին: Այդ մասին «Ազգին» տեղեկացրել էր «Գլոբալհայ» լրատվական ծառայությունը, որի հաղորդագրությունը հրապարակվեց մեր թերթի նոյեմբերի 24-ի համարում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Յորքի Ջոն Ջեյի անվան բարձրագույն դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողությանը ներկա է եղել հայտնի թուրք իրավապաշտպան, Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: Մրցանակը ստանալու պահին Բալաքյանը բեմ է հրավիրել Զարաքոլուին, հայտարարել է, որ դա կիսում է նրա հետ եւ ավելացրել. «Չեմ պատկերացնում, որ Լեմկինի անվան մրցանակին ավելի արժանի մեկը, քան ինքն է»:
Պրն Զարաքոլուն պատասխան ելույթում շնորհակալություն է հայտնել եւ դիմել Բալաքյանինՙ ասելով. «Ինձ մեծ պատվի եք արժանացնում, խիստ զգացված եմ»: «Ազգի» խմբագրությունն ինտերնետի միջոցով ստացավ նաեւ Ռագըփ Զարաքոլուի ելույթը: Ելույթում նա խոսում է Լեմկինի վրա Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ձեռքով Թալեաթ փաշայի սպանության ազդեցության մասին, համեմատում է Մեծ եղեռնը եւ այլ ցեղասպանությունները միաժամանակ երեւան է հանում թուրքական ժխտողականության սնանկությունը:
Այս ամենը կարեւոր նշանակություն է հաղորդում պրն Զարաքոլուի ելույթին, որը հատվածաբար ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
«Մրցանակաբաշխության արարողության ժամանակ ցուցադրվեց Լեմկինի դեռեւս 1949 թ. տեսագրված հեռուստաելույթը: Նա միանշանակ ընդգծում էր, որ ցեղասպանության թեմայով սկսել է հետաքրքրվել 1915 թ. հայերի կոտորածների պատճառով, իսկ 1921 թ. Բեռլինում Թալեաթ փաշային ահաբեկած Թեհլերյանի դատավարությունը, իր իսկ խոսքերով, մեծապես ազդել է Լեմկինի վրա: Նրա մտքում սկսել է ձեւավորվել մարդկության դեմ կատարված հանցագործություններն անպատիժ չթողնելու հարցը, եւ նա մտածել է արդարադատության միջազգային այնպիսի մեխանիզմի ձեւավորման մասին, որն արդարության վերականգնման առումով փոխարիներ անհատներին»:
Այնուհետեւ Զարաքոլուն անդրադառնում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիային, նշում է, որ դա թեեւ ստորագրել էր 135 երկիր, սակայն ոչ մի կերպ չի հաջողվել աշխարհում կանխարգելել նոր ցեղասպանությունների իրագործումը: Նա այս հանգամանքը պայմանավորում է անպատժելիության մթնոլորտի կոնվենցիայի ընդունումով հանդերձ պահպանմամբ, ինչպես նաեւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների պատասխանատուներին դատապարտելու համար նախատեսված արդարադատության միջազգային մեխանիզմի մասին համաձայնագրի (որը ստորագրվել է 1998 թ. Հռոմում) տասնյակ տարիների ձգձգումով:
Վերջում Զարաքոլուն ավելացնում է. «Իրականում աշխարհի աչքի առջեւ տեղի ունեցան նաեւ 1915-ի իրադարձությունները: Այդ շրջանում դրանց մասին միայն «Նյու Յորք թայմսը» հրապարակեց շուրջ 200 նյութ: Դրանով հանդերձ առ այսօր ճշմարտությունն ուրանում են: Որքան էլ Քրեական գործերով միջազգային դատարանի ստեղծման նախաձեռնողներից լինի, ԱՄՆ-ը հրաժարվում է ճանաչել դատարանի իրավասությունը: Ներկայումս մեծ տերությունները, ելնելով իրենց շահերից, ցեղասպանության սպառնալիքը «մարդասիրական միջամտությամբ» կանխելու պատրվակով ռազմական գործողություններ են իրականացնում տարբեր երկրներում: Թուրքիան տեղ է զբաղեցնում 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան վավերացնող առաջին երկրների շարքում: Իսկ ԱՄՆ-ը դա վավերացրել է 1986 թ.: Կոնվենցիայի ցեղասպանության սահմանումը աննշան փոփոխություններով ընդգրկվել է նաեւ թուրքական քրեական նոր օրենսգրքում: Սակայն դա չի խանգարում Թուրքիային, որ շարունակի ժխտել 1915-ի իրողությունը»:
Հ. Չ.