Ականավոր հասարակական-քաղաքական, պետական գործիչ, հրապարակախոս, գրականագետ եւ լեզվաբան, մանկավարժ եւ մշակութաբան Նիկոլ Աղբալյանի ծննդյան 130-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը, որը կավարտվի այսօր, բացվեց երեկ` պետական համալսարանում: Միջազգային գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի եւ սփյուռքի մոտ 60 գիտնականներ, որոնց զեկույցները նպատակ ունեին համակողմանի ներկայացնել ու արժեւորել Նիկոլ Աղբալյանի գործունեությունը յուրաքանչյուր բնագավառում եւ կարեւորել նրա վաստակը նաեւ մեր օրերում:
Գիտաժողովի կազմակերպումը ուշագրավ էր այն բանով, որ, ինչպես նշեցին շատերը, Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում Նիկոլ Աղբալյանին նվիրված այսպիսի խոշոր միջոցառում: Ուշագրավ էր նաեւ Նիկոլ Աղբալյանի «Ընտրանու» վերջերս եղած հրատարակումը, որը կազմել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:
Գիտաժողովի բացումը կատարած ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում հատկապես ընդգծեց Նիկոլ Աղբալյանի` պետական համալսարանը հիմնելու սխրանքը: Ռեկտորը առիթը բաց չթողեց նշելու, որ համալսարանը կատարել է իր առջեւ դրված հիմնադիրների նախանշած խնդիրները. այն այժմ ունի 15 հազար ուսանող եւ 3 հազար 5 հարյուր աշխատող ու տալիս է սպասելի արդյունքներ: Կառավարության, վարչապետի եւ նախարարների անունից ելույթ ունեցավ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը` գնահատելով Նիկոլ Աղբալյանի կեսդարյան գրական-քննադատական գործունեությունը եւ այն համարելով այժմեական:
Գիտաժողովն արժանացավ նաեւ հայրապետական բարեմաղթությունների: Նվիրապետական կարգի կոպիտ խախտմամբ,Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մաղթանքի ընթերցմանը հաջորդեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը: Ամենայն հայոց հայրապետն իր բարեմաղթանքում հատկապես կարեւորել էր Նիկոլ Աղբալյանի` Էջմիածինը որպես բարձրագույն ուսումնական հաստատություն ճանաչելու նախաձեռնությունը:
«Սուրը չթողեց, որ երգիչ դառնամ, երգը չթողեց, որ մարտիկ դառնամ» Աղբալյանի խոսքերով իր ելույթը սկսեց Համազգայինի նախագահ Մկրտիչ Մկրտչյանը: (Նիկոլ Աղբալյանը նաեւ Համազգայինի հիմնադիրներից է): Նրա խոսքը ներկայացրեց Աղբալյան մտավորականին: «Իսկական մտավորականն այն է, որ կարողանա հասարակական եւ իմացական հարցեր դնել եւ փորձել դրանց լուծում տալ», նշել է մեծ մտավորականը:
Նիկոլ Աղբալյանի կրթական, մշակութային կարեւոր գործունեության մասին խոսեց Գառնիկ Անանյանը: «Գործին մեծ նվիրվածությամբ Նիկոլ Աղբալյանը ստեղծեց հանրային կրթության եւ մշակույթի ձեւավորման մի կուռ համակարգ, երբ նշանակվեց Հայաստանի առաջին հանրապետության հանրային կրթության եւ մշակույթի նախարար: Ուշագրավ է, շրջանային կառույցներին նրա իջեցրած շրջաբերականները, որով պահանջում էր բացել այնքան դպրոցներ, որ ոչ մի դպրոցահասակ երեխա դպրոցից դուրս չմնա», ներկայացրեց դեկանը:
Անչափ կարեւոր է նաեւ Նիկոլ Աղբալյանի գրականության պատմությունը, որի մասին զեկուցեց ֆրանսահայ գրող եւ գրականագետ Գրիգոր Պըլտյանը: Վերջինս նշեց Աղբալյանի մոտեցումները հմտության եւ գրականության պատմության մասին: Նա կարեւորել է լեզվի հարցը: Նշել է, որ գրականությունը ձեւ է եւ ոճ, պետք է ունենա հանրային բովանդակություն` ձեւավոր հորինվածքով:
Ինչ խոսք, գիտաժողովը լավ գաղափար էր ոչ միայն Նիկոլ Աղբալյանի վաստակը գնահատելու, այլեւ բավական հետաքրքրական տեղեկություններ իմանալու համար: Սակայն ինչպես հաճախ է պատահում, վատ էր կազմակերպչական կողմը: Ըստ կազմակերպիչների, լրագրողները որպես այդպիսին մասնակիցներ չէին համարվել եւ զրկվեցին Նիկոլ Աղբալյանի նորընծա գրքից եւ ինֆորմացիոն ինչ-որ փաթեթներից, որոնք «հատուկ նախատեսված էին մասնակիցների համար»: Ե՞րբ նման հավաքներ կազմակերպողները կհասկանան լրագրողների կարեւորությունը եւ չեն արժանացնի նման վերաբերմունքի: Ի՞նչ կարիք կար միայն գիտաժողովին մասնակից եւ Աղբալյանի կյանքին ու գործունեությանը փայլուն տիրապետող գիտնականներին բաժանել այդ փաթեթները, երբ հասարակությանը իրադարձության մասին տեղեկացնելու խիստ կարեւոր գործը կատարում են լրատվամիջոցները, որոնք այդպես էլ մնացին ձեռնունայն: Անգամ չտրամադրվեցին բանախոսների ելույթները (ավելի կոնկրետ` խիստ մերժեց Գառնիկ Անանյանը), երեւի լրագրողները պարտավոր են բոլորի 20 րոպեանոց ելույթները գրել կամ ձայնագրել: Մեր հարցին, թե ինչո՞ւ եք մամուլի հանդեպ այսպիսի վերաբերմունք ցուցաբերում, ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նախ լուրջ չընդունեց, հետո էլ ասաց. «Հաջորդ անգամ հաշվի կառնենք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ