«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


ՎԱՐՍԵՐԸ ՆԵՐԿԵԼԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱ՞ՆՋ Է, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Խանութներում վաճառվող մազերի ներկերի տեսականին ունի սպառողների հսկայական բանակ` կազմված ոչ միայն աղջիկներից եւ կանանցից, այլեւ տղամարդկանցից: Ժամանակի պահանջ է դա թե անհրաժեշտություն, դժվար է ասել, բայց ամեն դեպքում ներկեր օգտագործողներից յուրաքանչյուրն ունի իր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառը: Փողոցի անցորդներից եւ ծանոթներից մեր փոքրիկ հարցումները, որոնք վերաբերում էին մազաներկության անվտանգությանն ու օգտագործման անհրաժեշտությանը, պարզեցին հետեւյալը:

- Իհարկե, մազերը ներկելը լավ չէ, կոնկրետ իմ փորձից ես պարզել եմ, որ դա ազդում է մազերի որակի վրա, բայց նաեւ հնարավոր չէ առանց ներկելու, չեք պատկերացնում, թե ինչքան շուտ են սպիտակում: Չնայած գիտեմ, որ մազերիս որակը փչանում է, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում (Սիմոնյան Նարինե, մանկավարժ, 45 տարեկան):

22-ամյա Ռուզաննա Գեւորգյանը չի ներկում մազերը, բայց արդեն հայտնաբերել է մի քանի սպիտակ մազեր եւ վստահեցնում է, որ այսպես շարունակվելու դեպքում ստիպված կլինի ներկել: Թեպետ ուսանողուհին համոզված է, որ դրանից հետո մազերի որակը փչանալու է, բայց. «Որ անընդհատ ասեն մազերդ ինչո՞ւ են սպիտակել, պիտի ստիպված ներկեմ»: «Իսկ ինչո՞ւ մինչեւ այսօր չեք ներկել, ինչպես մյուս երիտասարդները» հարցին Ռուզաննան պատասխանեց. «Բնականից լավը չկա` համ գեղեցիկ է, համ որակով»:

Ինչպես երեւում է, որոշ կանայք մազ են ներկում` տուրք տալով նորաձեւությանը:

- Սկզբում բոլորը ներկում էին, հաճելի էր, ես էլ սկսեցի ներկել, բայց զղջացել եմ: Խորհուրդ չեմ տալիս ներկել, որովհետեւ հետո կախվածություն է առաջանում: Ինչ վերաբերում է ճերմակած մազերը ծածկելուն, ապա ինձ մոտ ներկելուց հետո մազերս սկսեցին ճերմակել, այնպես որ ներկած մազը ոչ գեղեցիկ է, ոչ էլ սպիտակ մազերն է ծածկում: (Վարդանյան Մարինա, իրավաբան, 45 տարեկան):

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Նարինե Մելքոնյանն էլ կարիք չի ունեցել վարսերի սպիտակ հատվածները ծածկելու եւ սկսել է մազերը ներկել լոկ այն պատճառով, որ գեղեցիկ է, եւ գրեթե բոլոր երիտասարդներն էլ այսօր ներկում են: - Չեմ կարծում, որ դրանից մազերը փչանում են, ընդհակառակը` ներկերը մազերին որակ են տալիս եւ արտասովոր փայլ,- կարծում է ապագա լրագրողը:

Պարուհի Նանա Ալեքսանյանը մազերը ներկել է ընդամենը 2 անգամ, երկու անգամ էլ թանկարժեք եւ լավագույն ներկերով: Հիմա չի ներկում, որովհետեւ սեփական փորձից համոզվել է, որ դրանից հետո վարսերն ավելի մեծ խնամքի կարիք են զգում, քան մինչ ներկելը: Բացի այդ, նրա խոսքերով, առաջանում են առողջական խնդիրներ` մազաթափություն, մազերի կոպտություն: «Ըստ էության, բնությունն արդեն ամենաճիշտ գունային ընտրությունը կատարում է: Կարծում եմ, մազերի գունափոխումը միջոց է ճերմակները ծածկելու, իսկ մինչ այդ` դրանք ավելացնելու», նշում է պարուհին:

Ինչ խոսք, մազերի ճերմակումը, այն էլ երիտասարդ տարիքում լուրջ խնդիր է, եւ երեւի թե այդ իմաստով մազերի գունավորումը հասկանալի է: Բայց, օրինակ, տարբեր ընկերությունների ներկերի վաճառքով երկար ժամանակ զբաղված Արսեն Կիրակոսյանը գտնում է, որ մազերը կարելի է ներկել միայն այն դեպքում, երբ արդեն 70 տոկոսով ճերմակել են: «Ներկելը նպաստում է ե՛ւ մազերի սպիտակելուն, ե՛ւ թափվելուն: Իհարկե, կապ ունի նաեւ ներկերի որակը», համոզված է նա:

«Շվարցկոպֆ» ֆիրմայի համանուն գեղեցկության սրահի վարսահարդար Սերինե Ավետիսյանը համոզված է, որ մազերի ներկումը վտանգավոր չէ, դա արվում է գեղեցկության համար: Ըստ նրա, եթե մազերն անգամ փչանում են, ապա վարսերը ծանրաբեռնելուց է:

Ավելի անկեղծ եղավ կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի կոսմետոլոգիայի բաժնի վարիչ Օհանյան Մարինեն: Նա սկզբում զայրացավ` նշելով. «Ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ ներկելը վնասակար է, երբ ամբողջ աշխարհը ներկում է, խանութներում 7-15 ներկերի տեսակներ կան վաճառքի»: Հետո սակայն բաժնի վարիչն ասաց, որ եթե մազերը ճերմակում են, ապա դա միակ ելքն է, այնուամենայնիվ ցանկալի չէ ներկելը` հատկապես երիտասարդ տարիքում: Նա խորհուրդ տվեց խիստ անհրաժեշտության դեպքում վարսերը գունավորել գոնե մեկ կամ մեկուկես ամիսը մեկ:

Թեպետ մազերի ներկումը արտասովոր երեւույթ չէ, քանի որ դա անում են նաեւ աստղերը` դերասաններն ու երգիչները, տղամարդիկ եւ անգամ որոշ պատգամավորներ, այնուամենայնիվ ցանկալի չէ: Քանի որ բնականը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ անվնաս: Այնպես որ ներկերի օգնությանը հարկ է դիմել հազվադեպ, խիստ անհրաժեշտ դեպքերում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4