«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԵՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՉ

Երեւանի գլխավոր հատակագծում գրեթե ամբողջությամբ կառուցապատված Օղակաձեւ զբոսայգին նշված է որպես կանաչ տարածք, այդպես նաեւ կենտրոնի կառուցապատված մյուս կանաչ տարածքներըՙ օպերայի այգին, Հրազդանի կիրճի կառուցապատված հատվածը եւ այլն: Արդեն մի քանի ամիս Թեքեյան մշակութային կենտրոնի հարեւանությամբ խփված կապույտ պաստառը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ասելով, նշանակում է, որ այնտեղ «արդիականացում է գնում, մենք ինքներս այդ նախագիծը համաձայնեցրել ենք նորմատիվների շրջանակներում, մեզ դիմել են տաղավարիկների տեղում բարեկարգման աշխատանքներ անելու համար: Նույնիսկ վարչությունից շինարարությանը հետեւող մարդիկ կան, որ շեղումներ թույլ չտան»:

Գլխավոր ճարտարապետի խոսքից պարզ դարձավ, որ Օղակաձեւ զբոսայգում առաջիկայում ոչ մի շինություն քանդման ենթակա չէ, ավելինՙ կառուցապատումը շարունակվում է ու դեռեւս կան չիրականացված նախագծեր: «Այդ նախագծերը մենք վերանայում ենք ու ավելի խիստ նորմատիվ պահանջներ դնում, իսկ եթե դիմում են նոր առաջադրանք ստանալուՙ նոր նորմատիվներ ենք դնում»:

Այնպես որ, երեւանցիներիս «SOS Երեւան» կանչելը որեւէ ազդեցություն չի գործել եւ գարնանը սրճարանային նոր «զարթոնք» է սպասում Երեւանի այգիներին:

Իսկ ի՞նչ է արվելու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում, որը կանաչ անվանելն ուղղակի անհարմար է: «Այդ տարածքի բարեկարգումը տեղի է ունեցել շեղումներով, հիմա վերանայում ենք նախագիծը, այսինքն, եղածը բերում ենք ընդունելի վիճակի, մտածում ենք սալահատակված մակերեսների փոքրացման մասին: Այդ աշխատանքները ընթացքի մեջ են»:

Սամվել Դանիելյանը համոզված է, որ մեր քաղաքում քաղաքաշինական բոլոր նորմերը գործում են ու քաղաքապետարանը պարտաճանաչորեն առաջնորդվում է դրանցով. «Այլ բան է, որ ժամանակին միգուցե այդ առումով որոշակի խախտումներ եղել են»: Այո, միգուցե: Իսկ գուցե ոչ մի խախտում էլ չի եղել, ու Երեւանը կառուցապատվում է քաղաքաշինական «յուրատիպ» նորմերո՞վ, ինչն ավելի իրատեսական է ու հավատ ներշնչող:

Նա վստահեցնում է, որ արդեն մի քանի տարի կենտրոն համայնքում տաղավարներ կառուցելու թույլտվություն չի տրվում, եղածները մանրակրկիտ ուսումնասիրում են, ու փորձ է արվում դրանք տեղափոխել այլ տեղեր: Իսկ թե ինչպես է պատահում, որ քաղաքի կենտրոնը, հատկապես այգիներն ու մայթեզրերը ամեն գարուն լցվում են նոր սրճարաններով, իսկ աշնանըՙ դրանց երկաթյա անճոռնի կմախքներով, ճարտարապետը պատասխանում է. «Ցավոք սրտի, խախտումներ միշտ կան: Հնարավոր չէ հասնել 100 տոկոսանոց արդյունքի, որովհետեւ հասարակության վերաբերմունքը դրա հանդեպ պետք է փոխվի»: Ինչպես մեզանում կատարվող բոլոր կամայականությունների ու անօրինականությունների դեպքերում, այստեղ եւս մեղավորը հասարակությունն է, ոչ թե պաշտոնյաները:

Բնապահպանության նախարարությունում երեկ անցկացված գլխավոր հատակագծի քննարկումը նա ձեւական չի համարում, որովհետեւՙ «մի բան կարելի է մի անգամ ձեւական քննարկել, 2 անգամ, մենք բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել տարբեր կազմակերպությունների պահանջով: Սա նախորդի շարունակությունն էր եւ անցկացվեց մեր նախաձեռնությամբ, որպեսզի կարողանայինք բնապահպանական փորձաքննություն անցկացնելու մեր առաջարկը հիմնավորել կոնկրետ արդյունքների վրա: Հակառակ դեպքում ինչ-որ բան շղարշված կմնար: Ես ուրախ եմ, որ տեղում ճշտելով փաստագրվեց, որ քաղաքի չնչին տոկոսն է կառուցապատված»:

«Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի ասելով, գլխավոր հատակագիծը լավ հեռանկարներ է նշում, բայց իրական վիճակը բավականին հեռու է նախանշվածից: «Հատակագիծը կարծես արված է բարվոք վիճակում գտնվող եվրոպական քաղաքի, այլ ոչ Երեւանի համար: Մինչդեռ մեր պատկերացումներով Երեւանն այսօր էկոլոգիական աղետի առջեւ է կանգնած, այն հայեցակարգը, որով հիմա քաղաքը կառուցապատվում էՙ ուղղակի կործանարար է: Կանաչ տարածքները քայլ առ քայլ ոչնչացվում են, ու շարունակվում է կենտրոնի անվերջ խտացումը: Մեր ցանկությունն է, որ իրական վիճակը համապատասխանի տեսականին եւ վերանայվի քաղաքի կառուցապատման հայեցակարգը: Շարունակաբար խոսում են միջին թվերի մասին, սակայն դրանք չեն արտացոլում իրական պատկերը», ասում է նա:

Բնապահպանության նախարարությունը դրական կգնահատի կատարված բնապահպանական փորձաքննությունը, իսկ «SOS Երեւան» կոալիցիան հանդես կգա Երեւանի ներկա վիճակի վերաբերյալ Ազգային ժողովում լսումներ անցկացնելու առաջարկով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4