Գրում է թուրքական «Զաման» թերթը
Նոյեմբերի 27-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Արդյունքները դեռեւս ճշտվում են: Պարզապես ասենք, որ դրանք Հայաստանի համար կարեւոր են միջազգային դիրքերի ամրապնդման, իշխանությունների համար ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հեղինակության բարձրացման, իսկ ընդդիմության համարՙ իշխանությունների դեմ պայքարում նոր լծակների ձեռքբերման առումներով:
Բարեփոխումների փաթեթի մշակմանը եվրոպացի մասնագետների ներգրավումն ապահովեց փաթեթին Եվրոխորհրդի հավանությունը: Բարեփոխումների փաթեթն, ըստ ամենայնի, արժանացել է նաեւ պաշտոնական Վաշինգտոնի հավանությանը, որ հանրաքվեի նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հանդես եկավ գրավոր հայտարարությամբ:
Բարեփոխումներին Եվրոխորհրդի եւ Վաշինգտոնի հավանությունը ենթադրում էր հանրաքվեի հարցում միջազգային աջակցության ցուցաբերումն իշխանություններին: Թերեւս այդ աջակցությունն էլ ստիպեց ընդդիմությանը, որ բարեփոխումներին «ոչ» քվեարկելու մարտավարությունից անցում կատարի հանրաքվեն բոյկոտելու մարտավարությանը: Այլ կերպ, իշխանությունների դեմ պայքարում նոր լծակների ձեռքբերումը վերջինս պայմանավորեց հանրաքվեի ձախողմամբ:
Հատկանշական է, որ սահմանադրական բարեփոխումների ձախողման հաշվարկներ են արել նաեւ Թուրքիայում: Այլապես թուրքական «Զաման» թերթը նոյեմբերի 27-ի համարում «Եթե հայերն «այո» ասեն, ապա երկրում կուժեղանա սփյուռքի ազդեցությունը» վերնագրով չէր անդրադառնա հանրաքվեին: «Զամանի» հոդվածում նշվում է սահմանադրական բարեփոխումներին պաշտոնական Անկարայի մոտեցումը, արվում են հետաքրքրական դիտարկումներ իշխանության եւ ընդդիմության միջեւ ուժերի հարաբերակցության մասին, միաժամանակ քննարկվում է գունավոր հեղափոխության հավանականությունը Հայաստանում:
Հոդվածն ընդհանրապես հետաքրքրական է, մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.
«Այսօր Հայաստանի ժողովուրդը խորհրդարանի եւ նախագահի միջեւ ուժերի հավասարակշռությունը ձեւափոխող սահմանադրական փոփոխությունների փաթեթին ձայն տալու համար գնում է քվեարկության: Անկարան զգուշավոր մոտեցում է ցուցաբերում Եվրոխորհրդի աջակցությանն արժանացած այս փաթեթին, որը ներառում է գործող սահմանադրության 119 հոդվածներից 107-ի վերանայումը, որովհետեւ փաթեթը Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշում դրսեւորող ֆանատիկոս սփյուռքի առջեւ բացում է երկակի քաղաքացիության հեռանկարներ: Հայաստանի քաղաքականության վրա սփյուռքի ունեցած ազդեցությունն ընդգծող թուրքական դիվանագիտական աղբյուրները նախազգուշացնում են. «Նախատեսվող փոփոխությունների կատարման դեպքում հայկական սփյուռքը, ստանալով քվեարկության իրավունք, էլ ավելի կուժեղացնի իր ազդեցությունը Հայաստանում, իսկ դա բացասաբար կանդրադառնա Անկարա-Երեւան հարաբերությունների վրա»:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն անիմաստ է համարում ընդդիմության բոյկոտի կոչըՙ մատնանշելով. «Նրանք, ովքեր այսօր բոյկոտում են հանրաքվեն, ժամանակին բոյկոտել էին ղարաբաղյան պատերազմը: Անհամեմատ լավ պայմաններում ապրելով, իրենք իրականում բոյկոտում են մեր երկրի եւ երեխաների ապագան»: Այդ ընթացքում ընդդիմությունը շարունակում է մերժել բարեփոխումների հաստատումը:
Սահմանադրական փոփոխությունների դեմ միավորված 18 կուսակցությունները բաժանվել են երկու մասի: Մեկը պահանջում է «ոչ» ասել բարեփոխումների փաթեթին, մյուսըՙ բոյկոտել հանրաքվեն: Ընդդիմության կարծիքով, սահմանադրական բարեփոխումների փաթեթի մերժումը լավ շանս է ինչպես երկրում դիրքերն ամրապնդելու, այնպես էլ քոչարյանական իշխանություններին տապալելու համար: Հայաստանի նախկին վարչապետներից Արամ Սարգսյանը իշխանություններին մեղադրում է հանրաքվեի արդյունքները կեղծելու ուղիների որոնման մեջ եւ նախազգուշացնում, որ այդօրինակ քայլերը կհանգեցնեն իշխող վարչակարգի ճակատագրի համար վճռորոշ հանկարծակի ըմբոստության: Սարգսյանն ասում է. «Ինչ էլ որ լինի, նոյեմբերի 28-ից հետո Հայաստանը բոլորովին այլ է լինելու»: Իսկ հայկական ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրաքվեն «անօրինական» է համարում:
Քաղաքական դիտորդների կարծիքով, հանրաքվեի դրական արդյունքը կարեւոր է երկրի քաղաքական զարգացման համար: Թեեւ նրանք հնարավոր են համարում, որ ընդդիմությունն ստանա ժողովրդի աջակցությունը, սակայն բացառում են Վրաստանի, Ուկրաինայի եւ Կիրգիզիայի օրինակով Հայաստանում գունավոր հեղափոխության հավանականությունը: Ըստ դիտորդների, երկրում չկան հեղափոխության համար անհրաժեշտ հիմքեր, միաժամանակ ընդդիմությունը այն ուժը չունի, որ հեղափոխություն իրականացնի: Մինչ այդ սահմանադրական փոփոխություններ պահանջող Եվրոխորհրդարանը, որ փոփոխությունների մշակման համար մասնագետ տրամադրելովՙ ուղղակի միջամտել է ՀՀ նոր սահմանադրության ձեւավորմանը, աջակցում է փոփոխություններին»:
Հ. Չ.