«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2005-11-25 | #216, 2005-11-26 | #217, 2005-11-29


ՄԱՅԴԱ ՍԱՐԻՍՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«Հազարավոր դարերի մեր քաղաքակրթությունը իր հետքերն է թողել Անատոլիայում: Բազում հայկական հուշարձաններ հասել են 21-րդ դարՙ հակառակ դրանք ոչնչացնելու փորձերին: Ես դրանք համարում եմ անցյալի հոգնատանջ վկաները, որովհետեւ ինչպիսի քայքայված վիճակում էլ լինեն, նրանք շարունակում են հպարտորեն գոյատեւել»: Այս միտքը տարբեր քաղաքներում իր ելույթների ժամանակ շեշտել է «Ակօս» թերթի մշակույթի բաժնի վարիչ, «Հայկական նկարչությունը սկզբից մինչեւ մեր օրերը» գրքի հեղինակ Մայդա Սարիսը, որը նոյեմբերի սկզբից շրջագայության էր դուրս եկել ԱՄՆ-ում եւ Կանադայումՙ հասարակությանը ներկայացնելու իր նոր գիրքը:

Լոս Անջելես, Բեյրութ, Նյու Յորք, Ֆիլադելֆիա եւ Մոնրեալ քաղաքների այցելությունները հովանավորել են տեղի պոլսահայերի կազմակերպությունները, Չիկագո այցելությունըՙ տեղի ՀԲՄԱ-ի մասնաճյուղը, իսկ Նյու Յորք այցելությունըՙ Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

264 էջանոց հատորը պարունակում է 400 գեղեցիկ նկարներ, 48 գլուխ, որոնցից մեկըՙ «Հայ նկարիչները օսմանյան մայրաքաղաքում» հատկանշական է նրանով, որ ներկայացնում է Մանաս ընտանիքին, որի 7 անդամները 2 դար շարունակ եղել են օսմանյան պալատի ծառայության մեջ կա՛մ որպես նկարիչներ, կա՛մ որպես գրագիրներ: Այլ նկարիչների շարքում հեղինակը նշում է նաեւ գեղարվեստի դպրոցի հիմնադիր Երվանդ Օսկան էֆենդիի անունը: Գիրքն ընդգծում է նաեւ հայ նկարիչների այբբենական ցանկը, նրանց մասին կենսագրական տվյալների հանրագիտարանների կամ բառարանների ցուցակը:

Իր այցելությունների ընթացքում Մայդա Սարիսը ջերմ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի տնօրենների, ինչպես նաեւ մշակութային հաստատությունների աշխատողների հետ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4