Խանտի Մանսիյսկում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որ անցկացվում է նոկաուտ համակարգով: Մրցաշարին մասնակցում են 46 երկրների 128 շախմատիստներ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են զույգերի: Մրցակիցները դասական շախմատի կանոններով երկուական պարտիա կանցկացնեն: Եթե դրանք չորոշեն հաղթողին, ապա նրանց միջեւ կանցկացվի երկու պարտիա արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքումՙ նաեւ կայծակնային մրցաշար: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը մոտ 1,5 մլն դոլար է: Լավագույն արդյունք ցույց տված 5 շախմատիստները Կասիմջանովի հետ իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության փնջային մրցաշարին:
Հայաստանի 4 պատվիրակներից (ինչպես տեղեկացրել էինք, Վլադիմիր Հակոբյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր մասնակցությունից) բոլորից հաջող մեկնարկեց մասնակիցներից 3-րդ վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանը (2724) , որն առաջին պարտիայում հաղթեց եգիպտացի Ալի Ֆրհատին: Կարեն Ասրյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան չին շախմատիստ Վանգ Յուի հետ, Ռաֆայել Վահանյանը խաղաղ դաշն կնքեց լեհ Ռոբերտ Կեմպինսկու հետ: Բավական ուժեղ մրցակից է բաժին ընկել Արտաշես Մինասյանին: Նա առաջին պարտիայում սպիտակներով պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին եւ հայտնվեց ծանր կացության մեջ: Պայքարը շարունակելու հնարավորություն ստանալու համար Մինասյանին հարկավոր է սեւերով հաղթել մրցակցին, ինչն անչափ դժվար կլինի:
Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆիլիպինցի Մարկ Պարագուայի հետ: Մեկնարկում գրանցվեցին անակնկալ մի շարք արդյունքներ: Ֆրանսիացի Ֆրանսիսկո Վալյեխոն սպիտակներով զիջեց չին Շիլոնգ Լիին, Մամեդյարովը պարտվեց ղազախստանցի Նուռլան Իբրաեւին, իսկ ճապոնացի Նակամուրան միավորը զիջեց հնդիկ շախմատիստ Սեկար Գանգուլիին:
Մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Վասիլի Իվանչուկը պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Սիբրիաեւին: Հաղթանակով մեկնարկեցին նաեւ ճանաչված շախմատիստներ Էթիեն Բաքրոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Թեյմուր Ռաջաբովը, Իվան Սոկոլովը, Ալեքսեյ Դրեեւը, Գատա Կամսկին, Վիորել Բոլոգանը, Եվգենի Բարեեւը, Սերգեյ Ռուբլյովսկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ