«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Թերեւս դրանով էլ ժամանակավորապես հրաժարվում է մեկուսացման նկրտումներից

Ամերիկյան «Նյուզուիք» հանդեսը վերջին համարում գրել է, որ նախագահ Ջորջ Բուշը իրանցի դիվանագետների հետ հանդիպելու լիազորություն տվեց Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Զալմայ Հալիլզադին: Հանդեսի տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Շոն Մկքորմակը: Այդ ընթացքում Հալիլզադը, պատասխանելով «Նյուզուիքի» հարցերին, ասել է. «Իրաքի շուրջն իրանցիների հետ, ինչպես Աֆղանստանի պարագայում էր, հանդիպումներ անցկացնելու լիազորություն եմ ստացել նախագահից»:

«Նյուզուիքի» տեղեկությունը պետքարտուղարությունում, դրա պաշտոնապես հաստատումը եւ Հալիլզադի պարզաբանումը հիմք են տվել միջազգային շրջանակներին, որ նրանք արտահայտվեն Իրանի հետ սահմանափակ երկխոսություն սկսելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին: Մինչդեռ այդ նույն շրջանակները բուռն հակազդեցություն էին ցուցաբերել «Իսրայելը քարտեզից ջնջելու» Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի հոկտեմբերի 26-ին Թեհրանում արած հայտարարությանը: Նրանց հակազդեցության հիման վրա աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները ենթադրություններ էին արել, որ աննախադեպ կուժեղանան Իրանի վրա միջազգային ուժերի ճնշումները, նրա դեմ ԱՄՆ-ը կդիմի պատժամիջոցների, դրանք կհամադրվեն Եվրոմիության պատժամիջոցների հետ, այսպիսով նա կկանգնի լիակատար մեկուսացման սպառնալիքի առջեւ:

Մինչ առաջնակարգ լրատվամիջոցները Իրանի համար չարաբաստիկ կանխագուշակումներ էին անում, նախագահ Ահմեդինեժադի հայտարարությանը նոյեմբերի 4-ի համարում անդրադարձավ նաեւ «Ազգը» եւ դա պայմանավորեց քաղաքական հաշվարկներով: Մեր թերթը, կարեւորելով այդ հաշվարկներից ռազմական ներխուժման առումով Իրանի դեմ ուղղված սպառնալիքի բուն աղբյուրի քողազերծումը, նշեց, որ ամերիկյանով միջնորդավորված իսրայելական սպառնալիքները տարածաշրջանի երկրների համար կդառնան ավելի անընդունելի, Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ամեն մի գործողություն կհամարվի Իսրայելի պատվերը, այդ դեպքում ԵՄ-ը կդժվարանա հավանություն տալ դրան, իսկ իսլամական աշխարհը բուռն հակազդեցություն կցուցաբերիՙ համախմբվելով Իրանի շուրջը:

Իրանի հետ սահմանափակ երկխոսություն սկսելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին «Նյուզուիքի» տեղեկությունը ցույց է տալիս, որ նախագահ Ահմեդինեժադի հայտարարությունից հետո ամերիկացիներն սկսել են այդ երկխոսության նախադրյալներ ստեղծել, այլ ոչ թե, ինչպես ենթադրվում էր, ձեռնամուխ եղել իրանական պետության լիարժեք մեկուսացմանը:

Քանի որ մինչ այդ երկխոսության առաջարկով Իրանին էին դիմել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, ուստի մեկուսացման առումով Եվրոմիության աջակցությունը ակնկալող ԱՄՆ-ը, չստանալով դա, ինքն է ստիպված հետեւել եվրոպական այս կառույցի երկխոսությունը վերականգնելու օրինակին:

Այլ կերպՙ նախագահ Ահմեդինեժադի վերոհիշյալ հաշվարկներով ի չիք են դարձել Իրանին կատարելապես մեկուսացնելիս նաեւ ԵՄ-ի աջակցությանն ապավինելու Վաշինգտոնի հաշվարկները: Դրան ըստ ամենայնի մեծապես նպաստել է նոյեմբերի 20-ին Իրանի խորհրդարանի ընդունած օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է արգելել օտարերկրացի տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկման դնի հակաիրանական տնտեսական պատժամիջոցների հարցը:

Իրանի հետ սահմանափակ երկխոսություն սկսելու Վաշինգտոնի պատրաստակամությունը իրանական խորհրդարանի ընդունած օրենքի հետ համադրելու դեպքում ակնհայտ կդառնա, որ պաշտոնական Թեհրանն այդ օրենքով նախաձեռնությունից զրկել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին ու վերջիններիս հետ հարաբերություններում ինքն է տիրացել նախաձեռնությանը:

Կարեւոր է քաղաքական հաշվարկների նշանակությունը քաղաքականության մեջ, նախաձեռնություններիննՙ առավել եւս: Հաշվարկը ճիշտ կատարելու, նախաձեռնությունը ժամանակին ցուցաբերելու դեպքում միանգամայն հնարավոր է ստիպել միջազգային ուժերին, որ նրանք հրաժարվեն մեկուսացման նկրտումներից եւ երկխոսության պատրաստակամություն հայտնեն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4