Երեւանի մամուլի ակումբի դիտարկումներով
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության դիտարկումները (նոյեմբերի 5-25-ը) ցույց են տվել, որ Հայաստանում մեծ ծածկույթ ունեցող 4 հեռուստաընկերությունները (Հ1, Հ2, «Արմենիա», ԱԼՄ) չեն ապահովել քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում: Մեկնաբանական ծրագրերից միայն Հ1-ի «Խաչմերուկն» է պահպանել հավասարակշիռ մոտեցումՙ հավասարապես հրավիրելով «այո»-ի եւ «ոչ»-ի մեկական կողմնակիցների:
Դիտարկված 7 թերթերից («Առավոտ», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ») առավել հավասարակշռված ու չեզոք լուսաբանմամբ առանձնացվել է «Ազգը»:
Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ լրատվամիջոցների ուշադրությունն ընդհանուր առմամբ գնահատվել է բավարար: Հեռուստաընկերությունները թեման հիմնականում ներկայացրել են դրական լույսի ներքո, քիչ ավելի պակաս են եղել չեզոք լուսաբանումները, ավելի քիչՙ բացասական կարծիքները, մանավանդ լրատվական թողարկումներում: Օրինակ, «Արմենիա» հեռուստաընկերության «ժամը» լրատվական ծրագրում 3 շաբաթվա ընթացքում բացասական ոչ մի տեսակետ չի հնչել, «Հայլուրում» եղել է բացասական 8, «Լրաբերում»ՙ 9-ը, «Օրեցօրում»ՙ 3: «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» ծրագրի 13 հաղորդումներից 12-ի մասնակիցները եղել են «այո»-ի կողմնակիցներ, նույնը Հ2-ի «Չորրորդ ստուդիա» հաղորդաշարումՙ 9 հաղորդումներից միայն մեկին է մասնակցել «ոչ»-ի կողմնակից: Արամ Սաֆարյանի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին ոչ մի ընդդիմադիր գործիչ չի մասնակցել, ավելինՙ հաղորդումներից մեկի հյուրերը եղել են ԱԺ փոխնախագահները:
Թերթերին առավելապես բնորոշ է եղել կարծիքների բեւեռացումըՙ «այո»-ի ակնհայտ կողմնակիցներն են եղել «Հայաստանի Հանրապետությունը», «Ռեսպուբլիկա Արմենիան», «Հայոց աշխարհը», իսկ «Հայկական ժամանակը»ՙ «ոչ»-ի ակնհայտ կողմնակից: Համեմատաբար հավասարակշռված են եղել «Գոլոս Արմենիի» թերթի լուսաբանումները:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ասելով, քարոզչության թերություններից մեկն ընդհանուր մթնոլորտն ու քննարկումները քաղաքականացնելն էր. «Հատկապես երկու թերթերՙ «Հայկական ժամանակն» ու «Հայոց աշխարհը» անդրադարձան ոչ թե փոփոխությունների բուն բովանդակությանը, այլ իրենք իրենց ներկայացրին սեփական վերաբերմունքը: Քարոզչության ընթացքում միջազգային չափանիշներին համապատասխան չեզոքություն ապահովեց միայն «Ազգ» թերթը», «Կոնգրես» հյուրանոցում երեկ հրավիրած քննարկման ժամանակ ասաց նա:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բացասական ոչ մի տեսակետ չի հնչել, 125 նյութերից 53-ը դրական են եղել, 72-ըՙ չեզոք: «Ռեսպուբլիկա Արմենիայում»ՙ 13 դրական, 19 չեզոք, «Հայոց աշխարհում»ՙ 70 դրական, 3 բացասական, 72 չեզոք: Հակառակ պատկերն է եղել «Հայկական ժամանակում»ՙ 153 նյութերից 69-ը բացասական, 76-ըՙ չեզոք, 8-ըՙ դրական: «Գոլոս Արմենիիում»ՙ 18 դրական, 4 բացասական, 34 չեզոք, «Առավոտում»ՙ 11 դրական, 42 բացասական, 133 չեզոք, «Ազգում» դրական է եղել 7 նյութ, բացասականՙ 8, չեզոքՙ 28:
Գյումրիում ու Վանաձորում կատարած դիտարկումների արդյունքները ներկայացրեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նյութերի 60 տոկոսը հեռարձակվել է լրատվական թողարկումներով, գրեթե բացակայել են բազմակողմանի լուսաբանումներն ու քննարկումները: Քարոզարշավի ընթացքում Գյումրիում եթեր է հեռարձակվել 2, Վանաձորում 3 հաղորդում, բոլորն էլ հիմնականում «այո» են քարոզել:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ