«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2005-11-29 | #218, 2005-11-30 | #219, 2005-12-01


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՕՐԻՆԱԳԻԾ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատըՙ Ազգային ժողովը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել հակաահաբեկչական հատուկ օրենքի ընդունմանը: Փաստաթղթում մի շարք միջոցներ են նախատեսվում իրավապահ մարմինների հակաահաբեկչական գործունեությունը դյուրացնելու նպատակով:

Այսպես, ոստիկանությունն իրավունք կունենա ահաբեկչության մեջ կասկածվող անձանց կալանավորելու ավելի երկար ժամկետով, իսկ մարդկանց կուտակման վայրերի մեծ մասում կթույլատրվի տեղակայել տեսախցիկներ: Ֆրանսպրեսը նշում է, որ իրավակարգի ուժերը նաեւ իրավունք կստանան հետեւելու այն անձանց, որոնք այցելում են ծայրահեղական խոշոր կազմակերպություններ եւ ահաբեկիչների պատրաստման կենտրոններ ունեցող երկրներ:

Օրինագծի քննարկման ժամանակ ներքգործնախարար Նիկոլս Սարկոզին պարզաբանել է, որ նոր կանոնները չեն սահմանափակի օրինապահ ֆրանսիացիների իրավունքներն ու ազատությունը, իսկ իրավապահներին թույլ կտան կանխել դիվերսիաները եւ ոչ թե զբաղվել արդեն կատարված ահաբեկչությունների կազմակերպիչների որոնումներով:

«Փաստաթղթի իմաստն այն է, որ անհրաժեշտ է խուսափել վատթարագույնից: Ոստիկանությանը եւ հատուկ ծառայություններին պետք է տալ աղետի կանխման լիազորություններ», ընդգծել է Սարկոզին:

Նոր օրենքին դեմ են քվեարկել 400 պատգամավորներից միայն 27-ը (կոմունիստներ եւ «կանաչներ»):

Օրենքը ուժի մեջ կմտնի Սենատի հավանությունը եւ հանրապետության նախագահի ստորագրությունն ստանալուց հետո:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են եկող տարվանից սկսել մոտ 25 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսման գործողություններ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4