«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2005-11-29 | #218, 2005-11-30 | #219, 2005-12-01


Ի ՊԱՏԻՎ ՀԱՅ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂԻՆՙ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ

Երեւանի Տերյան փողոցի թիվ 62 տունը քաղաքի համար հիշողության նոր վայր դարձավՙ պատին փակցված հուշատախտակի շնորհիվ. վկայություն, որ հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարը 1935-38 թթ. ապրել է այս տանը: Սա հարգանքի տուրք է մեծավաստակ գիտնականին, որի ներդրումը հայագիտության, հնագիտության, հայ մշակույթի ասպարեզում, հիրավի, արժեքավոր եւ եզակիորեն կարեւոր է գիտության համար:

Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թ. Լոռու Արդվին գյուղում: Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին: 1914-ին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը եւ այդ աշխատանքների շնորհիվ են այսօր Հայաստանում պահպանվում Անիի հնագիտական նյութերը, որոնք գիտնականը փրկեց 1918 թ.: Մինչ այդՙ 1917-ինՙ Ն. Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավանքներին:

Աշխարհբեկ Քալանթարը Երեւանի պետական համալսարանի 7 հիմնադիր դասախոսներից էր, ուր նաեւ ստեղծեց հնագիտության ամբիոնը: 1922-ին հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը, ինչպես եւ հիմնադիրներից մեկը եղավ Հայաստանում հնությունների պահպանության կոմիտեի: Նա ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր ու պեղումներ, իբրեւ հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ:

Աշխարհբեկ Քալանթարի բացառիկ բեղմնավոր գիտական եւ մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան ռեպրեսիայի տարիներինՙ 1938 թվականին, մահացավ 1942-ին:

Պրակտիկ գործունեությանը զուգահեռ նրա կատարած գիտական հետազոտություններն ու ուսումնասիրություններըՙ «Հայաստան. Քարե դարից միջնադար», «Վանստանի արձանագրությունները» եւ «Նյութեր հայկական եւ Ուրարտական պատմությունից» հատորները անգլերենով վերջերս հրատարակվեցին Փարիզումՙ «Մերձավոր Արեւելքի քաղաքակրթությունները» հեղինակավոր մատենաշարովՙ արժանանալով եվրոպական մասնագետների բարձր գնահատանքին: Հռոմի համալսարանի պրոֆ., նշանավոր ուրարտագետ Սալվինին գրում է, որ Քալանթարի գրքի հրատարակումով գիտության համար լիակատար ոչնչացումից փաստորեն փրկվում են Վանի ուրարտական արձանագրությունների մի հատվածը: Չիկագոյի համալսարանի պրոֆ., հնագետ Ադամ Սմիթը գրում է. «Քալանթարի կյանքը եւ գործը բացահայտում են այն մնայուն կարեւորությունը, որ ունի Հայկական լեռնաշխարհը համաշխարհային պատմության մեջ»:

Իսկ «Ամերիկյան հնագիտական հանդեսը» Ա. Քալանթարի փարիզյան այս հրատարակության առաջին հատորի գրախոսականում գրում է. «Եթե մինչ այժմ Լեման-Հաուպտն ու Մառն էին համարվում Հարավային Անդրկովկասի վաղ պատմության հետազոտությունների նախաձեռնողները, ապա այս հատորը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ոչ այլ ոք, քան Աշխարհբեկ Քալանթարն է եղել Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը»:

Երբ մտքի մշակն ու նվիրյալն իր տաղանդն ու իմացությունն է բերում հայրենի գիտությանն ու մշակույթին, հետագա սերունդներն էլ պարտավոր են պահել-պահպանել այդ արժեքները եւ ճանաչելի դարձնել դրանքՙ իբրեւ գնահատումն այդ վաստակի ու նվիրումի: Այս գիտակցության դրսեւորումներից է գիտնականի ապրած տան պատին հուշատախտակի տեղադրումը, որի բացման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ինՙ հայ գիտության ու մշակույթի անվանի գործիչներ, ակադեմիկոսներ Գրիգոր Գուրզադյանի, Վարազդատ Հարությունյանի, Վլադիմիր Բարխուդարյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի, ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի, արվեստաբան Լեւոն Չուքասզյանի եւ այլոց ներկայությամբ: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարեցին հնագետի դուստրըՙ Մարիաննա Գուրզադյանը եւ Վարազդատ Հարությունյանը, որն անձամբ ճանաչել է Քալանթարին:

«Աշխարհբեկ Քալանթարը մեր հայագիտության նվիրական ու ողբերգական անուններից է: Ինչպես իր բացառիկ ուսուցիչներըՙ Հովսեփ Օրբելին, Ն. Ադոնցը, ինքն էլ չէր կարող բավարարվել միայն պատմության, լեզվի կամ հնագիտության ասպարեզներով: Նրա աշխատանքները հավասարապես կարեւոր են ինչպես հայ ճարտարապետության, պատմության, նաեւ արվեստի ուսումնասիրությունների համար», արժեւորումի իր խոսքում Լեւոն Չուքասզյանն անդրադարձավ գիտնականի քաղաքացիական կեցվածքին նաեւ, երբ Ա. Քալանթարը 30-ականներին շարունակաբար դիմում էր պատկան մարմիններինՙ Սբ. Պողոս-Պետրոս եւ Կաթողիկե եկեղեցիների քանդումը կանխելու բազմաթիվ գրություններով: Դժբախտաբար, նրա ջանքերն այս ուղղությամբ ապարդյուն անցան (առաջինըՙ քանդվեց, Կաթողիկե եկեղեցու մի մասը մնաց), սակայն մեզ ավանդված նրա ուսումնասիրություններն այս մասին, փաստելով պատմական իրողությունները, նաեւ պատվիրան են հետագա սերունդներինՙ կանխելու պատմամշակութային արժեքների ոչնչացման բարբարոս գործելակերպը, ինչը շատ արդիական է այժմՙ մեր քաղաքի համար:

«Մեր ժողովրդի համար շատ կարեւոր է մի նոր դասակարգ, որ եղել է եւ այսօր չկաՙ մտավորական, արիստոկրատ դասակարգի վերականգնման մասին է խոսքը, առանց նրանց մեր ժողովուրդը դժվար թե շատ կարողանա առաջանալ», այսպիսին էր օրվա խորհրդիՙ Հակոբ Հակոբյանի մեկնաբանությունը:

Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռներըՙ նշանավոր գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը: Վահագն Գուրզադյանը գիտական գործունեությանը զուգահեռ երկար տարիներ նախանձախնդրորեն զբաղվել է հայագետի արխիվների պրպտումներով, նրա ուսումնասիրություններն ամբողջացնելու եւ հրատարակության պատրաստելու աշխատանքներով: Նա ներկայացրեց Ա. Քալանթարի գիտական գործունեության տարբեր ոլորտների մասին արժեքավոր տեղեկություններ:

Հուշատախտակը, որ հեղինակել է վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը, կրում է մի քանի խորհրդանիշներ: Շրջանակը կրկնում է Անիի զինանշանի ուրվագիծը. (Քալանթարը ուներ ուսումնասիրություն այդ զինանշանին նվիրված): Զետեղված է Քալանթարի Վանում հայտնաբերած Ուրարտուի Մենուա թագավորի արձանագրության մի հատված, ինչպես նաեւ մի զարդանախշ Վանստանի վանքից, որի արձանագրությունները ուսումնասիրել էր գիտնականը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4