«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2005-11-29 | #218, 2005-11-30 | #219, 2005-12-01


ՏԱՐՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՓԱՐԻԶԻ «ՄՈՒՎԱՆՍ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Փարիզի կենտրոնում գտնվող պատկերասրահներից «Գալըրի Մուվանսում» նոյեմբերի առաջին կեսին ցուցադրված էին ֆրանսահայ նկարիչ Տարոն Մուրադյանի մի շարք գործեր: Նրա նկարներում պատկերված են հեռավոր ժամանակների թագավորներ, զինվորներ, թագուհիներ, կենդանիներ: «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ:

Նկարիչը կլոր ձեւեր է հաղորդում պատկերներին, մեղմացնում անկյունները, առավել կարեւորում կտավի խորքային մասը: Նրա երբեմնի «հոլանդական» կտավներն անհետացել են. ներկայիս գործերում ասես տեսանելի լինեն Հայաստանի գյուղական տների ուրվագծերը:

Իշխանության երգիծումը եւ սարսափազդու սամուրայների նկատմամբ հիացական վերաբերմունքը Մուրադյանի գեղանկարչության երկու մշտական թեմաներն են: Նրա կտավներում արքան նավարկում է ընտանյոք, բայց չի կարողանում կամ չի ուզում կառավարել իր նավը: Կերպարները կորցնում են իրենց կարգը, արժանապատվությունը, արժեքը. «հերոս օդաչուի» օդանավը լարվում է բանալիով, արքան շարժվում է անվավոր խաղալիքի պես եւ այլն:

Ուժգին քամին ասես քշել-տարել է կերպարներին եւ առարկաներին, որոնցից յուրաքանչյուրն ընկել է որտեղ պատահի: Դիպվածը սրճաղաց է տեղադրել ասպետի գլխին, ձուՙ արքայի թագին, կերտելով մի զվարճալի աշխարհ, որտեղ ոչինչ այլեւս իմաստ չունի: Տարոնի նկարչությունը թեթեւ է, հարթ, շատ է կարմիր գույնը եւ շարժումը, կերպարները հանդիպում են եւ մարտնչում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4