Յունեսկոն հայկական փողային գործիք դուդուկի երաժշտությունը ճանաչել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: Կազմակերպության մամլո տեղեկագրում նշվում է, որ վերջին տասնամյակներին դուդուկն ավելի ու ավելի քիչ է օգտագործվում ժողովրդական տոնակատարությունների ժամանակ, աստիճանաբար ավելի մեծ տեղ զբաղեցնելով համերգային կատարումներում: «Կուլտուրա» ռադիոկայանն այս կապակցությամբ ընդգծում է, որ դուդուկը դառնում է բարձր մշակույթի բաղադրամաս:
Ծիրանենուց պատրաստվող հին հայկական գործիքիՙ դուդուկի երաժշտության ամենահայտնի կատարողներն են Ջիվան Գասպարյանը, Մկրտիչ Մալխասյանը եւ Սերգեյ Կարապետյանը:
2003 թ. Յունեսկոն 28 նոր գլուխգործոց ավելացրեց 2001 թ. պատմական, գեղարվեստական եւ ազգագրական նշանակալի արժեքներ հռչակված առաջին 19 գլուխգործոցների ցանկին: Այս տարի Յունեսկոյի ոչ նյութական գլուխգործոցների թվին դասվեց նաեւ յակուտական «Օլոնխո» էպոսն ասացողների արվեստը: Երկրորդ աշխարհամարտից առաջ Յակուտիայում կար մոտ 400 ասացող, բայց ներկայումս տարածաշրջանի սրընթաց զարգացումը եւ լեզվական փոփոխությունները հանգեցրել են ժողովրդական այդ ժանրի գրեթե լիակատար անհետացմանը:
Յունեսկոյի հայտարարած մրցույթին մասնակցում էր 107 երկիր, ժյուրիի դատին ներկայացնելով ժողովրդական ոչ նյութական ստեղծագործության զանազան նմուշներՙ երգեր, պարեր, ավանդազրույցներ, էպոսներ, ավանդական ժողովրդական տոնակատարություններ: Ի վերջո, հեղինակավոր ժյուրին ընտրեց «Մարդկության գլուխգործոցներ» մրցույթի 43 հաղթողների: Բոլոր հաղթողներն ընդգրկված են Յունեսկոյի կազմած մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության համաշխարհային ցանկում:
Վերջերս Յունեսկոն բանավոր եւ ոչ նյութական ժառանգության գլուխգործոցներ էր ճանաչել երաժշտական կատարման «մուղամ» ավանդական համակարգը (Ադրբեջան), Բինշեի կառնավալը (Բելգիա), Կիխնու կղզու մշակութային տարածքը (Էստոնիա), տիեզերքի ընկալման անդյան համակարգը (Բոլիվիա), «վայապի» կոչվող բանավոր եւ գծանկարչական արտահայտչաձեւերը (Բրազիլիա), ակա պիգմեյների բանահյուսությունը (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն), Կամբոջայի թագավորական բալետը, գուկին գործիքի երաժշտությունը (Չինաստան):
Պ. Ք.