Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ քննվեց «Ռայթ իրավաբանական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառած երկամսյա կալանքը եւս 2 ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը, ինչը դատարանը խոնարհաբար ընդունեց:
Գլխավոր դատախազությունը հունիսի 10-ին հարուցել էր քրեական գործ, որում Գրիգորյանը հրավիրվել էր որպես վկա, սակայն լինելով փաստաբան, հրաժարվել էր ցուցմունք տալուց: Հոկտեմբերի 7-ին նա ձերբակալվել էր խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ վճռաբեկ դատարանը մինչ օրս չի պատասխանել:
Բուզանդի փողոցի 4 ընտանիքների սեփականության իրավունքները պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանի ներկայությունը հնարավոր էր եղել ապահովել նրա 10 փաստաբանների պահանջով: «Մեր միջնորդությամբ նա մասնակցեց գործի քննությանը, սակայն կայացվեց մի անհեթեթ որոշում: Նշեմ միայն մի հանգամանք, իսկ մնացածի մասին մանրամասն կխոսենք առաջիկա մամլո ասուլիսի ժամանակ: Քննիչի միջնորդության համաձայն, գլխավոր դատախազությունը նախաքննության ժամկետը երկարացրել է մինչեւ դեկտեմբերի 10-ը, ինչը նշանակում է, որ այդ ժամկետից հետո քննիչը իրավասություն չունի քննչական գործողություններ կատարելու: Մինչդեռ նա պահանջեց Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը: Բավարարելով քննիչի միջնորդությունըՙ դատարանը ստեղծեց հետեւյալ իրավիճակըՙ առանց նախաքննություն անցկացնելու Վահե Գրիգորյանը պահվում է կալանքի տակ: Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր բազմաթիվ հայտարարությունները, որ սա փաստաբանների դեմ ուղղված մարտահրավեր է, որին, ցավոք, մեր դատարաններն անզոր են դիմակայելու եւ մի քանի անձանց պատվերները չկատարելու: Թե մեզանում ե՞րբ կվերանա այս խայտառակությունը, դեռ հայտնի չէ», ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Փաստաբանները մտադիր են հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել մի քանի օրից Վահե Գրիգորյանի կալանավորման բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան մտցնելու համար: «Վճռաբեկ դատարանից բողոքի պատասխանը դեռ չստացած, այսօր երկարացվում է կալանքի տակ պահելու ժամկետը», հավելեց նա: Իր ներկայացրած միջնորդությունը քննիչ Արմեն Նիկողոսյանը փորձել է բացատրել լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Իսկ ինչո՞ւ նույն գործողությունները հիմք չեն հանդիսացել գործով մեղադրյալ Ալեքսանդր Հակոբյանին կալանքի տակ պահելու համար, որովհետեւ «նա կատարել է քննիչի պայմանները. նրա հետ կնքվել է գործարք, նա «ցուցմունք» է տվել Վահե Գրիգորյանի դեմ, դրա դիմաց մնալով ազատության մեջ», համոզված է փաստաբանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դատական նիստի ավարտին դատավորն իրենց հնարավորություն չի տվել արտահայտվելու եւ անմիջապես հեռացել է խորհրդակցական սենյակ: «Մենք նաեւ փաստաթղթեր ունեինք ներկայացնելու դատավորին, սակայն նա քննիչի միջնորդությունը բավարարելուց հետո հեռացավ դահլիճից: Այդ միջնորդությամբ կալանքի ժամկետը պետք է երկարացնել, որովհետեւ ազատության մեջ լինելու դեպքում Վահե Գրիգորյանը կխոչընդոտի քննչական գործողությունների կատարմանը: Դրանք շաբլոն բացատրություններ ենՙ կարող է խանգարել, փաստաթուղթ կեղծել, բայց կարող է նաեւ չկեղծել, չէ՞», ասաց նա:
Դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել Վահե Գրիգորյանի համախոհներն ու Բուզանդի փողոցի բնակիչները: Վերջիններիս սեփականության իրավունքը պաշտպանող փաստաբանին հնարավորություն է տրվել մեկուսարանում օգտվելու համակարգչից, քանի որ կալանավորված անձանց նկատմամբ օրենքը նման սահմանափակում չի նախատեսում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ