Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց առաջին երկու փուլերի արգելքները: Ընդ որում, Արոնյանն անցկացրած բոլոր չորս պարտիաներն էլ իր օգտին է գրանցել, ինչը նման բարձր կարգի մրցաշարերում հազվադեպ է հանդիպում:
Հիշեցնենք, որ առաջին փուլում Լեւոնը երկու պարտիաներում էլ առավելության էր հասել եգիպտացի Ֆրհատի նկատմամբ: Հաջորդ փուլում նա սեւերով պարտության մատնեց ղազախստանցի Դարմեն Սադվակասովին եվ կարող էր 2-րդ պարտիան սպիտակներով ավարտել ոչ-ոքի: Սակայն հայ շախմատիստը 2-րդ պարտիան էլ գերազանց անցկացրեց եւ կրկին հաղթանակ տոնեց:
Երկրորդ փուլում խոշոր անակնկալ գրանցվեց: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Վասիլի Իվանչուկը չկարողացավ հաղթահարել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովի դիմադրությունը: Առաջին պարտիայում Իվանչուկը սեւերով զիջել էր մրցակցին: Երկրորդում նրան չհաջողվեց շտկել դրությունը` պարտիան ավարտելով ոչ-ոքի:
Իսկ ահա Էտիեն Բաքրոն, որը 2-րդ բարձր վարկանիշն ունի, հաջողությամբ հաղթահարեց հերթական փուլը: Նա 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց լեհ Ռոբերտ Կեմպինսկուն, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր մղել Ռաֆայել Վահանյանին:
Այս փուլում հաջող հանդես եկան ռուսաստանցի շախմատիստներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Մալախովը, որոնք 2 պարտիաներում էլ հաղթեցին մրցակիցներին` համապատասխանաբար Անդրեյ Իստրատեսկուն եւ Պրեդրագ Նիկոլիչին: Միեւնույն 2-0 հաշվով Շիրովը հաղթեց Կոտրոնիասին, Սոկոլովը` Ժոնգին, Եֆիմենկոն` Բոլոգանին: Ջոբավա-Լանե, Լոթյե-Իվանով, Բարեեւ-Նայդիչ, Վալյեխո-Լեյթաո, Յուն-Չաո, Արեշչենկո-Բալոգ, Կառլսեն-Ամոնաթով մրցախաղերն ավարտվեցին զույգերում առաջինը նշված շախմատիստների հաղթանակով (1,5-0,5):
Երկրորդ փուլի 32 մրցախաղերից 17-ում հաղթողներին որոշելու համար հարկ եղավ անցկացնել լրացուցիչ մրցախաղեր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ