«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2005-12-03 | #222, 2005-12-06 | #223, 2005-12-07


ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎՆԱՍԵԼՈՒ ԳՆՈՎ

Հավաստիացնում են գործի պատասխանատուները

Նախաերկրաշարժյան Գյումրիում բնակչության հանգստի սիրված վայր եղած Բարեկամության զբոսայգին աղետից հետո վերածվեց տնակային ավանիՙ պատսպարելով եւ առաջին ամենածանր ձմեռներին իր ծառերի հաշվին մասամբ տաքացնելով զգալի թվով անօթեւան ընտանիքների: Այստեղՙ ներկայումս կիսաամայացած-կիսաբնակեցված այս տարածքում, «Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ կառուցվելու է «Երկրաշարժ եւ վերածնունդ» մեծ հուշահամալիր, որի մասին ժամանակին տեղեկացրել են լրատվամիջոցները: Կառուցման համար պահանջվող գումարները որոշվել է ապահովել ժողովրդական հանգանակությամբ, իսկ համալիրն ավարտուն տեսքի պետք է հասցվի 88-ի դեկտեմբերյան աղետի 20-րդ տարում: Շինարարության գործնական նախապատրաստության, ավելի ստույգՙ հողափորման աշխատանքները նոյեմբերի 24-ին մեկնարկել են, սակայն դրանց ծավալմանը խանգարում են տարածքից տակավին չհեռացված բնակելի տնակները: Առայժմ խնդիրը վերաբերում է 3 ընտանիքների, սակայն շինարարության ամբողջ ընթացքում, ըստ որոշ տվյալների, տարածքից պետք է հեռացվի մոտ հինգ տասնյակ տնակ:

Նախաձեռնության հեղինակները, համայնքային իշխանությունից ակնկալելով խնդրի որեւէ լուծում, տնակաբնակների դիմադրությանն ի պատասխան տարակուսում են, թե ինչպե՞ս կարելի է երեք տնակի պատճառով շինարարությունը դադարեցնել: 17 տարի այդ տնակներում մի կերպ հարմարված, իրենց համար ինչ-ինչ նվազագույն պայմաններ ստեղծած բնակիչներն էլ, որ այսքան տարի հետո կորցրել են բնակարան ստանալու հույսը, չեն ցանկանում երկրորդ անգամ անօթեւան դառնալ ու տեղահանվել այս ձմռան շրջանում, երբ ապագան էլ անորոշ է: Իսկ քաղաքապետը այդ ընտանիքներին առաջարկել է գնալ վարձով ապրելՙ խոստանալով քաղաքապետարանի կողմից պայմանագիր կնքել եւ վճարել վարձի գումարները մինչեւ նրանց բնակարան ստանալը:

Թվում էՙ բոլոր դեպքերում հարցը կարող է լուծվել միայն փոխադարձ համաձայնության եւ կողմերի միմյանց հարգման պայմաններում: Առավել եւսՙ բացառելով հայտնի «ուժային» մեթոդները: Գործի պատասխանատուները հավաստիացրել են, որ երկրաշարժի զոհերի հիշատակի համալիրը երկրաշարժից տուժած ընտանիքներին վնասելու գնով չի կառուցվի: Հուսանք, որ իրենց խոսքը կպահեն:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4