Նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանին նվիրված նոր գրքում
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր «Տնտեսական աճ եւ աղքատության կրճատում Հայաստանում. նվաճումներ եւ մարտահրավերներ» ուսումնասիրությունը երեկ ներկայացրեց Հայաստանում ԱՄՀ Ջեյմս Մաքյուն: Նա հայտնեց, որ գիրքը գնահատական է տալիս անցած 10 տարիների ւմ Հայաստանի տնտեսական ուղուն եւ սպասվելիք մարտահրավերներին: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, վերջին 5 տարիներին «Հայաստանի տնտեսությունն իսկական շրջադարձ վերապրեց»ՙ տարեկան միջին աճը կազմեց 11 տոկոս, սղաճըՙ 3 տոկոս, նվազեցին աղքատությունն ու անհավասարությունը: Դրա պատճառը, համաձայն Ջեյմս Մաքյուի ներկայացրած նոր գրքի, շրջահայաց դրամավարկային, հարկաբյուջետային եւ ճկուն փոխարժեքային քաղաքականությունն է, ճիշտ հաջորդականությամբ իրականացված կառուցվածքային բարեփոխումները:
Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանք Ջեյմս Մաքյուն բաժանեց երեք խմբիՙ հարկային եւ մաքսային բարեփոխումներ, ֆինանսական հատվածի բարեփոխումներ եւ առեւտրային ինտեգրացիա: Վերջինիս առնչությամբ «Ազգի» հարցին, թե առեւտրի ինտեգրացման ի՞նչ խնդիրներ ունի լուծելու Հայաստանը, Ջեյմս Մաքյուն հետեւյալ կերպ պատասխանեցՙ Հայաստանն արդեն հարմարվել է այն վիճակին, որտեղ հայտնվել է եւ անցում է կատարել քիչ տրանսպորտային ծախսեր ենթադրող տնտեսության: Այսինքն, տրանսպորտային այս իրավիճակում Հայաստանը փորձել է առաջ գնալ, իսկ եթե այդ խնդիրը լուծվի եւ սահմանները բացվեն, ապա Հայաստանն ավելի արագ առաջ կգնա: Քիչ անց Ջեյմս Մաքյուն այն կարծիքը հայտնեց, որ տնտեսական զարգացումը միայն Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորված չէ: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը առավել բարենպաստ առեւտրային ռեժիմներ ունեն, քան նրանց հարեւանները, ինչը նույնպես կարեւոր նշանակություն ունի:
ԱՄՀ ներկայացուցիչը, դարձյալ մեկնաբանելով նոր լույս տեսած ուսումնասիրությունը, նշեց, որ միայն տնտեսական աճը կարող է բավարար չլինել աղքատության հաղթահարման համար: Դրա համար անհրաժեշտ է սոցիալական ճիշտ քաղաքականություն իրականացնել: Ենթադրվում է, որ Հայաստանում աղքատությունը կհաղթահարվի, որովհետեւ կառավարությունը կշարունակի իրականացնել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, եւ տնտեսական աճը կբերի աշխատատեղերի ավելացման ու կենսամակարդակի բարձրացման:
«Ի՞նչ տվյալների հիման վրա է Արժույթի միջազգային հիմնադրամը կատարել այս ուսումնասիրությունը» հարցին բանախոսը պատասխանեց, որ դա արվել է ազգային վիճակագրության ծառայության եւ տնային տնտեսությունների հետազոտությունների հիման վրա: Նա հայտնեց, որ ըստ այդ հետազոտությունների, օրինակՙ Երեւանում ծայրահեղ աղքատությունն ավելացել է:
Ջեյմս Մաքյուն վերջում տեղեկացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը նոյեմբերի 14-ին հաստատել է Հայաստանի ծրագիրը եւ զեկույցը: Դա նշանակում է, որ կառույցի աջակցությունը Հայաստանին կշարունակվի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ