Իսկ իշխանությունն ու ընդդիմությունըՙ ավելի թույլ
«Ամեն մի այսպիսի երեւույթից հետո կյանքը, նույնիսկ մարդկային նեղ հարաբերությունները մի քիչ ավելի անարդար են դառնում, իսկ անարդարության դեմ բողոքը հետին պլան է մղվում: Մարդիկ հարմարվում են, մտածելով, որ այսպիսին է կյանքի ընթացքը: Հարմարվելը հոգեբանական ինքնապաշտպանություն էՙ եթե ապրում ես այս հանրույթում, այս պայմաններում, ուրեմն պիտի հարմարվես, հետեւաբար պիտի դառնաս այնպիսին, ինչպիսին առաջին շարքերում գտնվողներն են», հանրաքվեից հետո հասարակության տրամադրությունները վերլուծելով, Մամուլի ազգային ակումբում երեկ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա դիտարկմամբ, երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ անարդարությունների դեմ բողոքելով հնարավոր չէ որեւէ արդյունքի հասնելՙ դրա օրինակներից մեկը Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչների անարձագանք բողոքներն են: Այդ մթնոլորտը հանգեցրել է նրան, որ ժողովուրդը ժխտողական կեցվածք է դրսեւորում ամեն ինչի նկատմամբ, նրա համար միեւնույն էՙ ով կդառնա երկրի հաջորդ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը: Հեղափոխական տրամադրությունները, նրա ասելով, այսօր արդեն բավականին հեռու են Հայաստանից: «Գունավոր հեղափոխություններով հասարակությանը ոգեւորելու որեւէ գործոն այսօր ես չեմ տեսնում: Ընդդիմությունը ճգնաժամ է ապրում, իսկ իշխանությունն, ընդհակառակը, այս պահին ավելի ինքնահաստատված է, քանի որ հանրաքվեն կազմակերպել էր այնպես, ինչպես հարկ էր համարել: Թե ինչպես էր դա իրականացրել, այլ խնդիր է, այնուամենայնիվ նա այսօր հաղթող է»:
Իսկ ի՞նչ սցենարներ են հնարավոր մեր երկրում: Նա բացառում է հեղափոխական տրամադրությունները, քանի որ մեր ժողովրդին կարող են միավորել, ոգեշնչել միայն ազգային գաղափարները: «Ինչքան էլ մեր ազգային ինքնագիտակցությունը ճեղքվածքներ է ունեցել, ինչքան էլ արժեզրկումներ են եղել, մենք մի ազգ ենք, որն անմիջապես ոտքի է կանգնում, երբ իրեն ընդհանրական ցավ են պատճառում: Սա կենսունակ ու դրական գաղափար է մեր ազգի համար, եթե այդ ինքնապաշտպանական զգացողությունները մեր մեջ չլինեն, մենք կդադարենք գոյություն ունենալուց: Ղարաբաղի խնդիրը եւ ընդհանրապես ազգային խնդիրները մեր ժողովրդին բարոյական պահող, համախմբող եւ ոտքի հանող խնդիրներ են», համոզված է նա:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, երկրի դժբախտությունն այն է, որ թույլ է թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: «Այն մեթոդները, որոնցով անցկացվեց հանրաքվեն` ձերբակալություններ, ահաբեկումներ, վկայում են թույլ իշխանության մասին, որովհետեւ ուժեղ իշխանությունը նման մանր բաների հետեւից չէր ընկնի: Այսպես կշարունակվի մինչեւ 2007 թվականը, նախապես հայտնեմ, որ 2007-ի ընտրությունների արդյունքն էլ է կեղծված համարվելու», նշեց նա:
Նրա դիտարկմամբ, մեր քաղաքական էլիտան համապատասխանում է երկրում առկա սոցիալական վիճակին, քաղաքական մշակույթին եւ որքան ավելի ամուր են կառչում իրականությունից, հասկանում կոնկրետ մարդկանց հետաքրքրություններըՙ ավելի առաջ են գնում: Այլ հարց է, որ նրանք գերազանցապես ներկայացնում են «էլիտայի» շահերը, եւ այդպես կշարունակվի այնքան, մինչեւ Հայաստանը կդառնա զարգացած երկիրՙ զարգացած քաղաքական մշակույթով:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարցը դիտարկեց իշխանության, ընդդիմության եւ Հայաստանում կատարվող իրադարձությունները սրտին մոտ ընդունող մարդկանց տեսանկյունից:
Նրա եզրահանգմամբ, հայաստանյան ընդդիմությունը գոյություն ունի միայն թղթի վրա, իրականում գործում են մի խումբ ակտիվիստներ: Դրա մասին վկայեց այն, որ 7-8 կուսակցություններ բոյկոտ հայտարարեցին, սակայն շոշափելի արդյունքի չհասան: «Գուցե Հայաստանին առհասարակ ընդդիմություն պետք չէ՞, քանի որ նրա հիմնական գերխնդիրը իշխանության գալն է, այլ ոչ թե որեւէ հիմնարար խնդիր լուծելը: Լիդերներից ամեն մեկը միայն իրեն է պատկերացնում նախագահի աթոռին», շեշտեց Ադիբեկյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ