Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլն աչքի ընկավ պայքարի արտակարգ լարվածությամբ: Երկօրյա պայքարից հետո 16 մասնակիցներից միայն 3-ին հաջողվեց նվաճել 1/4 եզրափակիչի ուղեգիր: Լեւոն Արոնյանը, որ նախորդ 3 փուլերը հաջողությամբ հաղթահարել էր առանց լրացուցիչ մրցախաղերիՙ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով դասական շախմատի կանոններով անցկացվող 2 պարտիաներում, այս անգամ ստիպված կլինի հաջորդ փուլի ուղեգրի համար լրացուցիչ մրցախաղ անցկացնել իսպանացի շախմատիստ Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին պարտիան, որում Արոնյանը խաղում էր սեւ խաղաքարերով, ավարտվել էր ոչ-ոքի: Երեկ նրանց միջեւ կայացավ 2-րդ պարտիան: Թեեւ սպիտակ խաղաքարերին, Արոնյանին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ եւ կրկին գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, 1/4 եզրափակիչի ուղեգրի բախտը կվճռվի այսօր մրցակիցների միջեւ կայանալիք լրացուցիչ մրցախաղում: Նախ կանցկացվի արագ շախմատի կանոններով 2 պարտիա: Եթե հաղթողը չորոշվի, ապա ուղեգրի բախտը կվճռվի կայծակնային մրցախաղում:
1/8 եզրափակիչի մասնակիցներից բոլորից հաջող խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Նա նախորդ օրը սեւերով հաղթել էր հոլանդացի Լյուկ վան Վելիին: 2-րդ պարտիայում էլ սպիտակներով խաղացող Պոնոմարյովն իր օգտին հաղթական միավոր գրանցեց եւ 2-0 հաշվով շահեց մրցախաղը: Պայքարը կշարունակի նաեւ ռուսաստանցի Սերգեյ Ռուբլյովսկին: Նա առաջին պարտիայում սեւերով հաղթել էր իր հայրենակից Կոնստանտին Սակաեւին, իսկ 2-րդում խաղաղ դաշն կնքելով մրցակցի հետՙ մտավ հաջորդ փուլ: Նույնպիսի սցենարով ընթացավ նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի մրցախաղն ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկու հետ: Գրիշչուկը հաղթեց 1,5-0,5 հաշվով:
Մյուս 4 զույգերում հաջորդ փուլի ուղեգրի հարցը կվճռվի լրացուցիչ մրցախաղերում: 2-րդ պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտեցին Կառլսենն ու Բարեեւը, Լոթյեն ու Բաքրոն, Գելֆանդն ու Դրեեւը, Մալախովն ու Գուրեւիչը: Այնպես որ, այսօր կայանալիք լրացուցիչ մրցախաղերի ավարտից հետո հայտնի կդառնան 1/4 եզրափակիչի եւս 5 մասնակիցներ: Հուսանք, որ նրանց թվում կլինի նաեւ Լեւոն Արոնյանը, որն այս մրցաշարում վստահ մրցելույթներ է ունենում: Լեւոնն անցկացրած 8 պարտիաներում առայժմ չի կրել ոչ մի պարտություն, 5-ն ավարտել է հաղթանակով, 3-ում խաղաղ դաշն է կնքել մրցակիցների հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ