«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՌԱԽՈՒՂ,

Գյումրիի օդանավակայանումՙ մշուշ

Մառախլապատ եղանակը Երեւանում եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը դեռեւս պատրաստ չէ արտակարգ իրավիճակների, իսկ նման իրավիճակներում հայտնված մարդիկ հանդիպում են լրացուցիչ խնդիրներիՙ կապված այդ իրավիճակից օգտվել ցանկացողների հետ:

Դեռեւս երեքշաբթի, դեկտեմբերի 6-ին Թեհրան-Երեւան «Կասպիըն էյր» ընկերության չվերթը վերջապես վայրէջք կատարեց Հայաստանում եւ Երեւանի «Զվարթնոցի» փոխարեն ինքնաթիռն իջավ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Ինչպես եւ կարելի էր սպասել, հենց «Շիրակ» օդանավակայանում ուղեւորները բավականին երկարՙ մոտ 1,5 ժամ սպասեցին ինքնաթիռում: Օդանավակայանի ծառայությունները շրջապատել են ինքնաթիռը, այնուհետեւ ուղեւորներն իրենց բեռներով տեղափոխվել են երկու ավտոբուսներ, որոնք, ի դեպ, տրամադրել է դարձյալ «Կասպիըն էյրը»:

Սպասման ժամերը դրանով չեն ավարտվել: Եվս մեկուկես ժամ սպասելուց հետո Թեհրան-Երեւան չվերթի ուղեւորները վերջապես շարժվել են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ անցել են անձնագրային ստուգում, մի քանի ժամ Հայաստանում գտնվելուց հետո «հատել են» Հայաստանի սահմանը եւ անցել են մաքսային ստուգումը նաեւ:

Հետաքրքրական է, որ ըստ մեր տեղեկությունների, Գյումրիի «Շիրակ» եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանները մառախլապատ եղանակի շնորհիվ վիճաբանության մեջ են, մասնավորապես «Շիրակ» օդանավակայանի անձնակազմը մեծ ցանկություն ունի անձնագրային ստուգումը, սահմանի հատումն ու «մաքսազերծումն» իրականացնել Գյումրիում, չնայած նրան, որ Գյումրիի օդանավակայանը չի կարող օտարերկրացիներին տրամադրել թեկուզ ժամանակավոր վիզա, քանի որ ուղղակի նման ծառայություն չունի:

Ըստ ուղեւորներից մեկի, Գյումրիի «Շիրակ» եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանների եւ ավիաընկերության միջեւ Գյումրիի օդանավակայանում սպասարկվելու դեպքում ուղեւորները պարտավոր կլինեին վաղուց անգործ մնացած «Շիրակ» օդանավակայանի մաքսատան աշխատակիցներին կլորիկ գումարներ վճարելՙ ասենք 150-300 դոլար: Գումարի չափն էլ թերեւս կախված է այն հանգամանքից, որ ժամանող ինքնաթիռը գալիս էր Թեհրանից:

Ի՞նչ է ստացվում, այնպիսի մի երկրում, որտեղ մառախուղներն արտառոց երեւույթներ չեն, այլ, ընդհակառակն, ամեն դեկտեմբերի տեղի են ունենում, ցայսօր չկան ոչ միայն համապատասխան ծառայություններ, այլեւ սարքավորումներ, չկա արտակարգ իրավիճակներում մշակված կիրառելի տարբերակ, չկա մեկ այլ օդանավակայան, որտեղ նման դեպքերում հնարավոր է իրականացնել չվերթեր:

Եթե եղանակային պայմանները Հայաստանում այնպիսին են, որ որեւէ սարքավորում չի կարող երաշխավորել անվտանգ չվերթեր, ուրեմն պիտի գործի եւս մեկ օդանավակայան, որը կաշխատի այնպիսի վայրում, որ զերծ է մառախուղային երեւույթներից գոնե տվյալ պահին եւ եղանակային կամայականություններից:

Եվս մեկ հանգամանք, որ կարիք ունի ուշադրության. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին այնպիսի վատ եւ անմխիթար վիճակում է, որ օդային տուրբուլենտությունը կարծես շարունակվում է նաեւ գետնի վրա: Որեւէ ստանդարտի չեն համապատասխանում նաեւ «Շիրակի» մյուս ծառայությունները:

Նման երեւույթները գալիս են եւս մեկ անգամ փաստելու, որ Հայաստան ժամանողները կարող են հայտնվել տառացիորեն անկանխատեսելի վիճակներում, որոնցից թերեւս ամենադյուրին լուծելին մառախուղն է:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4