«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


«ՍԻՆՈՓՍԻՍԻ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ

«Սինոփսիս» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Հայաստանի ուղին տեսնում է մտավոր ներուժի հղկման եւ օգտագործման մեջ: Ընկերությունն ինքն էլ մասնակցում է այդ գործինՙ օժանդակելով եւ ներդրումներ անելով հայաստանյան կրթական ոլորտում: Արդեն իսկ 100 միլիոն դոլար արժողությամբ ուսումնական 50 ծրագիր է «Սինոփսիսը» ներդրել Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական գործընթացում:

«Սինոփսիսը» նմանօրինակ ներդրման իրագործվող նպատակ ունի նաեւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) առնչությամբ: Դրա վերջնական եւ լիարժեք իրագործման համար էլ երեկ «Սինոփսիս Արմենիայի» «Սինոփսիսը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ միջեւ ստորագրվեց համագործակցության եռակողմ պայմանագիր: Արդյունքում ԵՊՀ երեքՙ ռպադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների 30 ուսանողներ հնարավորություն կունենան ավելի ընդլայնված ու խորացված ուսումնական ծրագրով տիրապետել իրենց մասնագիտությանը: Ֆակուլտետների դեկաններն ու «Սինոփսիսի» երկու մասնագետներ, կարեւորելով ուսման առաջադիմությունը եւ ուսանողի ցանկությունը, ընտրել են ներդրվող ծրագրով սովորողներին:

Համագործակցության պայմանագիրը ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով պատմական է, քանի որ վաղուց կարեւորվող մեթոդի կիրառմանՙ բուհի եւ գործատուի համատեղ աշխատանքով ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու հնարավորություն է: Համաձայն պայմանագրի, «Սինոփսիսը» մշակելու է ուսումնական ծրագրեր, տրամադրելու է դրանց կառավարման միջոցները, ծրագրային գործիքները, նորոգելու է երկու լսարան, ստեղծելու է համակարգչային լաբորատորիա, կազմակերպելու է վերապատրաստման դասընթացներ դասախոսների համար նաեւ կրթաթոշակ է նշանակելու իր ծրագրերով ուսանողների համար: Ծրագրվածն ամբողջովին իրականացնելու համար «Սինոփսիսը» մտադիր է տեղեկատվական տեխնոլոգիաների եւս մի առաջատար ընկերություն Հայաստան բերել: «Սինոփսիսի» ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը նշելով, որ ընկերության շատ աշխատակիցներ ԵՊՀ շրջանավարտներ են, հայտնեց մեր երկրում աշխատելու եւ համագործակցելու առնչությամբ իր հպարտությունը: Գոլդմանը նաեւ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ոսկե մեդալին արժանանալու համար, որը Ռադիկ Մարտիրոսյանը հանձնեց նրան հաճախական դասախոսությունների եւ համագործակցության համար: Ոլորտի առաջատարներ ընկերության ներկայացուցիչը փաստելով Հայաստանում մեծ ներուժի առկայությունը եւ տեղյակ լինելով մեր երկրում ոլորտի համապատասխան արտադրության երբեմնի լինելիությանը, տեղեկացրեց, որ իրենց համագործակցությունն այնուամենայնիվ կենտրոնացվելու է կիսահաղորդիչների ոչ թե արտադրության, այլ նախագծման վրա:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4