«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2005-12-07 | #224, 2005-12-08 | #225, 2005-12-09


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱՄԱԶ ՄԵՔՔԱՅՈՒՄ

Իլհամ Ալիեւը հանդիպում է իսլամական երկրների նախագահների հետ

Մահմեդականների Մեքքա սրբավայր քաղաքում շարունակվում է Իսլամական համաժողով կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը: Ըստ Բաքվի «Էխո» թերթի, կազմակերպության անդամ երկրների նախագահները համատեղ նամազ են արել:

Ադրբեջանի ղեկավարը համաժողովի շրջանակներում անցկացնում է երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես արդեն տեղի են ունեցել Ալիեւի հանդիպումները Պակիստանի առաջնորդ Փերվեզ Մուշարաֆի, Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահներ Համիդ Կարզայի եւ Էմոմալի Ռահմոնովի հետ:

Սովորաբար իսլամական համաժողովների ավարտին ընդունվում է բանաձեւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որում դատապարտվում է «հայկական ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ»: Ընդ որում, այդ փաստաթուղթը ստորագրում են կազմակերպության անդամ բոլոր երկրները, այդ թվում մեր հարեւան Իրանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներից Ղազախստանը, Կիրգիզիան եւ Տաջիկստանը:

Իսլամական համաժողով կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը: Ի դեպ, մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչու են ՀԱՊԿ որոշ անդամներ ստորագրում ԻՀԿ հակահայկական բանաձեւերը:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4