«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2005-12-07 | #224, 2005-12-08 | #225, 2005-12-09


ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Դատարանը, «Եվրոպական ինտեգրացիան», պարկեշտությունը եւ մեր երկրի վարկը

ՀՀ տնտեսական դատարանի նոյեմբերի 3-ի որոշումով (դատավորՙ Ռ. Հակոբյան) ապօրինի էր ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ Առեւտրի եւ Զարգացման գործակալության (USTDA) դրամաշնորհի գումարների պահումը եւ պարտադրվել էր դրանց վերադարձն ամերիկյան «Սքայ Բրոդբենդ» ինկորպորացիայինՙ արգելանք դնելով ՀԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա մինչեւ հարկադիր ծառայության կողմից վճռի կատարումը, ինչը իրագործվեց նոյեմբերի 28-ին, նաեւ բռնագանձելով ՀԿ-ից տույժՙ ձգձգման համար:

Այսպիսով, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ամիսների ապօրինի գործունեությունը կանխվեց միայն դատական միջամտությամբ: «Ազգ» օրաթերթն առաջինը հրապարակայնացրեց խնդիրըՙ («Ազգ», 17 օգոստոսի) մեր երկրի միջազգային հեղինակությանը եւ կարեւոր գիտական ծրագրին սպառնացող ակնհայտ վտանգը նկատի ունենալով:

Համառոտ հիշեցում

«Եվրոպական ինտեգրացիան» փաստորեն բռնագրավել էր ամերիկյան USTDA-ի դրամաշնորհային մնացորդ գումարները (մոտ 102.000 ԱՄՆ դոլար), որով սպառնում էր հայ-ամերիկյան գիտական ծրագրի հետագա շարունակությանը, ինչի համար հատկացված էր դրամաշնորհը: Նշենք, որ այս ՀԿ-ն «Սքայ Բրոդբենդը» վարձել էր միայն գումարները ծրագիրն իրականացնողներին փոխանցելու համար, ըստ ընդունված կարգի:

ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանի հետ նամակագրությամբ հարցը լուծելուՙ սեփական գումարները հետ ստանալու բազմամսյա ապարդյուն ջանքերից հետո այս տարվա օգոստոսի վերջին Դոնալդ Քեյզերըՙ «Սքայ Բրոդբենդի» պրեզիդենտը, ժամանեց Երեւան: Քեյզերի շտապ ժամանումը պայմանավորված էր Բեքարյանի նրան ուղղված սպառնալից նամակով, որտեղ վերջինս Քեյզերին պարզապես մերժում էր գումարները վերադարձնել: Երեւանում Բեքարյանին հանդիպելու ապարդյուն փորձից հետոՙ վրդովված Քեյզերը դիմեց ծայրահեղ միջոցիՙ դատական ատյաններին:

«Ազգը» հետեւել է իրադարձությունների ընթացքինՙ փաստաթղթերին ու պայմանագրերին հանգամանորեն ծանոթանալով: Դ. Քեյզերի հետ խմբագրությունում կազմակերպած հանդիպումըՙ փորձ էր աջակցելու երկկողմյա հանդիպմանը եւ հարցիՙ արտադատական ճանապարհով լուծմանը: Սակայն թերթի հրապարակումները եւ կեցվածքը ի նպաստ Հայաստանի միջազգային վարկի, ՀԿ-ի կողմից որակվեց «միակողմանի»: «Փաստերի կեղծման համար լրագրողին պատասխանատվության ենթարկելու» պահանջով ՀԿ-ն հանդես եկավ «Ազգին» ուղղած սպառնալի մի գրությամբ, ինչը նաեւ արծարծվեց Բեքարյանի կազմակերպած մամուլի ասուլիսում եւ ծաղկաձորյան մի սեմինարում:

Վերահաս վտանգը (դատարան) զգալով Կ. Բեքարյանը դիմեց հասարակությանը ապակողմնորոշելու քայլին` կազմակերպելով հիշյալ մամուլի ասուլիսը անիրազեկ լրատվամիջոցների համար: Օրինականության անունից հանդես եկող ՀԿ-ի նախագահը, ճշմարտության ջատագովի քողի տակ, «մոռացավ» սակայն հայտնել, որ ՀԿ-ն ամերիկյան կազմակերպության հայցով արդեն գտնվում է դատավարության մեջ («Ազգի» հիշեցումը շրջանցեց), եւ որ ինքը խուսափել էր հանդիպել հատուկ այդ նպատակով մի քանի օր առաջ Երեւան այցելած «Սքայ Բրոդբենդի» պրեզիդենտի հետ: Անհեթեթության գագաթը, սակայն, նրա հայտարարած որոշումն էրՙ գումարները ԱՄՆ դեսպանատուն փոխանցելու մասին (թերեւս իր գործունեությունը օրինական ցույց տալու հուսահատ քայլ), չանդրադառնալով, թե արդյոք ԱՄՆ դեսպանությունը համաձա՞յն է ընդունելու այդ գումարները, եւ կամ ինչո՞ւ դրանք չի փոխանցում, ասենք... ԱՄՆ Կոնգրեսին: Ինչպես եւ սպասվում էրՙ անհեթեթության պղպջակը պայթեց շատ արագ. ԱՄՆ դեսպանատունը չգնաց որեւէ հարաբերության այդ ՀԿ-ի հետՙ բացարձակ անտեսելով դրանց:

Մի քանի խոսք պարկեշտության մասին

Այսպիսով, բեքարյանական ձեռագրին բնորոշ երկարաձիգ պատմությունների հարկադրված լսումներով անցած դատական նիստերն ավարտվեցին օրինականության վերականգնումովՙ գումարը վերադարձվեց օտարերկրյա տիրոջը:

Սակայն ի՞նչ գնով. ԱՄՆ կողմը դատարանի միջոցով փրկում է գումարները, որ իրենք իսկ տրամադրել էին մեր անվանի մասնագետներին: Վերջիններս, ի դեպ, դիմել էին մեր ղեկավար ատյաններին, խնդրելով աջակցել, որ գործը դատարան չհասնի, քանի որ այն կվնասի մեր երկրի հեղինակությանը:

Իսկ Դոնալդ Քեյզերը, լինելով Հայաստանում, նշեց («Ազգ», 23 օգոստոս, 2005 թ.), որ գումարների վերադարձի հետագա ձգձգումը Բեքարյանի կողմից գցում է մեր երկրի վարկը, եւ որ այս ցավալի պատահարը ակնհայտորեն կարող է անդրադառնալ ապագա ներդրումների վրա:

Յուրաքանչյուր երեւույթի հասարակական մեկնաբանությունը առհասարակ մամուլին է վիճակված, բարոյական գնահատական տալը` մտավորականությանը: Հայաստանյան լրատվամիջոցներիՙ այս խնդրի առնչությամբ միակ հրապարակումը` Բեքարյանի ասուլիսի առիթով անդրադարձներն էինՙ առանց փաստերի եւ ապատեղեկատվությամբ: Իսկ այդ նույն ապակողմնորոշված լրատվամիջոցները արդյոք կանդրադառնա՞ն իրենց սխալ մեկնաբանություններին` աճապարած որակումներին ու եզրահանգումներին: Մենք` մամուլի ներկայացուցիչներս, կհրաժարվե՞նք ամեն անպատասխանատու բանախոսի կամ ամեն անանուն մեկի մամուլի ասուլիսին առանց փաստերի ստուգման շուտափույթ անդրադառնալու անհեռատես սովորությունից:

Ամենից վտանգավորը, սակայն, հասարակական անտարբերությունն է եւ հանդուրժողականությունը այսօրինակ բախտախնդրության նկատմամբ: Ստեղծված անպատժելիության մթնոլորտն է հնարավորություն տվել Բեքարյանին ոչ միայն գնալ վերոհիշյալ, հիրավի մեր երկրի վրա ստվեր գցող պատահարին ամերիկյան կազմակերպության հետ, այլեւ նույնիսկ գտնվելով դատավարության մեջ, Ծաղկաձորի սեմինարում («Հազարամյակի ծրագրի մարտահրավերներ») շարունակել իր ապակողմնորոշման քարոզչությունը` նաեւ «Ազգի» հրապարակումների առնչությամբ` դրանք որակելով անպարկեշտ, առանց խղճի խայթի եւ առանց մյուս կողմի ներկայության: (Իսկ արդյո՞ք մեկ այլ սեմինարում նա ճշմարտությունը բարձրաձայնելու պարկեշտություն կկարողանա դրսեւորել):

Նման երեւույթների նկատմամբ հասարակական անտարբեր կեցվածքի շարունակությունը ավելի հավանական կդարձի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետի` Բեքարյանի եվրոպական ինտեգրացման նմանօրինակ փորձերի կրկնումը այլոց կողմից: Ինչը ոչ միայն մտորումների, այլեւ գործնական քայլերի անհրաժեշտություն է ծնումՙ նաեւ հետզհետե խորացող հասարակական անտարբերությունը կանխելու նպատակով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4