«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2005-12-07 | #224, 2005-12-08 | #225, 2005-12-09


ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնային խորհրդի նախագահ (ՌԴ ԴԺ ԴԽ) Սերգեյ Միրոնովի այցի օրակարգում չկար ՀՀ ազգային ժողովում քվորում ապահովելու խնդիրը, բայց այն լուծվեց հենց այդ շրջանակներում: Հայրենական խորհրդարանի պատիվը պահելու կամ այլ խնդիր մեր ազգընտիրներին կարողացել էր ստիպել ներկա լինել դահլիճում: Սահմանված ժամին խորհրդարանականները քվորում ապահովեցին: Գրանցվեց 91 պատգամավոր, ու նիստը մեկնարկեց: Աշխատանքի առաջին 30 րոպեն զբաղեցրեցին մի քանի տասնյակ օրինագծերի ու որոշումների քվեարկությունները: Այնուհետեւ խորհրդարանում մարդաշատ ակտիվությունը պտտվեց Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակության շուրջը: Ռուսական պատվիրակության այցի նպատակներից մեկն էլ ՀՀ ԱԺ-ում ՌԴ ԴԺ ԴԽ օրերի բացումն էր, որ նշանավորվեց Սերգեյ Միրոնովի ելույթով: Միրոնովը, բնականաբար, շեշտեց ռուս-հայկական հարաբերությունների ամրությունը եւ ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել է Ռուսաստանի համար Հայաստանի վստահելի դաշնակից եւ ռազմավարական գործընկեր լինելը: Ավելի ուշ, ասուլիսի ընթացքում Միրոնովը նշեց, որ Հայաստանը Ղազախստանից հետո երկրորդ երկիրն է, որի հետ Ռուսաստանի միջխորհրդարանական հարաբերություններն ավելին են, քան միայն աշխատանքային կապերը: Սա համարելով պատվիրակության այցի հաջողություններից մեկըՙ որպես հաջորդ ձեռքբերում նշեց երկու երկրների նահանգների եւ մարզերի անմիջական համագործակցության ծրագրի մասին: Ի դեպ, երեկ արդեն պատվիրակության կազմում Երեւանում գտնվող ՌԴ նահանգների ղեկավարները մեկնել էին ՀՀ մարզեր:

Գազի սակագնի առնչությամբ Սերգեյ Միրոնովն ավելին չասաց, քան մինչ այժմ ՌԴ մյուս պաշտոնյաների ասածն էր. «Առաջին հերթին ուզում եմ ասել, որ Ուկրաինայի հետ ընթացող բանակցություններում խոսքը հազար խորանարդ մետր գազի համար 160 դոլար գնի մասին է: Նման գնի մասին Հայաստանի դեպքում չի խոսվում: Վստահեցնում եմ, որ մենք միշտ էլ համաձայնության կգանք ու կգտնենք օպտիմալ որոշում, որը հարմար կլինի երկու երկրներին»: Այնուհետեւ Միրոնովը վստահեցրեց. «Ռուսաստանը անհրաժեշտ է համարում հարեւանների հետ ժամանակակից շուկայական հարաբերություններին անցումը, բայց անկասկած մեր դաշնակից եւ գործընկեր լինելու հանգամանքը պետք է եւ հաշվի կառնվի, իսկ թե ինչ չափով եւ ինչ հանգամանքներում, կարծում եմ, կորոշեն մեր երկրների ղեկավարները»:

Ասուլիսին զուգընթաց երկու երկրների խորհրդարանականներն անցկացնում էին հանձնաժողովների համատեղ նիստ, իսկ ՀՀ ԱԺ լիագումար նիստի ընթացքում նախասրահում բացվեց լուսանկարների եւ գրքերի ցուցահանդես: Ցուցահանդեսում ռուսական մթնոլորտն ամբողջացնող «Լադա» եւ «Օրնամենտ» անսամբլների ելույթները իրոք հաճելի էին եւ համապատասխան տրամադրություն ստեղծեցին, բայց եւ ընդհատեցին խորհրդարանի լիագումար նիստը: Ասենք, մեր պատգամավորներն առանց դրան էլ առանձնապես հակված չէին աշխատելու: Սերգեյ Միրոնովի ելույթից հետո դահլիճը զանգվածաբար լքելու ընթացքը փորձեց կանգնեցնել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանըՙ նիստի շարունակման անհրաժեշտությունը հիշեցնելով:

Ի պատասխան լրագրողի հարցի, Սերգեյ Միրոնովը հայտնեց, որ իրենց այցի ծրագիրը համաձայնեցվել ու կազմակերպվել է մեր խորհրդարանի համապատասխան մարմնի հետ համատեղ եւ հավելեց, որ ուրախ կլինեն եկող տարի ՌԴ ԴԺ ԴԽ կայանալիք ՀՀ ԱԺ օրերի շրջանակում ունկնդրել հայկական երգարվեստի վարպետներին:

Այսօր Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի միջտարածաշրջանային համագործակցության թեմայով երկրորդ միջազգային կոնֆերանսին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4