«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2005-12-07 | #224, 2005-12-08 | #225, 2005-12-09


ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՓՈՓՈԽՎԵՑԻՆ

900 դրամի փոխարեն 1100 դրամ բաժանորդավճար, 4 դրամի փոխարեն 5 դրամ րոպեավճար

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության վեբ կայքից, նախարարությունը հաստատել է լարային հեռախոսակապի սակագները: Ինչպես հայտնի է, գրեթե երկու ամիս առաջ նախարարությունն ու «Արմենտելը» համաձայնության չեկան վերջինիս ներկայացրած նոր սակագների կապակցությամբ: Դրան, ըստ լիցենզիայի նոր տարբերակի, պետք է հաջորդեր բանակցությունների 45-օրյա ժամկետը, որի արդյունքում էլ փաստորեն կայացվել է սակագների վերաբերյալ հետեւյալ համաձայնությունը:

Այսպեսՙ ամսական բաժանորդային վարձը 2006 թ.-ի հունվարի 1-ից 900 դրամի փոխարեն կդառնա 1100 դրամ: «Արմենտելի» հայտում նոր բաժանորդավճարն առաջարկվում էր սահմանել 1680 դրամ: Անվճար խոսակցության 360 րոպեն պահպանվում է: Այս դեպքում էլ «Արմենտելն» առաջարկում էր այն իջեցնել մինչեւ 120 րոպե: Սակայն 361-1600 րոպեավճարը ներկայիս 4 դրամի փոխարեն կդառնա 5 դրամ: 1601 րոպեից այն կկազմի 9 դրամ` գործող 8 դրամի փոխարեն: Սակագնային այս փոփոխություններն, ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության, էականորեն չեն անդրադառնա սպառողների վրա, քանի որ, համաձայն առկա տվյալների, բաժանորդների միջին ամսական խոսակցությունների ժամանակը չի գերազանցում 1100 րոպեն: Անսահմանափակ րոպեների համար կանխավճարը 6000 դրամից կիջեցվի 5160 դրամի, իսկ միջազգային խոսակցությունները կէժանանան 20 տոկոսով:

Գործարար բաժանորդների համար սակագնային փոփոխությունները հետեւյալն են: 3240 դրամ բաժանորդային վարձը 2006 թ. հունվարի 1-ից կդառնա 4800 դրամ, կպահպանվի 360 րոպե անվճար խոսակցությունը: 361-ից 1600-րդ րոպեն 1 րոպե խոսակցության վճարը դարձյալ կդառնա 5 դրամ ներկայիս 4 դրամի փոխարեն, իսկ 1601-րդ րոպեից հետո 8 դրամըՙ 9 դրամ: Իրավաբանական անձանց համար կանխավճարը 8700 դրամից կիջեցվի մինչեւ 7500 դրամ:

Ի՞նչ եզրակացություններ կարելի է կատարել վերոնշյալ փոփոխություններից: Կողմերի համար այս տարբերակը կարելի է փոխզիջումային համարել: Դրանք ակնհայտորեն տարբերվում են «Արմենտելի» ներկայացրած նախնական սակագներից: Սակայն միանշանակ է, որ նոր սակագները բնակչության համար նոր ծախսեր են ենթադրումՙ յուրաքանչյուր բաժանորդի համար միջինը 1300 դրամի չափով: Խոսքը 200 դրամով ավելացված բաժանորդավճարի եւ 1 դրամով ավելացված րոպեավճարի ընդհանուր գումարի մասին է: Քանի որ, ինչպես արդեն նշվեց վերեւում, հայաստանցիների միջին խոսակցության ժամանակը 1100 րոպեն է, ապա դա ենթադրում է վերոնշյալ 200 դրամին եւս 1100 դրամի ավելացում:

Հայկական կողմի համար ձեռք բերված առավել նպաստավոր զիջումը թերեւս 360 րոպե անվճար խոսակցության պահպանումն է, որն առավել անհրաժեշտ է սոցիալապես անապահով խավի համար: Նշենք նաեւ, որ եթե կողմերը համաձայնության չգային, ապա ուժի մեջ էր մտնելու լիցենզիայի փոփոխված տարբերակով ամրագրված դրույթը, որ «Արմենտելի» մենաշնորհն այս դեպքում 2009 թ.-ի փոխարեն պետք է շարունակվի մինչեւ 2012 թ.-ը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4