«Հայելի» ակումբում վիճում են Իգոր Մուրադյանը եւ Երջանիկ Աբգարյանը
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոյեմբերի 4-ին Լյուբլյանայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին է փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկությունների նոր փաթեթը: Հաջորդ շաբաթ միջազգային միջնորդները կժամանեն տարածաշրջան, 2006-ի հունվարին ակնկալվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որից միջազգային հանրությունը լուրջ ակնկալիքներ ունի: Հաշվի առնելով, որ հաջորդ տարի Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ չկան, հակամարտությամբ զբաղվողները դա համարում են «հնարավորությունների պատուհան»:
Հայաստանում, սակայն, այնքան էլ լուրջ ակնկալիքներ չունեն ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորումից: Երեկ «Հայելի» ակումբում քննարկման հրավիրված ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը եւ վերլուծաբան Իգոր Մուրադյանը միակարծիք էին հետեւյալ հարցում. Մ. Նահանգները եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը բացարձակապես շահագրգռված չեն հակամարտության լուծմամբ:
Աբգարյանի կարծիքով, 1997 թ. հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերածվել է «իմիտացիոն մեծ շոուի»: «Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ստորագրի փաստաթուղթ, նա եկել էր չստորագրելու համար եւ կգնա առանց ստորագրելու: Ադրբեջանը կարող է յոլա գնալ նույնիսկ առանց Ղարաբաղի, նրա զարգացման առջեւ խոչընդոտող հանգամանք չկա: Մ. Նահանգները բացարձակապես ոչինչ չի ստանա հակամարտության կարգավորումից, եթե նրան պետք էին կոմունիկացիաներ, նավթատարներ, ապա դա արդեն ստացել է կամ ստանում է: Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ հարցը տեղից շարժելու, որովհետեւ այդ դեպքում նրա գոյությունը Հարավային Կովկասում մեծ հարցականի տակ է դրվում», ասաց նա:
Իգոր Մուրադյանը համոզված է, որ Մ. Նահանգներին Կովկասում հետաքրքրում է նավթը եւ ուրիշ ոչինչ: Վերլուծաբանը մեր տարածաշրջանը համարում է Պանամայի նեղուց ԱՄՆ-ի համար: Մուրադյանը եւս կարծում է, որ ԼՂ խնդիրը վերածվել է իմիտացիայի, ընդ որում, իմիտացիա է Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար: «Իմիտացիա չէ միայն ԼՂՀ-ի համար, որը Հայաստանի ջանքերով ամբողջովին մեկուսացվել է արտաքին քաղաքական հարաբերություններից»:
Մյուս կողմից, Մուրադյանի կարծիքով, միջազգային հանրությունը փորձում է ադրբեջանական իշխանությանը եւ հատկապես հասարակությանը համոզելՙ հետդարձի ճանապարհ չկա, այսինքնՙ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Այսօր օրակարգում միջազգային հարաբերությունների գործող համակարգի ապամոնտաժումն է, այդ թվում այնպիսի սկզբունքների, ինչպիսին պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն է: Այսօր պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն ավելի թանկ է եւ ոչ անվտանգ, քան դրա փոփոխումը», ասաց նա:
Մուրադյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր կարգավորում նշանակում է նոր պատերազմի սկիզբ: «Կարգավորումը խաղաղությունը չէ: Մենք պատերազմի կուսակցություն չենք, պատերազմի կուսակցությունը նրանք են, ովքեր ձգտում են կարգավորման», ասաց նա, ապա հավելեց եւս մի միտք, որն առնվազն ներկա լրագրողների համար նորություն էր. «80-ական թթ. մեր սկզբնական նպատակը Ղարաբաղը չէր, այլ Ադրբեջան պետության բնաջնջումը»:
Երջանիկ Աբգարյանը նկատում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումից այսօր Հայաստանը ոչինչ չի ստանում, բայց կարող էր ստանալ 1997 թ.: Նա ընդգծեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները ձգտում էին մտնել կարգավորման գործընթացի մեջ, բայց «հարցը լուծմանը չէր վերաբերում»: Քիչ անց ՀՀՇ-ական գործիչն ավելացրեց, որ նախկին իշխանությունները «Ղարաբաղը, Լաչինը, ինչպես նաեւ որոշակի պայմաններով Քելբաջարը չէին վերադարձնելու Ադրբեջանին»: Այդ ցանկությունը, սակայն, ըստ Աբգարյանի, չիրականացավ, որովհետեւ «Հայաստանում փաստորեն Ռուսաստանի գաղտնի ծառայությունների բավականին ակտիվ աջակցությամբ կատարվեց պետական հեղաշրջում»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ