«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2005-12-08 | #225, 2005-12-09 | #226, 2005-12-10


ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

2006 թ. Ռուսաստանը կավելացնի ԱՊՀ երկրներին մատակարարվող ռուսական գազի գինը: Ռուսական կառավարության տեսակետներն արտահայտող «Ռոսիյսկայա գազետան» նոյեմբերի վերջի իր համարներից մեկում գրել էր, որ Հայաստանը տեղեկացվել է «երկնագույն» վառելիքի սակագների բարձրացման վերաբերյալ, եւ հաջորդ տարվանից 1000 խմ-ի դիմաց հայկական կողմը պետք է վճարի 110-120 դոլար: Դեկտեմբերի 2-ին վարչապետ Միխայիլ Ֆրադկովը Երեւանում նշեց, որ «փնտրում ենք լուծումներ, որոնք համապատասխանում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի շահերին»: Ռուսաստանի վարչապետը հարկ էր համարել նկատել, որ ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ մնում են նույնը, եւ դա չի խանգարում որոշ հարցերի, այդ թվումՙ գազի սակագների շուրջը պայմանավորվածություններ ձեռք բերելուն:

Հսկա Ռուսաստանի համար Հայաստան առաքվող գազի թանկացումը տնտեսական առումով որեւէ էական դեր չի ունենա այն պարզ պատճառով, որ ծավալները չնչին են: Հակառակը` գազի թանկացումը Հայաստանում նշանակում է թանկացումներ ընդհանրապես, քանի որ վառելիքը մեր երկրի փխրուն տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից է: Ապրանքներ արտահանող հայկական ձեռնարկությունները ստիպված կլինեն բարձրացնել գները, ինչն իր հերթին նրանց կդարձնի ոչ այնքան մրցունակ միջազգային շուկայում:

Կովկասի հարցերով զբաղվող որոշ փորձագետներ նկատում են, որ Մոսկվան երբեմն չարաշահում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, իսկ Երեւանը գերագնահատում է Ռուսաստանի ռազմավարական արժեքը, միեւնույն ժամանակ թերագնահատում իր ռազմավարական արժեքը Մոսկվայի համար: Որպես հիմնավորում բերվում է հետեւյալ փաստը` նախկին ԽՍՀՄ տարածքում Գյումրու ռուսական ռազմակայանը միակն է, երբ տեղական իշխանություններն են վճարում կոմունալ ծախսերը` հեռախոս, ջուր, գազ եւ այլն: Ռուսաստանը Գյումրու ռազմակայանի դիմաց Հայաստանի կառավարությանը ֆինանսական առումով ոչինչ չի վճարում:

Օրինակ, նույն Ռուսաստանը Ադրբեջանին տարեկան 7 մլն դոլար է վճարում Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման դիմաց: Ամերիկացիները միլիոնավոր դոլարներ են վճարում արտերկրում, այդ թվում, օրինակ, իր ռազմավարական դաշնակից Թուրքիայում տեղակայված բազաների համար: Հայաստանը հնարավորություն ունի՞ Գյումրու 102-րդ ռազմակայանի համար Ռուսաստանից պահանջել ֆինանսական փոխհատուցում, թե՞ ամբողջովին իր անվտանգությունը գրավ է դրել:

Ակնկալել, թե Հայաստանը ռուսական գազի թանկացման դիմաց կարող է Մոսկվայից պահանջել համապատասխան փոխհատուցում Գյումրու ռազմակայանից, գրեթե անհավանական է: Եվրատլանտյան կառույցների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու ամեն մի քայլից հետո Երեւանը հրապարակավ հայտարարում է, որ մեր երկրում ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից է: Այսինքն` Հայաստանն ընդունում է, որ Գյումրու ռուսական ռազմակայանի ներկայությունը առաջին հերթին բխում է հենց Հայաստանի շահերից:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4