Ուկրաինահայ սփյուռքն ապրում է կտրտված ու հատվածաբար
Թե քանի հայ է ապրում այսօր Ուկրաինայում, ոչ ոք հստակ չգիտի: Պաշտոնական վիճակագրությունը նշում է 200 հազար թիվը, բայց ըստ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի, այդ թիվը կրկնակի է: Կիեւում ապրում է 8-10 հազար հայ: Համայնքն անհամեմատ համախմբված ու միաձույլ էր 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո ու ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ հանգանակություններ ու օգնություններ էին կազմակերպում Հայաստանի համար: Այսօր համայնքը կտրտվել, հատվածաբար է հոգում իր հոգսերը: Հարաբերականորեն միասնական են դառնում միայն տոն օրերին` Նոր տարի, մայրություն, անկախության օր: Այդ հանդիսություններին էլ հազիվ 40-50 հայ է հավաքվում:
Նարնջագույն հեղափոխություն ապրած եւ այսօր էլ սեփական խնդիրների մեջ գլուխը կորցրած երկրում ազգային փոքրամասնությունների հոգսերին առանձնակի ուշադրություն չեն դարձնում: Ուկրաինահայ համայնքը ոչ միայն ինքնությունը պահպանելու խնդիր ունի: Մարտի 26-ին կմեկնարկեն Գերագույն ռադայի ընտրությունները: Չվնասվելու եւ ներքաղաքական բարդ իրավիճակում ավելորդ ու վտանգավոր գլխացավանքների մեջ չընկնելու համար հայերն աշխատում են հեռու մնալ քաղաքական տուրեւառումներից: Իրենց քաղաքական համոզմունքներում նրանք միատարր չեն, բայց աշխատում են թաքցնել դիրքորոշումները եւ հայտնվել են ավելի շատ դիտորդի կարգավիճակում: «Ես կարծում եմ, որ այս պահին հայերիս համար ամենակարեւոր խնդիրը խորհրդարանի ընտրություններին նախորդող այս 3-4 ամիսը հանդարտ, առանց բարդությունների անցկացնելն է: Հայերը ցրված են ապրում, տարբեր քաղաքներում ու գյուղերում, եւ քաղաքականության մեջ ներքաշվելը կարող է ճակատագրական լինել նրանցից յուրաքանչյուրի համար», ասում է Ռադայի հայ պատգամավոր Նվեր Մխիթարյանը:
Ինչպես ողջ ուկրաինացի ժողովուրդը, հայ համայնքն էլ հիասթափություն է ապրում նարնջագույն հեղաշրջումից: Այն հայերի կենսամակարդակի վրա էլ ոչ մի էական ազդեցություն չունեցավ, հակառակը` սրեց սոցիալական բոլոր խնդիրները: Համենայն դեպս, ուկրաինացիների նման իրենք էլ ապրում են հույսով, որ մի քիչ պիտի համբերեն եւ ամեն ինչ լավ կլինի:
Կիեւում հայոց 2 կիրակնօրյա կրթարան է գործում, որ դժվար է դպրոց անվանել: Աշակերտների թիվը տատանվում է 8-ից մինչեւ 2 տասնյակի սահմաններում: Այս տարի հայկական դեսպանատանը հաջողվեց լուծել կիրակնօրյա դպրոցների դասագրքերի ու գրականության խնդիրը: Հայ դպրոցականներ ավելի շատ կան թիվ 85 դպրոցում, որը տարբեր ազգերի երեխաների համատեղ ուսուցման օջախ է:
Կրթական եւ այլ առումներով եւս Հայաստանի հետ համայնքի համագործակցությունը սահմանափակվում է ամեն տարի ուսուցիչների կատարելագործման նպատակով Երեւան մասնագետներ ուղարկելով:
Ուկրաինայում աղքատ հայեր չկան, նրանք զբաղված են ամենատարբեր ոլորտներում` բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, շինարարներ, արհեստավորներ: Հայերի միջին կենսամակարդակը ցածր չէ, վերջին շրջանում նույնիսկ միանգամայն որոշակի բեւեռացում է արձանագրվում: Մթերքի ու հագուստի գներն այստեղ գրեթե նույնն են, ինչ Հայաստանում: Միջին աշխատավարձը 100 դոլար է, նվազագույնը` 70:
Գործադիր մարմիններում եւս հայերը բավական ակտիվ են ներկայացված: Խարկովի մարզի նահանգապետը հայ է, շատ հայեր բազմաթիվ պաշտոններ են գրավում, օրենսդիր մարմնում աշխատում է 4 պատգամավոր: Վերխովնայա ռադայում նրանց հաջողվեց բարձրացնել Հայոց ցեղասպանության խնդիրը: Լոբբիինգ է տարվում այդ ուղղությամբ, որպեսզի Ռադան եւս որոշում ընդունի ցեղասպանության մասին: Ռադայի նախագահն ու կոմիտեի նախագահները ողջունեցին ցեղասպանության 90-ամյակի մասնակիցներին` 3 անգամ օգտագործելով ցեղասպանություն բառը: Նշեցին, որ ժամանակը եկել է, որպեսզի Ռադան ճանաչի ցեղասպանությունը: Խնդրի քննարկման շուրջը նույնիսկ տարբեր քաղաքական ուժերի մեծ հավաք եղավ: Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը նույնիսկ իրար անցած մի քանի անգամ հանդիպեց Մարդու իրավունքների կոմիտեի նախագահի հետ:
Ուկրաինայի ամենահայտնի հայը Ռադայի պատգամավոր, մեծահարուստ գործարար Նվեր Մխիթարյանն է: Նա զբաղվում է շինարարական բիզնեսով եւ մայրաքաղաքի կենտրոնում էլիտար ու շքեղ բազմաթիվ շենքերի հեղինակ է:
Շատ հայեր, որ այստեղ հայտնվել են երկրաշարժից հետո ու ղարաբաղյան պատերազմի ընթացքում, այնուամենայնիվ, մտածում են Հայաստան վերադառնալու մասին: Սա հայերի այն զանգվածն է, որ առ այսօր վարձով է ապրում, քաղաքացիություն չունի, եւ բնականաբար, առավել շատ է կրում երկրում ընթացող ցավագին գործընթացների ազդեցությունը: Նրանց մեծ մասն այսօր դրամ է հավաքում Հայաստան գնալու եւ այստեղ սեփական հարկն ունենալու համար:
Ձուլման վտանգ, ինչպես սփյուռքի յուրաքանչյուր անկյունում, այստեղ էլ կա: Հայախոս է միայն միջին սերունդը: Նրանց զավակները հայերենն օգտագործում են միայն տանը, իսկ գրավոր խոսք գրեթե զանգվածաբար չգիտեն: «Այս իրողությունն անկասկած ավելի կխորանա, որովհետեւ շաբաթը 1 անգամ, այն էլ ոչ կանոնավոր պարբերականությամբ ընթացող կիրակնօրյա դասընթացները չեն կարող հային հայ պահել», ցավով ասում է «Արագած» հայկական ամսաթերթի գլխավոր խմբագիր Ժենյա Ծերունյանը: Հայատառ պարբերականը եւս ժողովրդականություն չի վայելում: Նախկին 5000-ի փոխարեն այսօր 1500 տպաքանակ ունի, սակայն դա էլ չի իրացվում: «Գործարար մարդուն ես ընկալում եմ նախ եւ առաջ իբրեւ բարեգործի: Ես երազում եմ Մանթաշովի նման գործարարների մասին», շարունակում է նա, նշելով, որ ուկրաինացի հայ գործարարներին քիչ են հետաքրքրում թերթին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, հայկական կանոնավոր դպրոց ու եկեղեցի հիմնելու խնդիրները: «Հայ պատգամավորներն ու գործարարները կարող են օգտակար լինել ե՛ւ համայնքին, ե՛ւ թերթին, բայց ինչպես ամենուր, այստեղ էլ ավելի շատ իրենց խնդիրներն են լուծում»: Ուկրաինայում հայալեզու մյուս պարբերականը Ղրիմում տպագրվող «Մասյաց աղավնի» ամսաթերթն է:
Ուկրաինայում ոչ պետական, ոչ կենցաղային մակարդակով հայերի նկատմամբ ատելություն ու անհանդուրժողականություն չկա, ինչպես Մոսկվայում է` ԱՊՀ երկրների քաղաքացիների հանդեպ:
Հայ տղաներին ու հայուհիներին սիրում են այստեղ, բայց հայ ծնողները չեն խրախուսում խառն ամուսնությունները, որպիսիք ավելի ու ավելի հաճախ են արձանագրվում: Նվեր Մխիթարյանի կինը եւս ուկրաինուհի է: Աժ նախագահի վերջերս Ուկրաինա կատարած այցելության օրերին նախագահի պատվին տված ճաշկերույթում հայ պատվիրակության անդամներին նա շլացրեց իր գեղեցկությամբ ու շքեղ արդուզարդով:
Հայկական առաջին եկեղեցիներն Ուկրաինայում կառուցվել են 9-րդ դարում:
Կիեւում հայկական եկեղեցի կառուցելու մասին արդեն 3-4 տարի միայն խոսակցություններ են գնում: Ասում են, որ 3 մլն դոլար է պետք դրա համար, եւ հանգանակություն պիտի արվի: Նվեր Մխիթարյանը հավատացնում է, որ տարածք արդեն հատկացվել է, եւ շուտով շինարարություն կսկսվի: Երկրի մյուս քաղաքներում Պոդոլսկ, Լվով, Օդեսա, Խարկով ե այլն, 14 հայկական գործող եկեղեցիներ կան: Անցած տարի պատգամավորի գործուն մասնակցությամբ Լվովի 700-ամյա հայկական եկեղեցին «հետ վերցվեց» ուկրաինացիներից, որ մեծ իրադարձություն էր տեղի հայերի համար:
1996-ին ուկրաինացիները մեծ շուքով նշեցին քրիստոնեության ընդունման 1000-ամյակը: Պատմական աղբյուրները վկայաբերում են, որ Ուկրաինայում քրիստոնեությունը տարածել է Ուկրաինայի ազգային հերոս Վլադիմիրի հայուհի կինը` Աննան: Աննան Բյուզանդիայի Վասիլի (Բարսեղ) կայսեր քույրն է եղել: Վասիլի կայսրը ծագումով հայ է, եւ Աննային կնության է տվել Վլադիմիրին` 2 երկրների բարեկամական կապերն ամրացնելու համար: Բյուզանդացիները նրան Վասիլի են անվանել, հայերը գիտեն իբրեւ Բարսեղի: Աննան այստեղ է եկել իր շքախմբով` 996 թվականին, եւ անմիջապես ձեռնամուխ է եղել քրիստոնեությունը տարածելուն: Եվ երեւի հենց Աննայի ժամանակներից, շուրջ 1000 տարի հայ եւ ուկրաինացի ժողովուրդները բարեկամական հարաբերությունների մեջ են:
Կիեւ-Պեչորյան շքեղ համալիրի եկեղեցիներից մեկում պահպանվում են նաեւ հայերի հետ առնչությունների բազմաթիվ վավերագրեր: Եղել է մի հայ բժիշկ` «վիրմենին», որ «օգտակար գործ է արել` բուժել է ե՛ւ հասարակ, ե՛ւ շատ պաշտոնատար անձանց», բայց նրա անունը, ցավոք, չի նշվում վավերագրի մեջ:
Կիեւում հայկական եկեղեցի եղել է, բայց ավերվել է 14-րդ դարում: Այստեղ առաքելական եկեղեցու հայ քահանա կա, որ պարբերաբար պատարագ է մատուցում, խորհրդակատարություններ անում: Բայց չկա հավաքատեղի, եւ ամեն անգամ հազիվ 30-40 մարդ է հավաքվում: Հավատացյալ հայերը իրենց հավատքի պահանջմունքները բավարարելու համար հարում են կրոնական տարբեր ուղղությունների` սկսած Sanday աղանդից, որ այստեղ դավանում է մի նեգր, մինչեւ ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիներ:
Հայ-ուկրաինական ներկա հարաբերություններում նշմարվում ու ակտիվանալու միտում են արտահայտում նաեւ մշակութային առնչությունները: Բոլոր հայկական միջոցառումները` հայ նկարիչների ցուցահանդեսներ, համերգներ, կազմակերպվում են օպերայի դահլիճում:
Սակայն պետական մակարդակով այդ հարաբերությունները դեռեւս սաղմնային վիճակում են: Ուկրաինան խոշոր երկիր է, իսկ Հայաստանի համար` կամուրջ Եվրոպայի ու Արեւելքի միջեւ: 2 պետություններն էլ եվրոպական մեծ ընտանիքի անդամ լինելու նպատակ ունեն, եւ այդ շրջանակներում համագործակցությունը կարող է արդյունավետ լինել Հայաստանի համար` հատկապես միջազգային կառույցներում քվեարկությունների ժամանակ: Ուկրաինայի փորձն այս առումով անհամեմատ պատկառելի է մերից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ