«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2005-12-08 | #225, 2005-12-09 | #226, 2005-12-10


«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴ»

Հայտարարեց Արամ Զ. Սարգսյանը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16-ին Մատենադարանի դիմաց կայանալու է ընդդիմության հերթական հանրահավաքը: Իսկ երեկ տեղի ունեցածում եղանակը իր ազդեցությունն ունեցել էր: Նախորդ հանրահավաքի համեմատությամբ ավելի քիչ մարդ էր արհամարհել ցուրտը: Ընդդիմությունը, սակայն, չի վախենում մարդկանց փոքրաքանակ մասնակցությամբ հանրահավաքներից: Այս վստահեցումը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շարունակեց հաստատակամ հայտարարությամբ. «Իշխանական բուրգը փլուզվում է, ժողովուրդ»: Իսկ փլուզումն, ըստ բանախոսի, շատ մոտ է, ավելինՙ ընթացքի մեջ է եւ կարող է լինել անգամ շաբաթ անցՙ դեկտեմբերի 16-ին: Անընդհատ կարեւորվող կրիտիկական զանգվածի մասին այս անգամ խոսվեց որպես իշխանական բուրգի փլուզման պահին անհրաժեշտ երեւույթ: Այնուհետեւ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը սկսել է «տեղական ու տեւական ուժեղ պայքար», որն ուղղված է ոչ միայն հանրաքվեի իրական գնահատականին հասնելուն, այլեւ կրում է ավելի ամբողջական բնույթ: Ինչեւէ, ընդդիմության երեկվա հանրահավաքն ավարտվեց հաստատակամ եւ լուրջ պայքարի ընթացքում լինելու հավաստմամբ: Դրա հրապարակային դրսեւորումը եղավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Այն ներառում էր պրոֆեսիոնալ կոչմանը եւ համամարդկային արժեքներին հետեւելու կոչՙ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ ոստիկանությանը: Հովհաննիսյանը հավատացած է, որ կան իրենց կոչումը գիտակցող եւ հավատարիմ մարդիկ: Կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրին էլ իր անելիքը հիշեցրեց «Ժառանգության» նախագահը. «Դաշնակցությունը թող հիշի իր եռանախագահները, Հանրապետականըՙ Սպարապետը, «Օրինաց երկիրը»ՙ ժողովրդավարության հիմնադիրները»: Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում Հովհաննիսյանը ձեւակերպել էր շուրջ երկու տասնյակ հարց: Հեղինակը պատրաստվում է անձամբ հանձնել նամակը, պատասխաններն ակնկալում է մինչեւ դեկտեմբերի 16-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է իմանալՙ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն անկա՞խ երկրներ են: Քոչարյանի որ երկրի քաղաքացի, ճակատային գործողություններից դուրս մարդ սպանած, անմեղ մարդու ազատազրկած լինել-չլինելը նույնպես հետաքրքրում է բանախոսին: Զոհերի առկայության դեպքումՙ անունների հրապարակման պահանջն էլ հարցերի շարքում է: Իսկ պատասխաններ ստանալը Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր համարեց միայն հակառակ կողմի ցանկության եւ տղամարդկության առկայության դեպքում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4