Նրան միացավ նաեւ Գյումրու քաղաքապետարանը
«Ես ուզում եմ իմանալՙ ովքե՞ր են հանրային այգիներում կառուցված կամ կառուցվող սրճարանների տերերը, ովքե՞ր են կտրել ու կտրում այգիների եւ անտառների ծառերը, ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ինչո՞ւ են քանդվում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, (օրինակ, հենց այս օրերին քանդվող Կենտրոնական բանկի կողքի քանդակազարդ ճակատով շենքը, որի նմանը եթե քանդվեր Վրաստանում կամ այլուր, առնվազն մշակութային վանդալիզմ պիտի համարեինք), ինչքա՞ն գումար է այս տարի ծախսվել պետական պաշտոնյաների արտասահմանյան ուղեւորությունների վրա, ինչո՞ւ է տատանվում դոլարի կուրսը» եւ այլն: Այս հարցերի պատասխանները, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իրավունք ունի ստանալու յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ոչ մեկիս, նույնիսկ լրագրողներիս դրանք մատչելի չեն. պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու դեպքում մեզ հիմնականում տրվում են քողարկված եւ անհամոզիչ բացատրություններ:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի», «Կոնգրես» հյուրանոցում երեկ անցկացված մրցանակաբաշխությամբ այս տարվա ամենաբաց գերատեսչությունը ճանաչվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը», տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս կիրառածըՙ «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության Աքիլլես» հասարակական կազմակերպությունը, տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած լրագրողըՙ «Առավոտ» թերթի իրավական հարցերով լրագրող Ռուզան Մինասյանը, իսկ տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ կիրառած քաղաքացինՙ Արմենուհի Գեւորգյանը: Բոլոր մրցանակակիրներին հանձնվեցին հրապարակայնության խորհրդանիշներՙ ոսկե բանալիներ:
Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչությունը համարվեց Գյումրու քաղաքապետարանը հետեւյալ գրության համար. «Գյումրու ավագանու կայացրած որոշումներին եւ 2005 թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է»: Հիշյալ գրության համար «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին ու մեկ օր անց էլեկտրոնային նամակով ստացել պահանջած տեղեկությունը:
Նախորդ տարվա պես Հայաստանի ամենափակ գերատեսչությունը ճանաչվեց Երեւանի քաղաքապետարանըՙ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներն ամենից վատ կատարելու պատճառով: Վերջին 2 մրցանակակիրներին ի բացակայության հանձնվեցին կողպեքներՙ որպես գաղտնիության խորհրդանիշ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հրատարակած «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի վերջին համարի «սեւ ցուցակում» են հայտնվել տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարած հետեւյալ պաշտոնյաներն ու հասարակական գործիչներըՙ Գյումրու «Բեռլին» մոր եւ մանկան կենտրոն-պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Ալթունյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Կանայք հանուն արդարության եւ ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Շիրինյանը, «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Վարդանյանը, Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Պետրոսյանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի ստորաբաժանման պետ Անատոլի Խաչատրյանը:
Հիշյալ անձինք խախտել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը այս տարվա հուլիս-հոկտեմբեր ամիսներին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ