«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2005-12-08 | #225, 2005-12-09 | #226, 2005-12-10


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՑ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ ԿՓՈՐՁԱՐԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 14-ից «Հայէկոնոմբանկն» առաջին անգամ կսկսի թողարկել նոր կորպորատիվ պարտատոմսեր: Երեկվա մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ֆինանսական նոր գործիքի կիրառումը նախ եւ առաջ նրա նկատմամբ շուկայի զգայունակության ստուգումն է: «Մեր նպատակը միջոցների ներգրավումը չէ, մենք դրա կարիքը չունենք, որովհետեւ աշխատում ենք միջազգային խոշոր ֆինանսաբանկային կառույցների հետ: Մեր նպատակն է ստուգել հայկական շուկայի վիճակը եւ հնարավո՞ր է կիրառել այդ գործիքը, թե ոչ»: Եթե շուկան ողջունի 200 մլն դրամ ծավալով պարտատոմսերի մուտքը, այսինքն, այդ 200 մլն-ն էլ ամբողջությամբ հաջողվի տեղաբաշխել, այդ ժամանակ բանկը կսկսի թողարկել ավելի երկարաժամկետ, այդ թվում` հիպոթեկային պարտատոմսեր:

Պարտատոմսերի թողարկման երկրորդ տրանշը նախատեսվում է փետրվար, մարտ ամիսներին, եւ հավանական է` կկատարվի եռամսյակը կամ կիսամյակը մեկ:

Սովորական բանկային ավանդից նոր պարտատոմսը շահեկան է այնքանով, որ ավելի կարճատեւ ներդրման տարբերակ է, եւ ի տարբերություն ավանդի, կարիքի դեպքում այն կարելի է վաճառել բրոկերական ընկերությանը, ընդ որում, հակառակ սովորական ավանդի` այդ ընթացքում եկամտի որեւէ կորուստ չունենալով:

Պարտատոմսերը թողարկվելու են ոչ թե փաստաթղթային, այլ էլեկտրոնային տարբերակով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը լինելու է 10 հազար դրամ: Թողարկվելու է 20 հազար պարտատոմս` տարեկան 6 տոկոս եկամտաբերությամբ: Իհարկե, հնարավոր է, որ հետագայում շուկան փոխի այդ տոկոսադրույքը:

Պարտատոմսերի գործողության ժամկետը 12 ամիս է: Դրանք շուկայում կտարածի «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն` ֆոնդային բորսայի միջոցով: Ֆինանսական շուկայի այս նոր դերակատարը հնարավորություն կտա աշխուժացնելու նաեւ ֆոնդային բորսայի գործունեությունը, նպաստելու նրա կայացմանը: Պարտատոմսերի վերաբերյալ որեւէ սահմանափակումներ չեն լինելու:

Ֆինանսական այս միջոցառման նորությունը նաեւ այն է, որ պարտատոմսերի թողարկման, մարման ու շրջանառության գործընթացներում բանկը ներգրավում է նաեւ շուկայի այլ մասնակիցների` ինվեստիցիոն, բրոկերային, խորհրդատվական ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, այսինքնՙ պարտատոմսերի միջոցով աշխատելու են նաեւ ֆոնդային շուկայի ենթակառուցվածքները:

Առաջացած միջոցները կուղղվեն հիպոթեկային շուկայի զարգացմանը:

Պարտատոմսերը թողարկվելու են USAID-ի «ՀՀ-ում արժեթղթերի շուկայի զարգացման ծրագրի» աջակցությամբ:

«Հայէկոնոմբանկը» հիպոթեկային շուկայում աշխատում է արդեն երրորդ տարին եւ առ այսօր տրամադրել է 3 ու կես մլն դոլարի հիպոթեկային վարկեր: «Ամեն տարի մենք արձանագրում ենք այս շուկայի աճի միտումներ, տեսնում ենք ավելի շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ստանալ այդ վարկը եւ սպասարկել», նշում է Աշոտ Օսիպյանը:

Այժմ բանկը տրամադրում է 5 տարի ժամկետով, 12-14 տոկոսով հիպոթեկային վարկեր: Տոկոսադրույքի չափը որոշվում է բալային համակարգով` վարկառուի գնահատման չափանիշներին համապատասխան:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, «Հայէկոնոմբանկը» մտադիր է 2006 թվականին 500 մլն դրամի հիպոթեկային պարտատոմսեր տեղաբաշխել: Բանկը հիպոթեկի զարգացման հույսը չի կապում միայն կորպորատիվ պարտատոմսերի հաջող մուտքի հետ: Նա այս նպատակով համագործակցում է նաեւ միջազգային դոնորների հետ: Մյուս տարի ակնկալվում են հիպոթեկային վարկի տոկոսադրույքի իջեցում մինչեւ 12 տոկոս եւ ժամկետի երկարացում մինչեւ 7-8 տարի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4