«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2005-12-09 | #226, 2005-12-10 | #227, 2005-12-13


ԼՂՀ ԱԳՆ. «ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Վահրամ Աթանեսյան. «Ղարաբաղն իր ներուժով մաս է կազմում Հարավկովկասյան անվտանգության համակարգին»

Եթե պատերազմի տարիներին եւ հրադադար հաստատելուն հաջորդած բանակցային գործընթացում Հայաստանի նախկին իշխանություններն ինչ-որ տեղ փորձում էին «թաքնվել» Ղարաբաղի թիկունքում, միջազգային հանրությանը ջանալով համոզել, թե հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, ապա Հայաստանի գործող իշխանություններըՙ չափից ավելի պատասխանատվություն վերցնելով, հետեւողականորեն Ղարաբաղին դուրս են մղում բանակցային գործընթացից:

Ըստ էության, ամբողջությամբ վերափոխվել է ղարաբաղյան հարցի մեթոդաբանությունը, եւ միջազգային հանրությունն այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը համարում է հիմնական խաղացողներ: Դրա անուղղակի ապացույցն է նաեւ այն, որ վաղը հերթական անգամ տարածաշրջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խումբը, անհեթեթ պատճառաբանությամբՙ «ժամանակի սղության պատճառով», չի այցելի Ստեփանակերտ: Եթե միջնորդների այցը լիներ սովորական, ապա հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, Ստեփանակերտ մեկնելուց նրանց հրաժարվելն ինչ-որ տեղ կարելի էր բնական ընկալել: Մինսկի խումբը կարգավորման առաջարկությունների նոր փաթեթն Արկադի Ղուկասյանին վաղը կփոխանցի Երեւանում: Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններից հետո միջնորդները կուղեւորվեն Բաքու:

Միջնորդների Ստեփանակերտ չայցելելու իրողությունը գնահատելու խնդրանքով «Ազգը» դիմեց ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին: «Եթե խնդրին մոտենանք խորքային ընկալմամբ, ապա միջնորդների Ստեփանակերտ չայցելելը սկզբունքորեն ոչինչ չի փոխում, որովհետեւ տարբերություն չկա, նրանք իրենց մոտեցումները ԼՂ ղեկավարությանը փոխանցում են Ստեփանակերտո՞ւմ, թե՞ Երեւանում», ասաց Աթանեսյանը:

Լյուբլյանայում դեկտեմբերի 5-6-ը տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքում եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկները նկատեցին, որ ղարաբաղյան կարգավորման հնարավորությունների պատուհան է բացվել, եւ կողմերն ազդանշաններ են տալիս խնդիրը լուծելու իրենց պատրաստակամության մասին: Նրանց լավատեսության հիմքում նաեւ այն հանգամանքն է, որ 2006 թ.-ին Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների տարի չէ:

Աթանեսյանը կարծում է, որ 2006 թ.-ին հակամարտությունը չի կարգավորվի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում ԼՂ դերի նվազմանը, ապա ԼՂՀ ԱԺ պատգամավորը կարծում է, որ այդ դերը մնացել է անփոփոխ: «ԼՂ-ն Հարավային Կովկասում կայացած երկիր է եւ իր ներուժով մաս է կազմում նաեւ Հարավկովկասյան անվտանգության համակարգին: Սխալվում են միջնորդները կամ եվրոպացի պաշտոնյաները, եթե գայթակղություն ունեն մտածելու, որ հակամարտությունը կկարգավորվի միայն Հայաստանի եւ Ադրբեջանի բարի կամքով»:

«Իմ տպավորությամբ, հակամարտության չկարգավորվածության պատճառը ո՛չ ընտրություններն են, ո՛չ կողմերի կոշտ դիրքորոշումը, այլ միջնորդների ընդհանուր եզրակացության չգալը: Այսինքնՙ եռանախագահությունը հստակ որեւէ վերաբերմունք չունի խնդրի կարգավորման նկատմամբ: Իսկ եռանախագահության անդամ երկրներըՙ ԱՄՆ-ը, Ֆրանսիան (Եվրոպա) եւ Ռուսաստանը տարածաշրջանում ունեն միմյանցից տարբերվող շահեր: Իմ տպավորությամբՙ հակամարտության չկարգավորվածությունը կամ կարգավորելու ցանկության բացակայության պատճառը հենց դա է: Ես չեմ ասում, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ են կարգավորմանը: Անշուշտ, պատրաստ չեն: Բայց նրանց պատրաստ չլինելուն օժանդակում է նաեւ միջնորդների կամքի բացակայությունը», ասաց Աթանեսյանը:

Անցնող շաբաթավերջին ԼՂՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրությունՙ ԼՂ անկախության հանրաքվեի 14-րդ տարեդարձի առիթով: Հաղորդագրությունում նշվում է, որ «որեւէ մեկը չպետք է պատրանքներ ունենա. վերադարձ դեպի անցյալ տեղի չի ունենալու»: «Չնայած ներկայումս միջազգային հանրությունը ԼՂՀ-ն ընկալում է որպես փաստացի կայացած պետություն եւ տարածաշրջանային անվտանգության էական գործոն, սկսել են հնչել ժամանակը հետ շրջելու կոչեր, վերադարձ անցյալին, որից մեզ բաժանում է երիտասարդների մի ողջ սերունդ, որը երբեք չի տեսել այն կամայականությունը, խտրականությունը եւ բռնությունը, որոնց ենթարկվել են իրենց ծնողներն Ադրբեջանում»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4