ԼՂՀ խորհրդարանը դեկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2006 թվականի պետբյուջեն: Ինչպես եւ ակնկալվում էր, խորհրդարանում ունեցած իր երեք ձայնով դեմ քվեարկեց միայն «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը, ձեռնպահ չեղավ:
Այսպիսով, 2006 թ. ԼՂՀ համախմբված բյուջեն կկազմիՙ եկամուտների գծովՙ 28112 մլն դրամ, ծախսերի գծովՙ 30312 մլն դրամ, դեֆիցիտըՙ 2200,0 մլն դրամ:
ԱԺ նիստում ելույթ ունենալով, վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ կառավարությունը կատարել է իր խոստումըՙ 4 տարվա ընթացքում կրկնապատկելով երկրի ՀՆԱ-ն: Ըստ վարչապետիՙ 2002 թվականի համեմատությամբ քառակի ավելացել են սեփական եկամուտները, ինչը անգերազանցելի ցուցանիշ է անգամ տարածաշրջանային մասշտաբով: Խնդիրն այն է, որ այսուհետեւ պահպանվեն այդ տեմպերը: Զարգացման առումով 2006 թ. բյուջեն զիջում է նախորդ տարիների բյուջեներին, որոնց իներցիայով կապահովվի «Բյուջե-2006»-ի զարգացումը:
Ա. Դանիելյանը քննադատեց խորհրդարանական ընդդիմության գնահատումները մասնավորապես հիպոթեկային ծրագրի մասով: Նա տեղեկացրեց, որ հիպոթեկային ծրագիրը կառավարությունում սկսել է մշակվել երկու տարի առաջ, եւ եկող տարվանից դրա իրականացման գործընթացն սկսելը պետք է դրական գնահատել: Նա շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ միայն գումարի պակասությունը չէ հիպոթեկի դանդաղման պատճառը, այլեւ երկրում օրենսդրական դաշտի բացակայությունը:
Թոշակների բարձրացման անհրաժեշտության մասին արված առաջարկությունների կապակցությամբ նա զարմանք հայտնեց, որ կառավարությանը ներկայացված առաջարկություններում խոսք չի եղել աշխատավարձերի բարձրացման մասին, որովհետեւ հենց դրանցից են գոյանում թոշակները: Իսկ ահա կապիտալ շինարարության ծավալները կրճատելու եւ դրա հաշվին թոշակները բարձրացնելու պնդումը նա անհիմն համարեց:
Պետք է առաջնահերթել սերունդների շահերի պահպանումը, համոզմունք հայտնեց վարչապետը, որպեսզի գալիք սերունդները դժգոհ չմնան մեզանից: Այս առումով նա գոհունակություն հայտնեց, որ կառավարությանը հաջողվել է սերունդների շահերի բախումը բյուջեից դուրս թողնելՙ բյուջեի պարտքերը մարելով:
Լարված բյուջե է լինելու, ավելացրեց Ա. Դանիելյանը, բայց ամեն ինչ կարվի հաջողությամբ կատարելու համար:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից բյուջեի իրականացման գործում կառավարությանը աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ