«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2005-12-09 | #226, 2005-12-10 | #227, 2005-12-13


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑԱՌԻԿ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Պրոֆ. Յուրի Բարսեղովի կազմած ժողովածուն ունի նաեւ պրակտիկ քաղաքական նշանակություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստի առջեւ կանգնեցրեց թուրքական իշխանություններին: Գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով նրանք դիմեցին հակաքայլերի: Ժխտողականությունը դարձավ այդ հակաքայլերի առանձնահատկությունը: Դրա «հիմնավորմանը» ձեռնամուխ եղավ դեռեւս նախորդ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի օրոք «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների» դեմ պայքարի կարգադրություն ստացած Թուրքական պատմական ընկերությունըՙ հրատարակելով «Թուրքերի նկատմամբ հայերի իրագործած եղեռնը» թեմայով մի շարք աշխատություններ:

Այդ ընթացքում Թուրքիայում վարչապետարանին առընթեր գործող արխիվների պետական վարչությունը, դիմելով օտարերկրյա գիտնականներին, հրավիրեց նրանց, որ ծանոթանան այսպես կոչված ճշմարտությունը բացահայտող արխիվային փաստաթղթերին:

Արխիվների պետական վարչության հրավերը որեւէ արձագանք չի ստացել: Թուրքական պատմական ընկերության հրապարակումներն ընդամենը հանգեցրել են ժխտողականության դիրքերի սպառմանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումն ի հայտ է բերել թուրքական հակաքայլերի սնանկությունը: Ավելին, գործընթացի ծավալմանը զուգընթաց հետզհետե օրակարգ է մտնում ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը: Մեծ եղեռնի զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու ամերիկյան եւ ֆրանսիական ապահովագրական ընկերությունների պատրաստակամությամբ ընդգծվում է հարցի արդիականությունը:

Սակայն դրա միջազգայնացման համար անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պատասխանատվության եւ միջազգային հանրության պարտավորությունների գիտական հիմնավորումը: Դա իր հերթին անհրաժեշտ է դարձնում, որ հիմնավորվի նաեւ Հայոց ցեղասպանությունը սոսկ 1915 թ.-ով սահմանափակելու սնանկությունը: Թերեւս այս ամենի առումով չափազանց լուրջ ներդրում է «Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն ու միջազգային հանրության պարտավորությունները: Փաստաթղթեր եւ մեկնաբանություններ» վերնագրով Մոսկվայում հրատարակված ռուսերեն երկհատոր ժողովածուն:

Ռուսաստանի հայերի միության ու Մոսկվայում միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի համատեղ ջանքերով հրատարակված այս ժողովածուն կազմել է իրավագիտության դոկտոր, պրոֆ. Յուրի Բարսեղովը: Նա միաժամանակ ժողովածուի պատասխանատու խմբագիրն է, գրել է աշխատության առաջաբանն ու մեկնաբանությունները, իսկ վերջաբանըՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Աշխատության առաջին հատորը լույս է տեսել 2002 թ., իսկ երկու մասից կազմված երկրորդ հատորի առաջին եւ երկրորդ մասերըՙ համապատասխանաբար 2003 եւ 2005 թթ.:

Ժողովածուն բաղկացած է յոթ բաժիններից, որոնցից առաջինում ընդգրկված են ցեղասպանության համար պետությունների ու անհատների պատասխանատվությունն ընդհանուր նորմերին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան հաստատող փաստաթղթերը: Երկրորդ եւ երրորդ բաժիններում զետեղված են 1876-1923 թթ. իրագործված կոտորածներում ինչպես թուրքերի, այնպես էլ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի պատասխանատվությանն անմիջականորեն առնչվող այն բոլոր փաստաթղթերը, որոնք պաշտոնական բնույթ են կրում:

Չորրորդ բաժնում ընդգրկված են Թուրքիայի պատասխանատվության մասին միջազգային իրավունքի եւ ցեղասպանության գծով փորձագետների կարծիքները, իրավաբանական մարմինների համապատասխան եզրակացություններն ու դատավճիռները: Հինգերորդ բաժինը նվիրված է Հայկական հարցի քաղաքական պատմությանը: Վեցերորդում ներառված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտացոլող փաստաթղթերը, իսկ յոթերորդումՙ մեկնաբանությունները, որոնք, ընդգծելով ժողովածուի կարեւորությունը, միաժամանակ ընդգծում են ցեղասպանության հետեւանքների վերացման առումով դրա նշանակությունը:

Մեկնաբանությունների բաժնում քաղաքական գնահատական է տրվում Հայկական հարցին առնչվող միջազգային բոլոր պայմանագրերին, որոնց թվում են նաեւ Կարսի, Մոսկվայի եւ Լոզանի պայմանագրերը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ դոկտոր, պրոֆ. Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն ու միջազգային հանրության պարտավորությունները» ժողովածուն հայկական իրականությունում եզակի է ոչ միայն փաստաթղթերի ընտրության եւ դրանց մեկնաբանությունների, այլեւ Հայկական հարցին միջազգային իրավունքի տեսանկյունից մոտեցման եւ հարցին առնչվող միջազգային պայմանագրերի գնահատման առումով:

Կարծում ենք, ժողովածուի թարգմանությունը անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն, որպես լուրջ ներդրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալմանը նպաստելիս միաժամանակ կնպաստի ցեղասպանության հետեւանքների վերացման նախադրյալների ստեղծմանը: Թերեւս դրանով միջազգային բնույթ կստանա նաեւ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը, իսկ դրա համադրումը միջազգային ճանաչման հարցի հետ զգալիորեն կսահմանափակի Մեծ եղեռնի պատասխանատվությունից խուսափելու Թուրքիայի հնարավորությունները: Այս հանգամանքը, բացի գիտականից, պրակտիկ նշանակություն է հաղորդում վերոհիշյալ ժողովածուինՙ դարձնելով բացառիկ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4